Տեսարժան վայրեր
Countres / Finland / Տեսարժան վայրեր

Երկրագնդի վրա քիչ վայրեր կան, որոնք Ֆինլանդիայի պես լուռ եւ բացառիկ զգացողություն են արթնացնում։ Այստեղ բնությունն է կերտում բնապատկերները։ Անտառները ձգվում են մինչև հորիզոն, լճերն իրենց թվով գերազանցում են ճանապարհներին, իսկ ձմռանը մութ երկինքը նմանվում է խորհրդավոր կտավի՝ պարուրված տիեզերքը մարմնավորող Բևեռեափայլով։ Այստեղ ամեն մի լիճ, ամեն մի մի ձյունածածկ արահետ իր մեջ կրում է անդորրի մի զգացում, որն այնքան հազվադեպ է, որ մեկ անգամ զգալուց հետո, դժվար է մոռանալ։

Բևեռափայլը Լապլանդիայի Երկնքում
Ֆինլանդիայի ծայր հյուսիսում գիշերային երկինքը երբեմն կարծես կենդանանում է։

Ավրորա Բորեալիսը (Բևեռափայլը) շարժվում է խավարի միջով՝ իր կանաչ, մանուշակագույն եւ արծաթագույն երանգներով։ Ձյունածածկ բլուրների ու սառցակալած գետերի վերեւում լուսային երանգների այս խաղին հետեւելը այնքան տպավորիչ է, որը հավերժ դաջվում է ամեն ճանապարհորդի հուշերում։
Այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սաարիսելկյան (Saariselkä) եւ Լեւին (Levi), դարձել են աշխարհի լավագույն անկյուններից մեկը՝ այս բնական հրաշքին ականատես լինելու համար՝ համատեղելով հարմարավետությունը Արկտիկայի այն խորը խավարի հետ, որը պահանջում է հյուսիսափայլը։

Մայրաքաղաք Հելսինկի
Շրջապատված ծովով ու երկնքով՝ Հելսինկին Եվրոպայի ամենից անաղմուկ, բայց յուրովի ինքնատիպ քաղաքներից մեկն է։ Նրա Հարավային նավահանգիստը, որտեղ ջրափնյա գծից վեր է խոյանում Լյութերական տաճարի մեծ սպիտակ գմբեթը, պատմում է մի քաղաքի մասին, որը միշտ բաց է եղել աշխարհի առաջ։
Կաուպատորի (Kauppatori) շուկայի հրապարակն ամեն առավոտ կենդանություն է հաղորդում քաղաքին՝ իր թարմ բալթյան տառեխով, մուգ սուրճով եւ առօրեական ռիթմով, որը լիովին ներդաշնակ է ինքն իր հետ։ Այսօր Հելսինկին յուրահատուկ կերպով համադրում է սկանդինավյան նորաձեւությունը, ծովային պատմությունը եւ զարգացող խոհարարական մշակույթը, ինչը քիչ մայրաքաղաքների է հաջողվում։

Լճերը
Ֆինլանդիայում կա մոտավորապես 188,000 լիճ։ Սա փաստ է, որի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել։

Սայմաա (Saimaa) լճային համակարգը՝ չորրորդ ամենամեծը Եվրոպայում, տարածվում է հարավարեւելյան Ֆինլանդիայում՝ ստեղծելով մի հսկայածավալ աշխարհագրություն, որն անչափ տպավորիչ է։ Վարձե´ք նավակ Սավոնլինայում (Savonlinna), ոչ մի կոնկրետ ծրագիր մի´ կազմեք եւ թու´յլ տվեք ջրի տրամաբանությանը առաջնորդել ձեզ։ Նրանց համար, ում բախտը կժպտա, Սայմաայի օղակավոր փոկը՝ երկրագնդի ամենահազվագյուտ կաթնասուններից մեկը, կարող է անաղմուկ հայտնվել ջրի երեսին եւ նայել ձեզ այնպիսի անշտապ հանգստությամբ, որը բնորոշ է մի արարածի, որն այստեղ է եղել շատ ավելի երկար, քան ցանկացած հյուր։

Հին Ռաումա
Ֆինլանդիայի արեւմտյան ափին է գտնվում Սկանդինավիայի կանգուն մնացած ամենաուշագրավ փայտե քաղաքներից մեկը։

Ռաումայի հին թաղամասը, որը ներկված է օխրայով եւ տաք սպիտակ գույներով, եւ որի նրբանցքները չափազանց նեղ են ժամանակակից կյանքի համար, դասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որը հաճախ վրիպում է շատ ճանապարհորդներ աչքից։ Դա իրոք լուրջ կորուստ է. քաղաքը ապրում է իր ամենօրյա առօրեական կյանքով, խոսում է իր հնամենի բարբառով եւ համառորեն շարունակում է չփոխվել։
Լռելյայն առավոտյան նրա փողոցներով քայլելը, երբ մոտակայքում զգացվում է ծովի բույրը, մի առանձնահատուկ պահ է, որը շատ ճանապարհորդներ նկարագրում են որպես իրենց ուղեւորության ամենաանկեղծ ու զարմանալի բացահայտումներից մեկը։

Կոլի Ազգային Արգելոց
Հյուսիսային Կարելիայում՝ Պիելինեն (Pielinen) լճի ջրերից վեր խոյացող Կոլի ազգային պարկի բլուրները առաջարկում են Ֆինլանդիայի ամենատպավորիչ տեսարաններից մի քանիսը։

Այս բնապատկերը ոգեշնչել է ֆինն մեծ կոմպոզիտոր Ժան Սիբելիուսին եւ Ազգային ռոմանտիզմի հոսանքի նկարիչներին, ովքեր այս հնագույն անտառապատ բլուրների մեջ տեսան ֆիննական ոգու էական գծերը։ Կանգնելով Ուկկո-Կոլիի (Ukko-Koli) ամենաբարձր կետում հեշտ է հասկանալ, թե ինչու։
Ձմռանը լանջերը լցվում են դահուկորդներով։ Ամռանը արշավային արահետները պտտվում են սոճիների եւ արծաթափայլ կեչիների անտառներով։ Ամեն սեզոնի Կոլին թվում է հենց այն Ֆինլանդիան, ուր իրենք՝ ֆիններն են վերադառնում՝ լուռ եւ առանց բացատրությունների կարիքի։

Մագելլանյան Դիտարկումներ
Ֆինլանդիան մի վայր չէ, ուր դուք պարզապես այցելում եք. այն մի վայր է, որը դուք զգում եք։ Նրա ձյունածածկ եւ սաղարթախիտ անտառների լռությունից մինչև Բևեռափայլ՝ յուրաքանչյուր բնապատկեր կրում է անդորրի եւ վեհության մի որակ, որը ճանապարհորդներին հիշեցնում է, թե որքան հզոր կարող է լինել բնական աշխարհը։

Ֆինլանդիայով ճանապարհորդելը պահանջում է ժամանակ եւ համբերություն։ Այս ինքնատիպ երկիրը բացահայտվում է դանդաղ եւ թերևս դա է Ֆինլանդիայի ամենամեծ պարգեւը՝ զգացողություն, որ աշխարհը դեռևս անծայրածիր է, անշտապ եւ լի հրաշքներով։