Տեսարժան վայրեր
Countres / Bulgaria / Տեսարժան վայրեր

Բուլղարիան առանձնահատուկ երկիր է, որտեղ դարերի պատմությունն ու տպավորիչ բնապատկերները միավորվում են առանձնահատուկ կերպով։ Կայսրությունների վերելքն ու անկումը վերապրած եւ լեռնային հովիտներում ծվարած միջնադարյան վանքերը եւ հնագույն քաղաքները երկիրը ներկայացնում են մշակութային եւ բնական հուշարձանների լայն ընտրանի։

Բուլղարիայով ճանապարհորդող զբոսաշջիկներին սպասվում հռոմեական թատրոնների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանքերի, լեռնային լճերի եւ դեպի Սեւ ծով նայող պատմական քաղաքների լայն ընտրանի։ Այս վայրերից մի քանիսը առանձնանում են իրենց պատմական նշանակությամբ, բնական գեղեցկությամբ եւ մշակութային արժեքով։ Սրանցից յուրաքանչյուրը ինքնատիպ է եւ լի է հետաքրքրաշարժ պատմություններով։

Ռիլայի Վանական Համալիր
Ռիլայի լեռների անտառապատ լանջերի խորքում թաքնված է Բուլղարիայի ամենաթանկարժեք մշակութային հուշարձաններից մեկը՝ Ռիլայի վանքը։ Այս վանական համալիրը Բուլղարիայի ամենամեծ եւ ամենահայտնի հոգեւոր կենտրոնն է։ Այն հիմնադրվել է 10-րդ դարում ճգնավոր Սուրբ Իվան Ռիլացու կողմից եւ դարերի ընթացքում վերածվել է բուլղար ժողովրդի հոգեւոր եւ մշակութային կարեւոր կենտրոններից մեկը։ Երկար ժամանակ այն եղել է ազգային ինքնության խորհրդանիշ, հատկապես այն ժամանակներում, երբ Բուլղարիան պայքարում էր իր լեզուն եւ ավանդույթները պահպանելու համար։

Մեր օրերեում վանքը հայտնի է իր տպավորիչ ճարտարապետությամբ՝ սև ու սպիտակ գծավոր կամարներով, գունավոր որմնանկարներով եւ կենտրոնական եկեղեցով, որի գմբեթները վեր են խոյանում լեռնային բնապատկերի ֆոնին։

Ռիլայի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում եւ համարվում է Բալկանների ամենատպավորիչ մշակութային եւ հոգեւոր հուշարձաններից մեկը։

Յոթ Ռիլայան Լճեր
Ռիլայի լեռների բարձրադիր հատվածում գտնվում է Բուլղարիայի ամենատպավորիչ բնական տեսարժան վայրերից մեկը՝ Յոթ Ռիլայան լճերը։ Այս լճերը ձեւավորվել են հնագույն սառցադաշտերի արդյունքում եւ շղթայաձեւ ցած են իջնում լեռնալանջերով։ Յուրաքանչյուր լիճ ունի իր յուրօրինակ ձեւն ու անունը, օրինակ՝ «Աչք», «Երիկամ» եւ «Արցունք»։ Լճերը շրջապատված են ալպիական մարգագետիններով եւ լեռնագագաթներով՝ ստեղծելով մի բնապատկեր, որը միաժամանակ և՛ դրամատիկ է, և՛ խաղաղ։

Ամռանը այս տարածքը դառնում է Բուլղարիայի ամենահայտնի արշավային ուղղություններից մեկը՝ առաջարկելով հիասքանչ տեսարաններ եւ հնարավորություն՝ զգալու Ռիլայի լեռների մաքուր ու անաղարտ բնությունը։

Պատմական Պլովդիվ
Քիչ եվրոպական քաղաքներ կարող են պարծենալ այնքան բազմաշերտ պատմությամբ, որքան Պլովդիվը։ Նրա պատմական մասը պահպանում է հազարավոր տարիների քաղաքակրթությունների շերտերը։ Տեղի սալապատ փողոցներով քայլելիս կարելի է տեսնել Բուլղարական ազգային վերածննդի ժամանակաշրջանի գեղեցիկ տներ՝ վառ գույներով ներկված եւ փայտե փորագրված պատշգամբներով։

Հին քաղաքի կենտրոնում գտնվում է հիանալի պահպանված Ֆիլիպոպոլիսի հռոմեական թատրոնը, որը մինչ այսօր օգտագործվում է համերգների եւ մշակութային միջոցառումների համար։

Հնագույն ավերակների, պատմական ճարտարապետության եւ կենդանի մշակութային կյանքի համադրությամբ Պլովդիվի հին քաղաքը համարվում է Հարավարեւելյան Եվրոպայի ամենահմայիչ պատմական թաղամասերից մեկը։

Պատմական Նասեբար
Սև ծովի բուլղարական ափին է գտնվում պատմական Նասեբար քաղաքը, որը տեղակայված է փոքրիկ քարքարոտ թերակղզու վրա եւ մայրցամաքին միացված է նեղ ցամաքային հատվածով։ Ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունեցող այս քաղաքը կրել է թրակյան, հունական, հռոմեական, բյուզանդական եւ բուլղարական քաղաքակրթությունների ազդեցությունը։ Քաղաքի նեղ փողոցները անցնում են ավանդական փայտե տների եւ բազմաթիվ միջնադարյան եկեղեցիների միջև, որոնցից շատերը կառուցվել են 10-ից 14-րդ դարերի ընթացքում։

Այս բացառիկ պատմական ժառանգության շնորհիվ Նասեբարի պատմական հատվածը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում եւ համարվում է Սև ծովի ամենատպավորիչ պատմական վայրերից մեկը։

Ցարևեց Ամրոց
Դանուբի աջ վտակի՝ Յանտրայի հարեւանությամբ է տեղակայված Ցարեւեց ամրոցը, որը Վելիկո Տիռնովոյի մարզի ամենանշանավոր տեսարժան վայրն է։ Միջնադարում այս ամրոցը ժամանակին եղել է Երկրորդ Բուլղարական կայսրության քաղաքական եւ հոգեւոր կենտրոնը։ Նրա ամրացված պարիսպներից ներս եղել են թագավորական պալատներ, եկեղեցիներ եւ այստեղ է եղել նաև բուլղար պատրիարքի նստավայրը։ Այսօր այցելուները կարող են քայլել վերականգնված պարիսպներով, բարձրանալ դեպի բլրի գագաթին գտնվող Պատրիարքական տաճարը եւ վայելել շրջապատող բլուրների ու գետի հովտի գեղեցիկ տեսարանները։

Ցարևեցի ամրոցը շարունակում է մնալ Բուլղարիայի միջնադարյան ժառանգության ամենահզոր խորհրդանիշներից մեկը։

Մագելլանյան Դիտարկումներ
Մագելլայնի տեսանկյունից Բուլղարիան մի երկիր է, որտեղ Եվրոպայի պատմությունն ու բնությունը ապրում են ներդաշնակ համադրությամբ։ Հնագույն վանքերը թաքնված են լեռնային անտառների մեջ, միջնադարյան ամրոցները նայում են գետերի հովիտներին, իսկ պատմական քաղաքները շարունակում են դարերով պահպանված ավանդույթները։ Բուլղարիայով ճանապարհորդելը ոչ միայն բնապատկերներով լի արշավ է, այլ նաև ճանապարհորդություն պատմության բազմաթիվ շերտերի միջով։