Մագելլայն. Փնտրե´ք Հիմա։ Գտե´ք հիանալի առաջարկներ՝ թռիչքներ, հյուրանոցներ, տուրեր եւ այլ ծառայություններ:
Զբոսաշրջությամբ Գրավիչ Երկրները
Ճանապարհորդե´ք աշխարհով մեկ, այցելե´ք լավագույն երկրները: Բացահայտե´ք տարբեր մշակույթներ, տպավորիչ տեսարժան վայրեր եւ գեղեցիկ քաղաքներ, որոնք խոստանում են անմոռանալի հիշողություններ....
Ուղեցույց
Ֆրանսիական Պոլինեզիա
Ֆրանսիական Պոլինեզիան գտնվում է աշխարհի ամենահեռավոր ու միաժամանակ ամենագեղեցիկ տարածաշրջաններից մեկում՝ Խաղաղ օվկիանոսի հարավում։ Այն բաղկացած է ավելի քան հարյուր կղզիներից, որոնք իրենց հերթին բաժանված են հինգ կղզախմբերի եւ տարածվում են օվկիանոսի այնպիսի հսկայական տարածքի վրա, որը համատեղելի է ողջ Արևմտյան Եվրոպայի հետ։
Այստեղ հեռավորությունն է որոշում ամեն ինչ։
Հորիզոնը թվում է անվերջ, ծովածոցերը փայլում են կապույտ երանգներով, իսկ հրաբխային լեռները ծովից վեր են խոյանում՝ կարծես կանաչ տաճարներ լինեն կորալային խութերի մեջ։
Շատ ճանապարհորդների համար Ֆրանսիական Պոլինեզիան Խաղաղ օվկիանոսը ամենաիդեալակն ձեւով բնութագրող հանգստավայրն է։ Տեղի կղզիները միայն պարզապես գեղեցիկ լողափեր չեն՝ դրանք հազարավոր տարիների ընթացքում Խաղաղ օվկիանոսի ազդեցության տակ ձեւավորված մշակույթներ են։
Նավարկության Ազդեցության Տակ Ձեւավորված Մշակույթ
Եվրոպական նավերի հայտնվելուց շատ առաջ պոլինեզիական նավաստիները հազարավոր կիլոմետրեր էին անցնում բաց օվկիանոսով՝ առաջնորդվելով աստղերով, քամիներով եւ ծովային հոսանքներով։ Նրանք բնակեցրեցին Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներ՝ ձեւավորելով մշակույթներ, որոնք խորապես փոխկապակցված էին ծովի հետ։
Այս ավանդույթները այսօր էլ ապրում են կղզիներում։
Պարերը, թմբուկների ռիթմերը, դաջվածքների արվեստը, նավակաշինությունը եւ կենդանի լեգենդները շարունակում են արտահայտել մի մշակույթ, որի հիմքում օվկիանոսն է։
Չնայած Ֆրանսիայի հետ քաղաքական կապին՝ պոլինեզիական լեզուն, սովորույթներն ու ինքնությունը շարունակում են մնալ կղզիների կյանքի կենտրոնում։
Հրաբուխներ Եւ Կորալներ
Ֆրանսիական Պոլինեզիայի հեքիաթային բնաշխարը ձեւավորվել է բնության հզոր ուժերով։ Շատ կղզիներ առաջացել են օվկիանոսի հատակից բարձրացած հրաբուխների արդյունքում։ Ժամանակի ընթացքում դրանց շուրջ ձեւավորվել են կորալային խութեր, որոնք ստեղծել են պաշտպանված ծովածոցեր։ Արդյունքում ստացվում է զարմանալի հակադրություն բարձր լեռնաշղթաների եւ հանգիստ ափամերձ ջրերի միջև։
Որոշ կղզիներ առանձնանում են խիտ բուսականությամբ ծածկված հրաբխային լեռնաշղթաներով եւ արեւադարձային հովիտներում թաքնված ջրվեժներով։ Մյուսները կորալային ատոլներ են, որտեղ ցամաքը կարծես նեղ օղակ լինի՝ շրջապատելով հսկայական ծովածոցերը: Այս աշխարհագրական բազմազանությունը ստեղծում է բնապատկերների անսովոր բազմազանություն ամբողջ տարածքում։
Հինգ Արշիպելագ
Ճանապարհորդների մեծ մասը առաջին հերթին պատկերացնում է Ընկերության կղզիները։ Տահիտին, Մուրեան եւ Բորա Բորան իրենց ծովածոցերից բարձրանում են որպես զառիթափ կանաչ լեռներ։ Դրանք հին հրաբուխների մնացորդներ են, որոնք այժմ շրջապատված են մարջանե խութերով։ Արեւելքում Տաումոտու կղզիներն են՝ մոտ ութսուն ցածրադիր ատոլ, որտեղ ցամաքը ավազի ու արմավենիների բարակ օղակ է ծովածոցի շուրջը։ Ռանգիրոայի ծովախորշը այնքան մեծ է, որ նրա մեջ կտեղավորվեր ամբողջ Թաիթի կղզին։
Մարկիզյան կղզիները, որ գտնվում են հեռու հյուսիսարեւելքում, գրեթե խութեր չունեն։ Նրանց ժայռերն ուղիղ իջնում են մութ ու անհանգիստ ծովը։ Պոլ Գոգենն իր վերջին տարիներն անցկացրել է Հիվա Օա կղզում եւ թաղված է Ատուոնա գյուղում, բելգիացի երգիչ Ժակ Բրելի գերեզմանից ընդամենը մի քանի քայլ հեռու։ Հարավում Ավստրալ կղզիներն ավելի զով ու խաղաղ են, և հուլիսից հոկտեմբեր սապատավոր կետերը գալիս են Ռուրուտուի ափեր՝ ձագեր ունենալու։ Գամբիե կղզիները, որոնք բոլորից հեռավորն են, հայտնի են սև մարգարիտներով, որոնք աճեցնում են Մանգարեւայում։
Առօրեական Կյանքը Կղզիներում
Չնայած իր հեռավորությանը՝ Ֆրանսիական Պոլինեզիան ժամանակակից ու կենսունակ հասարակություն է։ Մայրաքաղաք Պապեետեն, որը գտնվում է Տահիտիե կղզում, հանդիսանում է տարածաշրջանի տնտեսական եւ մշակութային կենտրոնը։ Նրա շուկաները, նավահանգիստը եւ սրճարանները համադրում են պոլինեզիական ջերմությունն ու ֆրանսիական ազդեցությունը։
Այլ կղզիներում կյանքը ավելի խաղաղ ռիթմով է ընթանում։ Առավոտյան ձկնորսական նավակները վերադառնում են ծովից, շուկաներում վաճառվում են արեւադարձային մրգեր եւ ձեռագործ իրեր, իսկ ընտանիքները հավաքվում են միասնական ընթրիքի շուրջ։
Ճանապարհորդների համար սա հնարավորություն է տեսնելու այնպիսի վայրեր, որտեղ բնությանը վճռորոշ դեր է խաղում առորեական կյանքում։
Ֆրանսիական Պոլինեզիայի Խոհանոցը
Ֆրանսիական Պոլինեզիայի խոհանոցը ձեւավորվել է պոլինեզիական ավանդույթների եւ ֆրանսիական խոհարարական մշակույթի միաձուլմամբ։ Ամենահայտնի տեղական ուտեստներից մեկը պուասոն կրյուն (poisson cru) է՝ հում ձուկը լայմի հյութով եւ կոկոսի կաթով պատրաստված թարմ ուտեստ, որը հաճախ համարվում է Տահիտիի ազգային ուտեստը։
Ծովամթերքը կարեւոր դեր ունի կղզիների սննդակարգում։ Թունան, մահի մահին (mahi-mahi) կամ խութային ձկները հաճախ մատուցվում են թարմ կամ տապակած տարբերակով։
Կղզիներում առատ են նաև արեւադարձային մրգերը՝ պապայա, մանգո, արքայախնձոր, բանան եւ կոկոս։
Ֆրանսիական ազդեցությունը զգացվում է հացաբուլկեղենի եւ ռեստորանային մշակույթի մեջ։
Կղզիները հայտնի են նաև իրենց Տահիտի վանիլով, որը համարվում է աշխարհի ամենաբուրավետ տեսակներից մեկը։ Շատ այցելուների համար մայրամուտին սառը Հինանո (Hinano) գարեջուրն ամբողջացնում է պատկերը։
Տոնակատարությունները Եւ Ազգային Տոներ
Տոնակատարությունները կարեւոր տեղ ունեն կղզիների մշակույթում։ Ամենանշանավոր մշակութային փառատոնը Հեյվա ի Թաիթի (Heiva i Tahiti) փառատոնն է, որը անցկացվում է ամեն տարի հուլիսին։ Այդ ժամանակ պարի խմբերը, երաժիշտները եւ մարզիկները մասնակցում են ավանդական մրցույթների՝ թմբուկների երաժշտություն, պոլինեզիական պարեր եւ ավանդական ծովային մրցումներ։
Քանի որ Ֆրանսիական Պոլինեզիան Ֆրանսիայի արտասահմանյան տարածք է, այստեղ նշվում են նաև ֆրանսիական ազգային տոները։ Բաստիլի օրը՝ հուլիսի 14-ը, նշվում է շքերթներով, երաժշտությամբ եւ հրավառություններով։
Ի՞նչն Է Գրավում Ճանապարհորդներին.
Ֆրանսիական Պոլինեզիան գրավում է ճանապարհորդներին իր բացառիկ բնությամբ։ Բորա Բորայի ծովածոցերը, Մոորեայի լեռները եւ Տուամոտու կղզախմբի կորալային ատոլները դասվում են Խաղաղ օվկիանոսի ամենագեղեցիկ վայրերի շարքին։ Այստեղ ժամանակը կարծես դադար է առնում, իսկ առորեկան կյանքը հետեւում է օվկիանոսի ալիքներին։
Մագելանի Կղզին
1521 թվականի հունվարին Մագելանի նավատորմն արդեն երկու ամիս հատում էր Խաղաղ օվկիանոսը։ Անձնակազմը ստիպված էր սնվել ծովաջրով թրջված փայտի թեփով եւ կաշվով, իսկ նավերում լայն տարածում էր գտել լնդախտը։ Այդ պահին հայտնվեց մի փոքրիկ կղզի՝ առաջին ցամաքը Ֆրանսիական Պոլինեզիայում, որը երբևէ տեսել էին եվրոպացիները։ Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ դա Տուամոտու կղզեխմբում գտնվող Պուկա-Պուկա կղզին էր։ Մագելանն այն անվանեց Սան Պաբլո, սակայն նավաստիները չկարողացան խարիսխ գցելու տեղ գտնել, եւ նավերը դատարկ պահեստարաններով ստիպված էին շարունակել իրենց ուղին։
Մագելլանյան Դիտարկումներ
Նույն օվկիանոսը, որը գրեթե կործանեց Մագելանի անձնակազմին, դարեր շարունակ եղել է պոլինեզիացի ծովագնացների տունը։ Նրանք գիտեին կղզիների տեղը դեռ նախքան դրանք տեսնելը։ Նրանք կարդում էին այդ մասին թռչունների միջոցով, ջրի գույնից եւ այն բանից, թե ինչպես էին ալիքները գալարվում ցամաքի շուրջը։ Այսօր այստեղ հասնելու համար պահանջվում է հեռահար թռիչք Փարիզից, Լոս Անջելեսից կամ Օքլենդից, սակայն տեղ հասնելուն պես դեռևս զգացվում է այս վայրի ահռելի մասշտաբը։ Դուք իջնում եք մի կղզու վրա, հորիզոնում տեսնում հաջորդը եւ սկսում հասկանալ, թե ինչու են տեղացիները միշտ ծովին նայել որպես ճանապարհի։ Մագելանի ճանապարհորդությունից ավելի քան 500 տարի է անցել, եւ այսօր, նրա հետքերով, այստեղ է Մագելլայնը։
Բուսան
Բուսանը Հարավային Կորեայի ամենամեծ ծովափնյա քաղաքն է եւ ամենաաշխույժ նավահանգիստը։ Այն գտնվում է թերակղզու հարավարեւելյան ծայրում, եւ թվում է՝ նրա յուրաքանչյուր փողոց ձգվում է դեպի ջուրը։ Նավահանգիստը լի է ձկնորսական նավակներով, թաղամասերը սեղմված են լեռների եւ ափի միջեւ, իսկ աղի ու խորոված ձկան բույրը ուղեկցում է ձեզ նույնիսկ մետրոյում։ Կորեայի երկրորդ քաղաքում չկա Սեուլին բնորոշ առօրեական դինամիկան։ Այն ապրում է իր ամենօրյա ռիթմով՝ աղմկոտ, ջերմ, առանց այլեւայլությունների եւ մի փոքր կոպիտ. եւ հենց դա էլ գրավում է ճանապարհորդներին։
Պատմություն Կերտած Քաղաք
Բուսանը դարեր շարունակ եղել է կարորագույն առեւտրային նավահանգիստ Ճապոնիայի եւ ամբողջ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ։ Նրա պատմության նշանակալից շրջանը Կորեական պատերազմն էր, երբ քաղաքն այդպես էլ մնաց կանգուն եւ դարձավ Հարավի ժամանակավոր մայրաքաղաքը։ Հարյուր հազարավոր փախստականներ լցվեցին այստեղ ու տներ կառուցեցին, որտեղ կարող էին, հաճախ զառիթափ լանջերին՝ օգտագործելով ձեռքի տակ եղած ցանկացած նյութ։ Այսօրվա Բուսանի մեծ մասն սկիզբ է առել հենց այդ տարիներից։ Նամ շրջանի ՄԱԿ-ի հուշահամալիր գերեզմանատունը, աշխարհում միակն է իր տեսակի մեջ, այն լուռ ու արժանապատվորեն է այդ հիշողությունը կրում է իր մեջ՝ խնամված մարգագետինների եւ բազմաթիվ երկրների դրոշներով եզերված։
Բուդդայականությունն այստեղ նույնքան խոր արմատներ ունի։ Բոմոսա տաճարը, որը հիմնադրվել է VII դարում Գոմձոնգ լեռան լանջերին, մինչ օրս անտառային արահետներով ընդունում է վանականներին ու այցելուներին: Բոմոսա տաճարի մոտ կա մոտ 6500 վիստերիայի ծառեր, եւ ամեն տարի գարնանը, երբ ծառերը փթթում են, ստեղծվում է հազվագյուտ տեսարան, որը եզակի է իր գեղեցկությամբ ողջ կորեական թերակղզում։ Բոմսա արժի այցելել նաև այստեղ պահվող հռչակավոր զանգի համար, որը պատրաստվել է Չոսոն դինաստիայի օրոք եւ ունի 127 սանտիմետր բարձրություն, իսկ շրջանային հատվածի տրամագիծը կազմում է 92,5 սանտիմետր։ Զանգը պատված է փորագիր արձանագրություններով, որտեղ արձանագրված է ստեղծման տարեթիվը, քաշը, ստեղծողի անունը եւ թե ում է նվիրված զանգը։
Վայրեր, Որտեղ Պետք է Այցելել
Փախստականների կողմից զառիթափ լանջին կառուցված Կամչխոն մշակութային նրբագեղ, բաց եւ մեղմ երանգներով տների ընդարձակ կասկադ է՝ որմնանկարներով, փոքրիկ պատկերասրահներով եւ տանիքներից դեպի նավահանգիստ բացվող տեսարանով: Հագե´ք հարմարավետ կոշիկներ. այստեղ աստիճանները անվերջ են թվում։
Հեդոն Յոնգունսան Կորեայի այն հազվագյուտ տաճարներից է, որոնք կանգնած են հենց ծովի ափին։ Ալիքները բախվում են ափամերձ ժայռերին, իսկ արեւածագին ամբողջ վայրը թաղվում է վառ ոսկեգույնի եջ։ Այս տաճարը կորեական բուդդիզմի Ջոգյե միաբանության հայտնի վանքերից մեկն է։ Կառուցվել է վանական Նաոնի կողմից Կորյո ժամանակաշրջանի վերջում՝ «Պոմունսա» անվամբ։ Կորեայի վրա ճապոնական ներխուժումների ժամանակ վանքը այրվել է, եւ պատերազմից հետո վանական Ունգանը սկսել է տաճարի վերակառուցումն ու ընդլայնումը։
Հեունդեը համարվում է ամենահայտնի լողափը՝ ավազից կազմված երկար աղեղ՝ բարձրահարկ շենքերի ֆոնի վրա: Գվանգալլին ավելի երիտասարդ եւ աշխույժ է, նրա սրճարանները նայում են Գվանգան կամրջին, որը լուսավորվում է գիշերը: Յոնդո կղզում Թեջոնդեի ժայռերն ուղիղ ծովն են իջնում, եւ տեղական արահետները բացահայտում են Բուսանը իր ամենաանհավանական տեսքով։
Ջրի մոտ, Չագալչի ձկան շուկայում, Բուսանի ամենօրյա եռուզեռն է իշում։ Ակվարիումների շարքերում պահվում են ութոտնուկներ, օձաձկներ, խեցգետիններ եւ այնպիսի արարածներ, որոնց դուք, հավանաբար, երբեք չեք տեսել: Կանայք, որոնք տեղացիների շրջանում հայտնի են որպես «Ջագալչի Աջիմաե», սերունդներ շարունակ եղել են այս շուկայի խորհրդանիշը: Ձուկն ընտրեք ներքեւում, եւ վերեւի հարկում այն կպատրաստեն ձեզ համար։
Խոհանոցը
Բուսանում ուտում են այլ կերպ, քան Կորեայի մնացած մասում։ Թվեջի գուկպապը (dwaeji gukbap)՝ խոզի մսով եւ բրնձով կաթնագույն ապուրը, քաղաքի ամենասիրելի եւ տարածված կերակուրն է. այն ուտում են օրվա ցանկացած ժամի՝ կանաչ սոխով ու մի գդալ աղած մանր ծովախեցգետնով։ Միլմյոնը (milmyeon)՝ սառը ցորենի արիշտան սառցե արգանակում, ծնվել է պատերազմի տարիներին, երբ հյուսիսից եկած փախստականներն իրենց հնդկաձավարի արիշտան հարմարեցրին ձեռքի տակ եղած ալյուրին։ Օմուկ (eomuk) կոչվող ձկան կոտլետները (fish cake) տեղի հպարտությունն են։ Դրանք վաճառում են ամեն անկյունում՝ տաք, շամփուրների վրա, մի բաժակ արգանակով։
Նամպո թաղամասում փնտրեք սսիաթ հոտտոկ (호떡 կամ Nampo Dong)՝ քաղցր տապակած բլիթներ, որոնք կտրում ու լցնում են արեւածաղկի եւ դդմի սերմերով։ Այն տաք հաց է, որը պատրաստվում է տտոկով, շաքարով եւ ալյուրով։ Իսկ եթե հայտնվեք Դոննեում՝ հին քաղաքում, պատվիրեք Դոննե փաջոն (Dongnae pajeon)՝ կանաչ սոխով հաստ բլիթ, որը ժամանակին մատուցում էին արքունիքին։
Տոներ Եւ Ավանդույթներ
Ամեն հոկտեմբեր Բուսանի Միջազգային Կինոփառատոնը քաղաքը լցնում է ռեժիսորներով, դերասաններով ու ֆիլմի սիրահարներով, եւ այն մինչ օրս Ասիայի ամենակարեւոր կինոիրադարձությունն է։ Աշնանը Բուսանի հրավառությունների փառատոնը Գվանալին վերածում է դեմքերի ծովի, որոնք նայում են, թե ինչպես է կամուրջը պայթում գույներով։ Գարնանը՝ Բուդդայի ծննդյան տոնից առաջ, տաճարները ծածկվում են լապտերների շարաններով, եւ Սամգվանսան վերածվում է լույսից հյուսված առաստաղի։
Ինչպես բոլոր կորեացիները, բուսանցի ընտանիքները հավաքվում են Սոլլալին (Seollal)՝ Լուսնային Նոր տարուն, եւ Չուսոկին (Chuseok)՝ աշնանային բերքի տոնին։ Շուկաները եռում են դեռ շաբաթներ առաջ, եւ մարդիկ վերադառնում են տուն՝ խոնարհվելու մեծերի առաջ, կիսվելու բրնձե թխվածքներով եւ այցելելու նախնիների շիրիմներին։
Բնակիչները
Տեղացիները խոսում են Գյոնգսանգի (Gyeongsang) բարբառով, որն օտարի ականջին կտրուկ ու արագ է հնչում։ Այլ քաղաքների բնակիչները երբեմն բուսանցիներին կոպիտ են անվանում, բայց մի երեկո անցկացրե´ք նրանց հետ, եւ կտեսնեք հակառակը։ Նրանք ուղիղ են, որովհետև թաքցնելու բան չունեն եւ չափազանց հյուրընկալ են։ Դիտե´ք «Լոտտե Ջայենթս» (Lotte Giants) թիմի բեյսբոլային խաղը Սաջիկ (Sajik) մարզադաշտում, եւ կլսեք քաղաքն ամբողջ ձայնով․ հազարավոր երկրպագուներ երգում են հին «Բուսան Գալմեգի» (Busan Galmaegi) երգը՝ գլուխներին նարնջագույն պլաստիկ տոպրակներ։ Ոչ ոք ձեզ ոչինչ չի բացատրում։ Դուք պարզապես միանում եք կենդանի քաղաքին։
Մագելլանյան Դիտարկումներ
Բուսանում ամենուր բուրում է ծովը։ Եկե´ք լողափերի եւ տաճարների համար, մնացե´ք մի աման գուկպապի եւ այն մարդու հետ զրույցի համար, ով ամբողջ կյանքն ապրել է այս նավահանգստի մոտ։ Գիմհեի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի հենց մատույցներում, իսկ թեթև երկաթուղին տերմինալից ուղիղ միանում է Բուսանի մետրոյին Սասան եւ Դեջո կայարաններում, այնպես որ մեկ ժամվա ընթացքում արդեն կլինեք Սոմյոնում կամ Հեունդեյում։
Մեկօրյա Շրջայց Թայպեյում
Ըստ ավանդության՝ 16-րդ դարում պորտուգալացի նավաստիները Թայվանն անվանել են «Իլյա Ֆորմոզա» (Ilha Formosa)՝ «Գեղեցիկ կղզի»։ Ամեն դեպքում, այդպես է պատմությունը։ Մայրաքաղաք Թայպեյը գտնվում է կղզու հյուսիսում՝ հրաբխային բլուրներով շրջապատված գոգավորության վրա։ Այստեղ հաճախ է անձրեւում։ Մարդիկ անձրեւանոցներ են կրում այնպես, ինչպես ուրիշները կրում են պայուսակներ, իսկ քաղաքն ապրում է իր աշխույժ առօրեական կյանքով։ Այն լավագույնս բացահայտելու համար հարկավոր է մեկ ամբողջական օր տրամադրել՝ սկսելով վաղ առավոտից։
5:30-ին՝ Փղի Լեռ (չինարեն՝ 象山)
Մետրոյով հասեք Սյանշան կայարան եւ քայլեք մինչև արահետի սկիզբը։ Աստիճանները զառիթափ են։ Քսան րոպե, ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք։ Վերելքը կտեւի քսան րոպե (ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք)․ մի զարմացեք, եթե ձեզ շրջանցեն սպորտային հագուստով ալեհեր տղամարդիկ, ովքեր ամեն առավոտ այստեղ են լինում։ Գագաթին գտնվող ժայռերից բացվում է ուղիղ տեսարան դեպի «Թայբեյ 101» երկնաքերը։ Ամպամած առավոտներին աշտարակը «չքվում» է՝ անհետանալով մոտավորապես քառասուներորդ հարկի մակարդակում, ինչն ինքնին տպավորիչ է։ Իջնելուց հետո նախաճաշե´ք՝ խմելով տաք սոյայի կաթ ու համտեսելով «յուտյաո» (youtiao). տապակած խմորից պատրաստված երկար ձողիկներ:
8:00-ին՝ Լունշան Տաճար
Լունշան տաճարն ունի իր սեփական մետրոյի կայարանը, որը խոսում է նրա կարեւորության մասին։ Այն 1738 թվականին կառուցել են Ֆուցզյանից եկած վերաբնակները։ Տաճարն այրվել է, վնասվել է երկրաշարժերից, իսկ 1945 թվականին ուղիղ հարված է ստացել դաշնակիցների ռմբակոծությունից։ Գլխավոր սրահում գտնվող Գուանյին աստվածուհու արձանը հրաշքով պահպանվել է այդ հարձակման ժամանակ, եւ մարդիկ առայսօր խոսում են այդ մասին։ Ուշադրությու´ն դարձրեք կիսալուսնաձեւ կարմիր փայտե իրերին։ Մարդիկ հարց են տալիս, դրանք գցում գետնին եւ պատասխանը կարդում՝ ելնելով նրանից, թե ինչ դիրքով են դրանք ընկել։ Եթե մեկը ընկնում է հարթ, իսկ մյուսը՝ կլոր կողմով դեպի վեր, դա նշանակում է «այո»։
11:00-ին՝ Դիհուայի Փողոց
Սա հին Թայպեյն է։ Այստեղ տասնիններորդ դարում Դադաոչեն թաղամասից գետով թեյ եւ կամֆորա էին ուղարկում, իսկ վաճառականները կառուցում էին փորագիրճակտոններով բարձր շենքեր, որոնք ծառայում էին և՛ որպես խանութ, և՛ որպես բնակարան։ Դրանք կանգուն են մինչ օրս։ Այսօր այստեղ վաճառում են չորացրած շիիտակե սունկ, ծովային խեցեմորթ, խոտաբույսեր, գործվածքներ եւ բազմատեսակ չրեղեն։
Այստեղ է գտնվում նաև Սյահայ քաղաքային աստվածության տաճարը (Xiahai City God Temple): Այն փոքր է։ Մարդիկ այստեղ գալիս են Յուե Լաոյի՝ ամուսնության աստծո մոտ, ով, ըստ ավանդության, կարմիր թելով միմյանց է կապում ապագա զույգերին։ Շատերը հետո վերադառնում են՝ նրա համար հարսանեկան քաղցրավենիք բերելով։
14:00-ին՝ Բեյթոու
Բեյթոու կայարանում նստե´ք Սինբեյթոու տանող գնացքը։ Նախքան որեւէ բան տեսնելը կզգաք ծծմբի սուր հոտ։ Ջերմային հովիտը այգու վերին մասում է։ Դա գոլորշի արձակող կանաչ լճակ է, որի ջուրն այնքան տաք է, որ արգելված է ձեռք տալը։ Հետադարձ ճանապարհին կանցնեք հանրային գրադարանի կողքով՝ փայտե շենք, որի տանիքը ծածկված է բուսականությամբ։
Վտակի մոտ գտնվող բացօթյա հանրային բաղնիքը նախատեսված է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, ուստի ձեզ հետ լողազգեստ վերցրեք։ Հյուրանոցային բաղնիքները սովորաբար առանձնացված են՝ տղամարդկանց եւ կանանց համար, եւ այնտեղ մտնում են առանց հագուստի։ Մեկ ժամը լիովին բավարար է։ Դուրս կգաք մարմնում ծանրության եւ դանդաղաշարժության զգացումով, ինչն էլ հենց նպատակն է։
17:00-ին՝ Մաոկուն
Բեյթոուից այստեղ հասնելը մեկ ժամից ավելի է տեւում՝ ամբողջ քաղաքով մինչև Թայպեյի կենդանաբանական այգու կայարան։ Հետո ճոպանուղին է։ Եթե դեմ չեք ավելի երկար հերթ կանգնելուն, սպասե´ք ապակյա թափանցիկ հատակով խցիկին։
Մաոկունում թեյ են աճեցնում, հիմնականում Թիեկուանյին եւ Բաոչժուն։ Ճանապարհի երկայնքով թեյարաններում այն եփում են փոքրիկ կավե թեյամաններում, իսկ շատերը թեյի տերեւներով նաև ուտեստներ են պատրաստում։ Գտե´ք մի պատշգամբ, պատվիրե´ք թեյաման եւ մնացե´ք մինչև մութն ընկնի, մինչ ներքեւի գոգավորությունը կլցվի լույսերով։
19:30-ին՝ «Էլիզայի համար»
Թայպեյում գրեթե չկան հանրային աղբամաններ։ Աղբը հավաքվում եւ տեղափոխվում է բեռնատարներով, որոնցից յուրաքանչյուրը երաժշտություն է հնչեցնում՝ տեղեկացնելով իր մոտենալու մասին։ Սովորաբար դա Բեթհովենի «Էլիզայի համար» (Für Elise) ստեղծագործությունն է, երբեմն էլ՝ «Օրիորդի աղոթքը» (A Maiden's Prayer)։ Երբ հնչում է մեղեդին, նրբանցքների բնակիչները դուրս են գալիս՝ ձեռքներին աղբի կամ տեսակավորված վերամշակվող թափոնների տոպրակներ (ոմանք նույնիսկ գիշերազգեստով են)։ Մայթեզրին երկու րոպե զրուցելուց հետո բեռնատարը շարունակում է իր ճանապարհը։
21:00-ին՝ Ռաոհե Գիշերային Շուկա
Ռաոհեն մոտ 600 մետր երկարությամբ մեկ ընդհանուր փողոց է։ Մուտքը գտնվում է Սոնգշան կայարանի հարեւանությամբ՝ Ցիյու տաճարի մոտ։ Առաջին հերթը, որ կտեսնեք, պղպեղով կարկանդակների համար է։ Դրանք թխվում են կավե թոնրի ներսի պատին կպցնելով, եւ լցոնված են խոզի մսով, առատ սև պղպեղով ու կանաչ սոխով։ Այստեղ կարող եք համտեսել նաև խոզի կողիկներով եւ խոտաբույսերով ապուր, խորոված կաղամարներ, իսկ եթե համարձակ եք՝ նաև «հոտած տոֆու» (stinky tofu)։ Ճաշկերույթը կարող եք եզրափակել սառցե աղանդերով (shaved ice)։
23:30-ին՝ «Թայպեյ 101»
Այս ժամին դիտահարթակը փակ է լինում, ուստի շենքը կարող եք դիտել փողոցից։ 508 մետր բարձրություն ունեցող այս կառույցը ավարտին է հասցվել 2004 թվականին եւ վեց տարի շարունակ կրել է աշխարհի ամենաբարձր շենքի տիտղոսը։ Այս ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է բամբուկ՝ բաղկացած ութ մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ութ հարկ (չինական մշակույթում ութ թիվը հաջողություն բերող է համարվում)։ Վերին հատվածում ճոպաններով կախված է պողպատե 660-տոննանոց գունդ․ այն ծառայում է որպես կայունացուցիչ՝ թայֆունների եւ երկրաշարժերի ժամանակ աշտարակը կայուն պահելու համար։ Շենքի լուսավորության գույնը փոխվում է՝ կախված շաբաթվա օրից․ երկուշաբթի օրը այն կարմիր է, իսկ հետո, անցնելով ծիածանի բոլոր գույների միջով, կիրակի օրը դառնում է մանուշակագույն։
Մագելլանյան Դիտարկումներ
Մենք կարծում ենք, որ Թայպեյը լավագույնս կարելի է բացահայտել առանց խիստ պլանավորման։ Այստեղ ամեն ինչ մոտ է մետրոյի կայարաններին, քաղաքում անվտանգ է նույնիսկ ուշ գիշերին, իսկ փոքր խանութները մշտապես բաց են։ Ձեզ հետ անպայման անձրեւանոց վերցրե´ք։ Եվ տե´ղ պահեք երկրորդ ընթրիքի համար:
Միյաջիմա
Խաղաղ ջրերի վրայով Միյաջիմագուչիից դեպի Միյաջիմա կղզի անցնելիս, տեսնում եք, թե ինչպես է ծովից անմիջապես վեր հառնում հայտնի վառ կարմիր գույնի Իցուկուսիմայի հսկա կոթողը։ Սերունդներ շարունակ ճապոնացի արվեստագետներն այս վայրը դասել են երկրի լավագույն երեք տեսարժան վայրերի շարքին: Տեղացիները կղզին պաշտոնապես անվանում են Իցուկուսիմա։ «Միյաջիմա» անվանումը բառացի թարգմանվում է որպես «սրբավայր կղզի», որն արմատավորված է հնագույն պաշտամունքային սովորությներում։ Վաղ շրջանի ուխտավորները սրբազան էին համարում հողի յուրաքանչյուր թիզը։ Նրանք Իցուկուսիմա սրբավայրը կառուցել են մակընթացային գոտում փայտե հենասյուների վրա, որպեսզի ուխտավորները կարողանան մոտենալ եւ մտնել ներս՝ առանց սրբազան հողին ոտք դնելու։
Իցուկուսիմա Սրբավայրը Եւ Համանուն Կոթողը՝ «Տորիի» Մեծ Դարպասը
Զորավար Տայրա նո Կիյոմորին սրբավայրին իր խորհրդավոր տեսքը հաղորդել է 1168 թվականին։ Մակընթացության ժամանակ ջուրը բարձրացնում է ամբողջ համալիրը տղմուտ հատակից՝ դրա երկար կարմիր միջանցքները վերածելով ջրի վրա լողացող փայտե ավանի։ Տեղատվության ժամանակ ջուրը հետ է քաշվում՝ ի հայտ են գալիս փոքրիկ ջրափոսեր՝ լցված մանր խեցգետիններով ու թաց ավազով։ Այդ ժամանակահատվածում դուք կարող եք ոտքով հասնել մինչև Իցուկուսիմայի դարպասը։
Ներկայիս դարպասը կառուցվել է 1875 թվականին՝ կամֆորայի ծառի ամուր փայտից։ Այն ունի մոտ 17 մետր բարձրություն եւ առանց ստորգետնյա հենասյուների՝ իր իսկ հսկայական քաշի շնորհիվ կայուն կանգնած է ծովի հատակին։ 1996 թվականին համալիրը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։
Միսեն Լեռը
Կառույցների ետնաֆոնին երկինք է հառնում 535 մետրանոց Միսեն լեռը։ Լանջերը ծածկված են խիտ սաղարթախիտ անտառով, իսկ արահետները անցնում են մամռապատ ժայռերի ու լեռնային առուների կողքով։ Ոտքով վերելքը տեւում է մոտ երկու ժամ, բայց ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ճոպանուղով։ Գագաթին կան մի քանի փոքր տաճարներ, այդ թվում՝ Գումոնջիդոն՝ տաճար, որը հիմնադրվել է մ.թ. 9-րդ դարի սկզբին մեծ իմաստուն Կոբո Դաիշիի կողմից՝ Չինաստանից վերադառնալուց հետո: Այստեղ Ռեյկադո սրահում, անդադար վառվում է Կոբո Դայշին կողմից դեռևս 806 թվականին բորբոքած կրակը եւ այդ ժամանակից ի վեր այն առայսօր երբեք չի մարել։ 1964 թվականին այս կրակից մի բոց տարվեց Հիրոսիմա՝ Խաղաղության կրակը վառելու համար։ Գագաթից բացվում է Սետոյի ներքին ծովածոցը, որտեղ ուղեւորատար լաստանավերը մուգ կապույտ ծովը պատում են սպիտակ հետագծերով։
Տաճարները Եւ Եղնիկները
Լեռան ստորոտին է գտնվում Դայշոին (Daishoin) տաճարը։ Տարածքում շարված են ձեռագործ գլխարկներով զարդարված հարյուրավոր փոքր քարե արձանիկներ, իսկ աստիճանների բազրիքներին ամրացված են մետաղյա աղոթքի անիվներ, որոնք այցելուները կարող են պտտել։ Մոտակայքում է գտնվում Սենջոկակուն (Senjokaku)՝ չներկված փայտից կառուցված հսկայական դահլիճը, որի կառուցումը 1587 թվականին նախաձեռնվել էր Հիդեյոշի Տոյոտոմիի կողմից՝ պատերազմում զոհվածների հոգիների հանգստության համար։ Նրա մահից հետո ավարտին չհասցվեց շինարարությունը, ինչի հետեւանքով առաստաղը եւ մուտքը մնացել են անավարտ։ Ենթադրվում է, որ 27 մետր բարձրությամբ հինգ հարկանի պագոդան կառուցվել է 1407 թվականին՝ չինական եւ ճապոնական ճարտարապետական ոճերի ներդաշնակ համադրությամբ:
Քաղաքի փողոցներով ազատորեն շրջում են վայրի սիկա եղնիկներ։ Նրանք բավականին ընտելացած են եւ անկաշկանդ մոտենում են զբոսաշրջիկներին՝ հաճախ սիրով ծամելով իրենց ձեռքն ընկած թղթե քարտեզները կամ գնացքի տոմսերը։
Կղզու Համերը
Լավագույն ուտեստները կարելի է գտնել Օմոտեսանդո (Omotesando) փողոցում։ Հիրոսիմայի ծոցում արդյունահանվում են համաշխարհային մակարդակի ոստրեներ, որոնք վաճառողները փողոցում թարմ վիճակում խորովում են շիկացած ածուխների վրա։ Այստեղ կարող եք համտեսել նաև «մոմիջի մանջու» (momiji manju)՝ տերեւի տեսքով թխվածքներ՝ լցոնված կարմիր լոբու քաղցր մածուկով, ինչպես նաև «անագո մեշի» (anago meshi)՝ մատուցվող խորոված ծովային օձաձուկ համեմված բրնձով։ Ամեն աշուն կարմիր թխկիները վառ գույներով են պատում Մոմիջիդանի (Momijidani) այգին։
Օգտակար Խորհուրդներ
Միյաջիմագուչիից (Miyajimaguchi) լաստանավերը պարբերաբար են երթեւեկում, եւ ուղեւորությունը տեւում է մոտ տասը րոպե։ JR լաստանավի ծառայությունը ներառված է Japan Rail Pass-ի մեջ, ընդունվում են նաև ICOCA քարտեր, իսկ ուղղիղ ջրային երթուղիները կղզին կապում են Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրի հետ։ Տեղական իշխանությունները լաստանավի տոմսի հետ միասին գանձում են այցելուից փոքր վճար՝ 100 իենի չափով։ Տեղական ավանդական հյուրանոցում («ռյոկան») գիշերելով՝ հաղորդակից կդառնաք կղզու ոգեղեն ներաշխարհին. երբ մեկնում է օրվա վերջին նավը, ամբոխն անհետանում է, մութ ափին լապտերներ են վառվում, եւ լուսավորված «Տորիի» Մեծ դարպասը փայլում է գիշերային ծով վրա։
Մագելլանյան Դիտարկումներ
Այցելուների մեծ մասը Միյաջիմային հատկացնում է ընդամենը մի քանի ժամ եւ հեռանում՝ իր հետ տանելով Իցուկուսիմայի դարպասի լուսանկարը։ Սակայն կղզին ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ժամանե՛ք մակընթացության ժամանակ, սպասե՛ք, մինչև ծովի ջուրը հետ քաշվի, բարձրացե՛ք Միսեն լեռը, քանի դեռ լույսը մեղմ է, եւ մնացե՛ք մինչև ուշ երեկո, երբ լապտերների վառվող լույսերի տակ եղջերուները թափառում են խաղաղ փողոցներով։ Ճապոնիայում քիչ վայրեր կան, որոնք թույլ են տալիս այդքան մոտ լինել ու զգալ՝ հաղորդակից լինելով ճապաոնաական ոգեղեն ներդաշնակությանը։