Հունաստանը մի ինքնատիպ «աշխարհ» է, որտեղ լույսն այլ կշիռ ունի: Այստեղ մի ակնթարթ կա, որը պատահում է գրեթե յուրաքանչյուր ճանապարհորդի հետ. ճանապարհորդելիս՝ սովորաբար երկրորդ կամ երրորդ օրը, ճանապարհորդի կողմից իր հետ բերված շտապողականությունը սկսում է մարել։ Դա տեղի է ունենում անսպասելի. գուցե Դուք ափեզերքին նստած եք ինչ-որ սեղանի շուրջ, որտեղ արմունկի մեջ մի կուժ սառը խմիչք կեսօրվա լույսը ջուրը վերածում է կռած արծաթի, և դուք ոչ թե մտքով, այլ ֆիզիկապես հասկանում եք, որ հասել եք մի վայր, որին ձեզ կապող ինչ-որ խորհրդավոր եւ անբացատրելի բան կա։
Հունաստանը մարդկության քաղաքակրթական բնօրրաններից մեկն է համարվում, որը բավական հին է համբերատար լինելու համար։ Այն տեսել է կայսրություններ, որոնք անցել են իր միջով եւ թողել իրենց հետքը, որը համբերատար սպասում է ձեզ, մինչև դուք հասնեք իրեն։
Մշակույթ և կենսակերպ
Հույներն ունեն մի բառ՝ «ֆիլոտիմո» (filotimo), որը հստակ թարգմանության չի ենթադրում։ Այն ապրում է ինչ-որ տեղ պատվի, պարտքի, մեծահոգության եւ սեփական համայնքի հանդեպ ճիշտ վարվեցողության համարյա իռացիոնալ հպարտության սահմաններում։ Դուք չեք կարող այստեղ անցկացնել նույնիսկ մեկ շաբաթ՝ առանց դրա ներկայությունն ամեն քայլափոխի զգալու. սրճարանի տերը թույլ չի տա վճարել, քանի դեռ չեք ավարտել, անծանոթը, որը թողնում է իր գործերը՝ ձեզ վեց թաղամաս այն կողմ ուղեկցելու համար, որտեղ դուք հասնել էիք ցանկանում, կամ ֆերմերը, որն իր ագարակից նարինջներ է հավաքում ու ձեզ մեկնում, կարծես դա աշխարհի ամենաբնական գործարքն է։
Հունական կյանքը կազմակերպված է մարդկային շփման շուրջ այնպիսի ձեւերով, որոնցից արեւմտյան աշխարհի մեծ մասը լռելյայն հրաժարվել է։ Կեսօրյա ընդմիջումը դեռեւս գերիշխում է փոքր քաղաքներում եւ կղզիներում. փեղկերը փակվում են, փողոցները դատարկվում, եւ տիրում է համարյա խորհրդավոր երկժամյա լռություն։ Այնուհետև, երբ կեսօրը նահանջում դեպի երեկո, գալիս է «վոլտան» (volta)՝ հանգիստ զբոսանքը, որը տներից դուրս է բերում ամբողջ ընտանիքներին՝ քայլելու, երեւալու, կանգնելու եւ երկար զրուցելու բոլոր նրանց հետ, ում հանդիպում են։ Սա կարոտախտ (նոստալգիա) չէ։ Սա ենթակառուցվածք է, սոցիալական հյուսվածքի ամենօրյա պահպանում, որը համայնքը պահում է միասնական։
Երաժշտությունն էլ այստեղ այլ կերպ է արտահայտվում։ Ռեմբետիկան (Rembetika)՝ տեղահանությունից ու կարոտից ծնված, բլյուզով ներծծված հնչյունը, դեռեւս լսվում է Աթենքի եւ Սալոնիկի նկուղային տավերնաներից։ Այն կարող եք լսել կեսգիշերից հետո՝ երաժիշտների կատարմամբ, որոնք փակում են իրենց աչքերը, երբ մեղեդին վերածվում է մի բանի, որն իրենք չեն կարող բացատրել։ Հունաստանը բարձրաձայն հիշում է իր վշտերը և, բայց և այնպես, պարում է, ինչը, թերևս, ամենաազնիվ փիլիսոփայությունն է, որ կարելի է գտնել աշխարհում։
Ուտեստներ եւ գինի
Հունական ուտելիքը խոհարարություն չէ ձեւական իմաստով. դա հյուրընկալություն է՝ վերածված ուտեստի։ Այն մատուցվում է փուլերով, որոնք երբեք չպետք է ավարտվեն, պատվիրվում է առանց արարողակարգի, հաճախ առանց մենյուի, քանի որ ձուկը բերվել է այս առավոտ, լոլիկները կտրատվել են մեկ ժամ առաջ, եւ խոհարարը ձեզանից լավ գիտի, թե ինչ պետք է մատուցվի հաջորդիվ։
Ձիթապտղի ձեթը, որը լցվում է ամեն ինչի վրա այնպիսի առատաձեռնությամբ, որն առաջին անգամ ձեզ կզարմացնի, իսկ հեռանալիս՝ կտխրեցնի, հաճախ արտադրվում է սեղանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Հունաստանը ձիթապտղի ձեթի աշխարհի մեծագույն երկրներից է. նրա «հեղուկ ոսկին» տատանվում է Կրետեի խոտաբույսային ու կծու համերից մինչև Պելոպոնեսի մեղմ ու ոսկեգույն երանգները։ Դուք կզգաք տարբերությունը, այնուհետև կգտնեք տարբերությունն այն ամենից, ինչին տանը անվանում էիք ձիթապտղի ձեթ, եւ որոշ ժամանակ դրա մասին չեք խոսի։
Հունաստանում ճաշը հետեւում է իր սեփական տրամաբանությանը։ Այն սկսվում է մեզեդեսներով (mezedes)՝ փոքրիկ ափսեներով, որոնցում կան տարամասալատա (սա հունական խոհանոցի նախուտեստ է։ Այն իրենից ներկայացնում է ապխտած ձողաձկան ձկնկիթի, կիտրոնի հյութի, ձիթայուղի եւ սխտորի խառնուրդ, օգտագործվում է որպես ակրատ։ Ավանդաբար մատուցվում է ձիթապտուղների եւ պիտա հացի, ինչպես նաև բուտերբրոդի հետ միասին), մեղրով ու թիմյանով պատված ֆետա պանիր, տապակած սագանակի, եւ դոլմադեսի (տոլմա)՝ փաթաթված այնպիսի մարդկանց համբերությամբ, ովքեր դա անում են դարեր շարունակ։ Հետո՝ ութոտնուկ՝ չորացրած արեւի տակ եւ խորովված ածուխների վրա։ Հետո, թերևս, մի ամբողջական ձուկ՝ պարզապես տապակված կիտրոնով եւ կանաչիներով, քանի որ պարզությունը վստահության ձեւ է։ Հացը գալիս է առանց պատվերի եւ անհետանում է ակնթարթորեն։
Գինին, որը խմում են երիտասարդ, սառը եւ հաճախ՝ տակառից լցված անանուն շշերից, չի փորձում տպավորել սոմելյեին։ Տեղական խաղողի տեսակները, ներառյալ Սանտորինիի հրաբխային հողերից ստացված Ասիրտիկոն (Assyrtiko), հյուսիսի Քսինոմավրոն (Xinomavro) եւ ծաղկային համերի սիրահարների համար Մալագուզիան (Malagousia), լուրջ միջազգային համբավ են ձեռք բերում, թեև հույներն իրենք դա գիտեին դարեր շարունակ։ Պատվիրե´ք տնական գինին առանց ամաչելու։ Մնացե´ք ևս մեկ կարաֆի համար։ Երեկոն դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու։
Մարդիկ և հյուրընկալությունը
Ճանապարհորդները գալիս են՝ ակնկալելով գեղեցկություն, եւ հեռանում են՝ ապշած։ Սա պատահականություն չէ։ Հունական հյուրընկալությունը՝ «քսենիան» (xenia), մշակույթի ամենահին պարտականություններից է, մի օրենք, որի արմատները հասնում են այն գիտակցմանը, որ օտարը հյուր է, որ հյուրը սրբազան է, եւ թե ինչպես ես վերաբերվում քո դուռը թակած մարդուն, այնպես էլ քեզ կդատեն քեզնից շատ ավելի մեծ ուժերը։
Սա չի թարգմանվում որպես պաշտոնական սպասարկում կամ փորձված ջերմություն, որը ինքնին առավել տպավորիչ է։ Հույները կհարցնեն, թե որտեղից եք, ինչպիսին է ձեր ընտանիքը, ամուսնացած եք, թե ոչ, ինչ եք մտածում իրենց երկրի մասին՝ այնպիսի անմիջականությամբ, որը կարող է համարյա ներխուժում թվալ, մինչև չհասկանաք, որ դա իրականում հարգանքի ձև է։ Ձեզ վերաբերվում են որպես մեկի, ում արժե ճանաչել։
Բավական ժամանակ անցկացրեք միեւնույն գյուղում, եւ կտեսնեք, թե ինչպես են հրավերները հայտնվում ինքնաբերաբար։ Ինչ-որ մեկի տատիկը կպնդի ձեզ սուրճ հրամցնել։ Իր նավակը նորոգող մարդը երկար եւ ակնհայտ հպարտությամբ կբացատրի, թե ինչպես է իր պապը կառուցել այն։ Երեխաները կմարզեն իրենց անգլերենը ձեզ հետ, ապա կպատմեն իրենց ծնողներին, ովքեր կհայտնվեն՝ լսելու ձեր կարծիքը։ Նման իրավիճակներում դուք զբոսաշրջիկ չեք։ Դուք անբացատրելի ավելի մեծ մի բանի մասն եք։
Բնություն և բնապատկեր
Հունաստան այցելուների մեծ մասը գալիս է իր մտքում ունենալով մի պատկեր՝ սպիտակ պատեր, կապույտ գմբեթներ, ծով։ Նրանք լռելյայն զարմանում են՝ հայտնաբերելով, որ սա երկրի աշխարհագրության, թերևս, ամենափոքր գլուխն է։ Կրետեում կան խորը կիրճեր, որտեղ պատերը նեղանում են մինչև դանակի շեղբի լայնության, եւ աղջամուղջը իջնում է թատերական ճառագայթներով։ Հյուսիսում՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Բուլղարիայի սահմանների մոտ, կան անտառներ, որտեղ արջերը դեռ շարժվում են ծառերի միջով, իսկ լեռնային գյուղերը երեք հարյուր տարի չեն փոխել իրենց հիմնական նկարագիրը։ Էվրոսում՝ թուրքական սահմանի եզրին, կան ճահճուտներ, որտեղ չվող թռչունները կանգ են առնում միլիոններով, եւ օդը թրթռում է թափահարվող թեւերից։
Եվ հետո կա լույսը։ Ամեն ոք, ով այստեղ լուրջ ժամանակ է անցկացրել, կպատմի ձեզ լույսի մասին այնպես, կարծես դա առանձին երկիր լինի, որն արժե այցելել ինքնին։ Դա պարզապես պայծառություն չէ. Հունաստանը գտնվում է մի լայնության վրա, որտեղ արեւը շարժվում է այնպիսի անկյան տակ, որը մաքրում է մթնոլորտի մշուշը եւ ամեն առարկա հաղորդում այնպիսի հստակությամբ, որն անհավանական է թվում։ Ստվերները խորն են եւ ճշգրիտ կտրված։ Ծովը իր գույնը պահում է այնպես, ինչպես արեւի տակ գունավոր ապակին է պահում իր գույները։ Նկարիչները երկու դար շարունակ փորձում են ֆիքսել լույսի այս երանգերը, եւ առայսօր նրանցից ոչ մեկին լիովին չի հաջողվում որսալ դա։
Երկրի 6000 կղզիները, որոնցից մոտ 230-ը բնակեցված են, ստեղծում են ոչ թե մեկ, այլ տասնյակ տարբեր միկրո-աշխարհներ։ Կիկլադների հրաբխային դրաման իր տեղը զիջում է արեւմուտքում գտնվող Հոնիական կղզիների կանաչ, անտառապատ բլուրներին, որոնք իրենց բնույթով ավելի մեղմ են եւ վենետիկյան։ Դոդեկանեսյան կղզիները, որոնք մոտ են Թուրքիայի ափերին, բոլորովին այլ մշակութային շերտ են կրում։ Յուրաքանչյուր կղզի մի առանձնահատուկ վայր է. լռելյայն, բայց լի համոզմունքներով այն բանի մասին, թե ինչպես կարող են հողը, ծովը եւ մարդկային բնակավայրը դասավորվել միմյանց շուրջ։
Նախքան մեկնելը
Հունաստան ուղեւորվելիս ոչ թե անհրաժեշտ է կառուցել ծանրաբեռնված երթուղի, այլ թողնել, որպեսզի տեղանքը եւ մթնոլորտը տիրի իրավիճակին։ Այն ճանապարհորդը, ով մի փոքր հետազոտություն է արել եւ ազատ ժամանակի համար առավել շատ տեղ է թողել, միշտ տուն կվերադառնա ավելի տպավորիչ փորձառություններով, քան նա, ով օպտիմալացրել է ամեն ժամը։
Ճամփորդական Խորհուրդներ
- Ժամանակն ամեն ինչ է։ Մայիսի եւ հունիսի սկիզբն առաջարկում են լույս եւ ջերմություն՝ առանց օգոստոսյան խտության։ Սեպտեմբերն ու հոկտեմբերը առավել խորհրդավոր են. ծովը դեռ տաք է, ամբոխը՝ նոսրացած, լույսը դառնում է սաթագույն ու երկար։ Հուլիսն ու օգոստոսը հոյակապ են, բայց հայտնի կղզիները դառնում են իսկապես դժվարանցնելի, իսկ լաստանավերի հերթերը ձեռք են բերում իրենց սեփական էկոհամակարգը։
- Սովորեք երեք կամ չորս բառ հունարեն։ «Էֆխարիստո» (շնորհակալություն) եւ «Կալիմերա» (բարի լույս) բառերը կբացեն դռներ, որոնք ձեր ուղեցույցը չի կարող բացել։ Հույները լռելյայն հուզվում են, երբ օտարերկրացին այս փոքրիկ ջանքն է գործադրում։ Դա ձեզանից կխլի կեսօրյա պրակտիկա եւ կբերի մի բան, որը փողով չի գնվում։
- Կերե´ք այնտեղ, որտեղ հույներն են ուտում։ Ձեռագիր մենյուով եւ դրսում երեք սեղան ունեցող տավերնան միշտ ավելի հետաքրքիր է, քան լուսանկարներով տարբերակը։ Եթե ձկան գինը նշված է ըստ կիլոգրամի, պատվիրելուց առաջ խնդրեք տեսնել այն. սա սպասելի է, ոչ թե կոպիտ։ Եվ միշտ կերե´ք ուշ. խոհանոցները տաքանում են երեկոյան 9-ից հետո, իսկ լավագույն զրույցները սկսվում են 10-ից հետո։
- Երթուղու մեջ ազատություն թողե´ք։ Լաստանավերն աշխատում են ժամանակի սեփական ընկալմամբ։ Կղզու ավտոբուսները մեկնում են այն ժամանակ, երբ մեկնում են։ Մի ուշացում, որն սկզբում հուսահատեցնում է, հետադարձ հայացքով կլինի այն կեսօրը, որը դուք անցկացրեցիք նավահանգստի սրճարանում ինչ-որ ուշագրավ մարդու հետ զրուցելով։ Կառուցե´ք ազատություն եւ հաղորդե´ք դրան ռազմավարություն։
- Գնացե´ք ավելի հեռու, քան նախատեսել էիք։ Հայտնի ուղղությունները հայտնի են հարգանքի արժանի պատճառներով։ Բայց կղզին, որը դուք ընտրել եք, քանի որ վերջին լաստանավը մեկնել է, գյուղը, որը ձեր տանտերը թռուցիկ հիշատակել է, այնտեղ է, որտեղ Հունաստանը թաքցնում է իր լավագույն կողմերը։ Հետևե´ք շեղմանը։ Շեղումը երբեմն լի է անակնկալներով եւ տպավորիչ բացահայտումներով։
✦ ✦ ✦
Մագելլանյան Դիտարկումներ
Հունաստանը չի խնդրում ձեզ իրեն հյուրընկալվել. այն խնդրում է ձեզ, ի վերջո, հեռանալ՝ ձեզ հետ տանելով մի բան, որի անունը դուք տարիներ շարունակ կփորձեք ճիշտ սահմանել։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն