Հունաստանը ընդգրկում է Բալկանյան թերակղզու հարավը, ինչպես նաև տնօրինում է Էգեյան, Հոնիական եւ Միջերկրական ծովերում սփռված ավելի քան վեց հազար կղզիներ՝ լինելով որքան ցամաքային պետություն, նույնքան էլ ծովային կայսրություն։
Սա այն երկիրն է, որը մարդկությանը պարգեւել է ժողովրդավարության, փիլիսոփայության, թատրոնի եւ Օլիմպիական խաղերի լեզուն։ Այստեղ ավերակները պարզապես անցյալի փլատակներր չեն․ դրանք զրույցներ են՝ սյուների, տաճարների եւ մարմարե ֆրիզների միջոցով։
Բայց ժամանակակից Հունաստանը միայն թանգարան չէ բաց երկնքի տակ. նրա պանդոկներում հնչում է ծիծաղը, շուկաները լի են գույներով, իսկ կղզիները շարունակում են ընդունել ճանապարհորդների աշխարհի բոլոր կողմերից։
Այս հնագույն երկիրը ունի հրաշքներով լի քարտեզագրություն՝ կազմված հնագույն տարեգրություններից, շրջապատված է գինեգույն ծովով եւ Հելլադայի մարմարափայլ սպիտակ ափերով, իսկ Ակրոպոլիսի բարձունքներից մինչև տպավորիչ վանքերը հակադրվում են թե՛ ձգողականությանը, թե՛ ժամանակին։
Ամերիկացի գրող Հենրի Միլլերը «Մարուսիի կոթողը» գրքում մի առիթով նշել է, որ Հունաստանը հրաշալի վայր է լուսնին նայելու համար եւ թվում է՝ շուրջբոլորը ամենուր քնած հերոսներ են։
Գլխավոր քաղաքները
Աթենք
Հավերժական քաղաք, որտեղ Ակրոպոլիսը վեր է խոյանում քաղաքի վրա՝ միավորելով երբեմնի հին փառքը եւ ժամանակակից կյանքի աշխույժ ռիթմը։ Պարթենոնի ներքեւում գտնվող Մոնաստիրակիի շուկաներում վաճառվում են ինչպես հնություններ, այնպես էլ համեմված միս։ Ժողովրդավարության օրրանը առ այսօր անհանգիստ է նոր գաղափարներով։
Սանտորինի
Հրաբխային արհավիրքից ծնված այս մահիկաձեւ կղզին առաջարկում է կապույտ գմբեթներով եկեղեցիներ եւ հրաբխային խառնարանի անհավանական գեղեցկության վրա բազմած գյուղեր՝ իրենց տպավորիչ սպիտակափայլ տներով։ Օիայի մայրամուտին ճամփորդները լաց են լինում՝ առանց լիովին հասկանալու պատճառը։ Վայելե՛ք այս տեսարանը տեղական «Ասիրտիկո» գինու հետ։
Սալոնիկ
Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքը, որը դարերի ընթացքում ձեւավորվել է հույների, օսմանցիների եւ սեֆարդիկ հրեաների կողմից։ Այն ունի երկրի լավագույն սննդի շուկան եւ բյուզանդական եկեղեցիներ, որոնք այնքան հին են, որ օսմանյան օկուպացիայից հազար տարի առաջ արդեն կանգուն էին։
ք. Հռոդոս
Սա աշխարհի լավագույնս պահպանված պարսպապատ միջնադարյան քաղաքներից մեկն է։ Ասպետների փողոցը խաչակիրների պալատների միջով տանում է դեպի նավահանգիստ, որտեղ ժամանակին կանգնած էր Հռոդոսի կոթողը։ Նրա պարիսպները յոթ դար շարունակ ետ են մղել բոլոր նվաճողներին։
Հերակլիոն
Դարպաս դեպի մինոսյան աշխարհ եւ Կնոսոսի լաբիրինթոսե պալատ, որը Եվրոպայի հնագույն քաղաքի պահապանն էր։ Նրա վենետիկյան պարիսպների ներսում գտնվող Հնագիտական թանգարանում պահվում են տպավորիչ արտեֆակտներ, որոնք հինգ դարով նախորդում են Տրոյական պատերազմին։
Նաֆպլիո
Հունաստանի Պելոպոնես թերակղզու առաջին ժամանակակից մայրաքաղաքը հմայում է պաստելային երանգների առանձնատներով, ծովից բարձրացող վենետիկյան ամրոցով եւ հասմիկի բույրով լցված նրբանցքներով։ Սա երկրի ամենագեղեցիկ փոքրիկ քաղաքն է, իսկական պարգեւ՝ հայտնի երթուղիներից շեղվելու համար։
Տեղական ուտեստներ, որոնք պետք է համտեսել.
Մուսակա
Լեւանտական ծագմամբ եւ օսմանյան շրջանում լայն տարածում գտած ուտեստ, որը մեծ համբավ է ունեցել հելլենական խոհանոցներում: Այն իր մեջ ներառում է շերտավոր սմբուկ, համեմված աղացած գառան միս եւ բեշամել սոուս՝ թխված մինչև ոսկեգույն բրոնզագույն դառնալը: Սա ազգային կերակուր է գրեթե բոլոր առումներով։ Չափազանց բուրավետ է, յուրատեսակ համով եւ միանգամայն հագեցնող։
Սուվլակի
Նավահանգիստներում եւ քաղաքային հրապարակներում հաճախ հանդիպող փողոցային սնունդը: Սա փայտածուխի վրա շամփուրներով խորովված խոզի միսը՝ փաթաթված տաք պիտայի մեջ՝ ձաձիկի սոուսով եւ հում սոխով ուտեստ է։ Հունական արագ սննդի յուօրինակ տարբերակը, որն իր ախորժաբեր բույերի շնորհիվ կանգնած վիճակում վայելում են անմիջապես մատուցվելուց հետո։
Սպանակոպիտա
Լուսաբացից սկսած այս ուտեստը հանդիպում է ամեն թխվածքի խանութում: Այն իրենից ներկայացնում է մի քանի շերտով փխրուն ֆիլո խմոր՝ լցոնված սպանախով, տրորված ֆետա պանրով եւ թարմ խոտաբույսերով։ Իդեալական է հունական թունդ սուրճի հետ՝ ցանկացած օրվա արշավը սկսելիս։
Լուկումադես
Այս ուտեստը Հոմերոսի կողմից հիշատակված է որպես ընծա, որը մատուցվում էր օլիմպիական հաղթողներին: Այն մեղրով ներծծված բլիթներ են, որոնք մատուցվում են տաք վիճակում՝ դարչինով եւ քնջութով։ Յուրաքանչյուր ոսկեգույն գնդիկի մեջ ապրում է երեք հազար տարվա խոհարարական ավանդույթ։
Սագանակի
Այս ուտեստը կարելի է բնութագրել՝ որպես թատրոն՝ հենց սեղանի շուրջ: Կեֆալոգրավիերա պանիր՝ տապակված ձիթապտղի յուղի մեջ մինչև ոսկեգույն կեղեւ ստանալը, որը հաճախ հենց սեղանի մոտ բոցավառում են (ֆլամբե)՝ թատերական «Օպա՜» բացականչությամբ։ Ծուխն ու ծափահարությունները ներառված են գնի մեջ։
Գալակտոբուրեկո
Սա հելլենական հրուշակագործության ամենամեծ նվաճումներից մեկն է. մանրաձավարով պատրաստված մետաքսանման սերուցք՝ պարուրված փխրուն ֆիլո խմորով եւ թաթախված ցիտրուսային բույրով օշարակի մեջ։ Խորհուրդ է տրվում ուտել սառը վիճակում՝ ծովափին, ամառային երկար կեսօրին։
Յուրօրինակ մշակութային ավանդույթներ.
Անունների օր
Հույներն իրենց հովանավոր սրբի տոնը նշում են ավելի մեծ շուքով, քան ծննդյան օրը։ Ընկերները գալիս են առանց նախապես զգուշացնելու՝ իրենց հետ քաղցրավենիք բերելով: Հյուրընկալ կողմը բոլորին ընդունում է բաց դռներով եւ լի սեղանով. առատաձեռնության այս սովորույթն այնքան արմատավորված է, որ որեւէ հրավեր չի պահանջում։
Այս սովորույթն առաջացել է սրբերի քրիստոնեական օրացույցից․ սրբի անունով հավատացյալները նշում էին այդ տոնի օրը կամ արեւելյան ուղղափառ ավանդույթի համաձայն՝ սրբի մահվան օրը։ Անունների օրն ավելի մեծ հնչեղություն ունի ոչ միայն Հունաստանում, այլև ողջ ուղղափառ քրիստոնեական աշխարհում, սակայն շատ երկրներում անունների տոնակատարություններն այլևս կապ չունեն քրիստոնեական ավանդույթների հետ:
«Չար աչք» կամ «Մատի» (Mati)
Հավատքը «մատի»-ի կամ «չար աչքի» հանդեպ, որը դժբախտություն է բերում, հյուսված է հունական կյանքի բոլոր շերտերում։ «Չար աչքը» շատ ազգերի մոտ տարածված սնահավատություն է՝ որոշ մարդկանց հայացքների կամ որոշ հանգամանքների չարամիտ ազդեցություն։ Աչքով տալու պատճառով իբրև մարդիկ, կենդանիները հիվանդանում են, ծառերը չորանում են, անհաջողություն է պատահում։ Չար աչքից հատկապես վախենում էին ծննդաբերության եւ հարսանիքների ժամանակ։ Այդ «չար աչքի» դեմ է հարսը քող կրում: Դրան հակազդելու համար է, որ կապույտ ապակյա աչքի ամուլետները (ուլունքները) կախված են տներում, մեքենաներում եւ նորածինների պարանոցին։ Այն որպես նվեր ստանալը հենց ինքնին պաշտպանություն ստանալ է նշանակում։
Ուղղափառ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
Հունական Ուղղափառ Զատիկն իր ազգային նշանակությամբ ստվերում է նույնիսկ Սուրբ Ծնունդը։ Ավագ Շաբաթ օրը, կեսգիշերին, մոմավառության թափորները լցնում են երկրի բոլոր եկեղեցական բակերը։ Պահքն ավարտվում է «մագիրիցա» ապուրով. իսկ Զատկի կիրակի օրը գառները խորովում են կրակի վրա՝ հարության եւ վերածննդի համայնքային տոնակատարության ժամանակ, որին իր ջերմեռանդությամբ չի հասնի եվրոպական ոչ մի այլ փառատոն։
Կեֆի. Բարձր խնդության ոգին
«Կեֆի»-ն, որն որևէ բառարանով չի թարգմանվում, համայնքային ուրախության այն ոգին է, որը ցանկացած հավաքույթ վերածում է տոնի։ Երբ կեֆին համակում է տավերնան, երաժշտությունը դառնում է կատաղի, ափսեները կարող են կոտրվել հատակին, իսկ անծանոթները դառնում են ցմահ ընկերներ՝ ուզոյի երկրորդ բաժակից հետո։
Հուշարձաններ եւ սրբավայրեր
Աթենքի Ակրոպոլիս (Աթենք, Ատտիկա)
Ակրոպոլիս արեւմտյան քաղաքակրթության գերագույն հուշարձանն է։ Պարթենոնը, Էրեքթեյոնը եւ Պրոպիլեան պսակում են քաղաքի բարձունքում գտնվող կրաքարե բլուրը՝ այնպիսի վեհությամբ, որին հաջորդող ոչ մի դարաշրջան չի հավասարվել։ Այցելե՛ք լուսաբացից առաջ, որպեսզի մարմարը միայնակ որսա առաջին լույսը. տպավորությունն այնպիսին է, կարծես ականատես ես լինում հենց արարմանը։
Կնոսոսի պալատ (Հերակլիոն, Կրետե)
Սա Եվրոպայի հնագույն քաղաքն է՝ իր Մինոտավրոսի լաբիրինթոսով, որը բացահայտում է բրոնզեդարյան շրջանի զարգացած քաղաքակրթություն։ Նրա որմնանկարներով զարդարված սրահներն ու ջրմուղ համակարգերը հազար տարով նախորդում են դասական Հունաստանին։ Առասպելն անբաժանելի է ավերակից։
Հնագույն Դելֆի (Պարնաս լեռ, Կենտրոնական Հունաստան)
Այս վայրը Ժամանակին հանդիսացել է աշխարհի պորտը, որտեղ Պիթիան (Օրակուլը) արտաբերում էր մարգարեություններ, որոնք փոխում էին կայսրությունների ընթացքը։ Ապոլլոնի սրբավայրը, Սրբազան ճանապարհը եւ հնագույն թատրոնը տեղադրված են այնպիսի տպավորիչ ժայռերի վրա, որ նույնիսկ ավերակն հաղորդում է այն ակնածանքը, որը ներշնչելու համար այն նախագծվել էր։
Մետեորայի վանքեր (Թեսալիա, Կենտրոնական Հունաստան)
Այս հուշարձանախումբը իրենից ներկայացնում է վեց արեւելյան ուղղափառ վանքեր՝ խորհրդավոր կերպով հավասարակշռված գրեթե ուղղահայաց քարե սյուների վրա, որոնք բարձրանում են 400 մետր Թեսալիայի հարթավայրից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտն կարծես գերբնական ուժերով հագեցած վայր լինի. այն առանձնահատուկ տպավորիչ է ձմեռային մշուշին, երբ թվում է՝ գագաթներն ամբողջությամբ կտրված են երկրից ու լողում են օդում։
Օիա, Սանտորինի (Կիկլադներ, Հարավային Էգեյան ծով)
Կապույտ գմբեթներով եկեղեցիներ եւ սպիտակեցված աստիճանավանդակներ, որոնք կասկադով իջնում են դեպի հրաբխային խառնարան, որը աշխարհի ամենալուսանկարվող վայրերեից մեկն է։ Հայտնի մայրամուտից այն կողմ՝ հրաբխային տուֆի մեջ փորված ստորգետնյա գինու քարանձավներն առաջարկում են ավելի անդորր, որը խոսում է կղզու իրական բնույթի հետ։
Հնագույն Օլիմպիա (Էլիս, Պելոպոնես)
Խաղերի ծննդավայրը, որոնք անցկացվում էին մ.թ.ա. 776 թվականից սկսած՝ սրբազան զինադադարով, որը չորս տարին մեկ կանգնեցնում էր բոլոր պատերազմները հունական աշխարհում։ Օլիմպիական կրակը մինչ օրս խորհրդանշականորեն վառվում է այստեղ՝ յուրաքանչյուր ժամանակակից խաղերից առաջ. հրե անխզելի թել, որը ձգվում է հնությունից մինչև մեր օրերը։
Մագելլանյան Դիտարկումներ
Մենք նավարկել ենք բազում ծովերով եւ կազմել բազմաթիվ ափերի քարտեզներ՝ Արեւելքի համեմունքների ափերը, Խաղաղ օվկիանոսի լուռ ընդարձակությունը, աշխարհի վերջում Մագելանի նեղուցից այն կողմ գտնվող Տիերրա դել Ֆուեգո կղզեխմբի (Չիլի) լեգենդար հարավային խութը։ Նավաստիները այն անվանում են «ծովային Էվերեստ»՝ կատաղի քամիների, փոթորիկների եւ վտանգավոր ալիքների պատճառով, որոնք այս նեղուցը դարձնում են աշխարհի ամենավտանգավորներից մեկը։ Սակայն ոչ մի անցում նավապետին չի տպավորոում այնպես, ինչպես Էգեյան ծովից բարձրացող Հելլադայի առաջին տեսարանն է։
Սրանք ջրեր են, որոնք իրենց հոսանքների մեջ հիշողություն են կրում։ Ամեն մի հրվանդան ու ափեզերք կրում է մի անուն, որը գալիս է դեռեւս քարտեզների դարաշրջանից առաջ եղած ժամանակներից։ Լեռները երեւում են ճիշտ այնպես, ինչպես դրանք պատկերել են հին վարպետները՝ ոսկրասպիտակ՝ անհավանական կապույտ երկնքի ֆոնին, կերտված աստվածների կողմից, ովքեր դեռ չգիտեին, որ կգա ժամանակ, երբ իրենք մոռացության կմատնվեն։ Նավարկել դեպի Պիրեյոս՝ նշանակում է վերջապես հասկանալ, թե ինչու՝ դրանից հետո ի հայտ եկած ամեն մի նոր քաղաքակրթություն կարոտով է հետ նայել այս վայրին։
Այն, ինչ նավապետը գտնում է Հունաստանում, ոչ մի այլ տեղ չի գտնի: Սա վայր է, որտեղ ժամանակի շերտերը թաքցված չեն, այլ ի ցույց են դրված։ Հնագույն տաճարը կանգնած է բյուզանդական եկեղեցու կողքին, այն՝ օսմանյան շրջանի շատրվանի կողքին, վերջինս էլ՝ ժամանակակից սրճարանի կողքին, եւ դրանցից ոչ մեկը չի հակասում մյուսին։ Յուրաքանչյուր շերտ ազնիվ է իր էությամբ։ Սրանով Հունաստանը թողնում է ամենամեծ տպավորությունը։
Այս ափերը խնամքով նշեք ձեր քարտեզի վրա։ Դրանք չեն հուսահատեցնի ձեզ. քանզի այստեղ՝ ավելի շատ, քան որևէ այլ տեղ, որտեղ մենք երբևէ խարիսխ ենք գցել, ճանապարհորդությունը եւ նպատակակետը մեկտեղվում են։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն