Jamaica
Countries / Jamaica

Արեգակը դեռ նոր էր մայր մտել ծովի թիկունքում, երբ ճանապարհի ինչ-որ հատվածից երաժշտություն հնչեց։ Արմավենիների միջով բասային հնչյուններ էին տարածվում, խորովածի թավայից ծուխ էր բարձրանում, եւ ինչ-որ մեկը այնպես բարձր էր ծիծաղում որ ամբողջ փողոցը լսում էր։ Ահա՛, այսպիսին է իրական Ջամայկան։ 

Ջամայկան գտնվում է Կարիբյան ծովում՝ Կուբայից մոտ 145 կիլոմետր դեպի հարավ եւ Հայիթի կղզուց դեպի արեւմուտք։ Այն Կարիբյան ավազանի երրորդ ամենամեծ կղզին է, որտեղ բնակվում է շուրջ 2,8 միլիոն մարդ։ Տաինո ժողովուրդն այն անվանում էր «Քսայմակա» (Xaymaca)՝ «անտառների եւ ջրերի երկիր», եւ այդ անվանումը մինչ օրս համապատասխանում է իրականությանը։ Կղզու ներքին տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները, ափ հոսող գետերը, իսկ ափամերձ գոտում կան կորալային խութեր, խաղաղ ծովախորշեր եւ երկար, սպիտակափայլ հեքիաթային թվացող ավազյա լողափեր։ Կլիման տաք է ամբողջ տարին։ Դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում եղանակն ավելի չոր է եւ արեւոտ, իսկ հունիսից նոյեմբեր սկսվում է անձրեւների եւ փոթորիկների սեզոնը։

Լեզուն
Քանի որ պաշտոնական լեզուն անգլերենն է, ուստի ճանապարհորդների համար ամեն ինչ հեշտ է։ Սակայն, եթե ուշադրություն դարձնեք առօրյա խոսակցություններին, կլսեք ջամայկյան «պատուա» (Patois)՝ կենդանի կրեոլերեն լեզուն, որը ձեւավորվել է անգլերենի եւ արեւմտաաֆրիկյան լեզուների հիմքի վրա։ Այն արագ է, երաժշտական ​​եւ հումորով լի։ Եթե ասեք «wah gwaan» (վա գուան), ապա կհարցնեք՝ ինչպե՞ս են գործերը։ Իսկ եթե լսեք «irie» (այռի) բառը, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այստեղ պարզ «respect» (հարգանք) բառը կարող է շատ բան նշանակել։

Քաղաքները
Մայրաքաղաք Քինգսթոնը երկրի ստեղծագործական կենտրոնն է՝ ձայնագրման ստուդիաների, պատկերասրահների, փողոցային որմնանկարների եւ աշխույժ գիշերային կյանքի քաղաք։ Մոնտեգո Բեյը հայտնի է իր աշխույժ հանգստավայրերով՝ մարդաշատ լողափերով եւ ջերմ ընդունելությամբ։ Հյուսիսային ափին՝ գետերի եւ ջրվեժների մեջ, սփռված է Օչո Ռիոսը: Հեռավոր արեւմուտքում Նեգրիլն է՝ մի վայր, որտեղ կյանքն ավելի դանդաղ է ընթանում՝ ամբողջ էներգիան պահելով մայրամուտի համար, իսկ հյուսիս-արեւելքում՝ Պորտ Անտոնիոն՝ կանաչ, հանգիստ եւ իր ձևի մեջ առանձնահատուկ: Հարավային ափում է տեղակայված «Գանձերի» լողափը, որը մարմնավորում է կղզու գյուղական ոգին. այստեղ ամենուր ավազի վրա խարսխված ձկնորսական նավակներ են եւ տեղացի ընտանիքների կողմից կառավարվող հյուրատներ:


Մշակույթ Եւ Պատմություն
Ջամայկայի պատմությունը բազմաշերտ է: Տաինո հնդկացիները առաջինն էին, որ բնակեցրին կղզին։ Կոլումբոսը ժամանեց 1494 թվականին: Կղզին շուրջ մեկ դար Իսպանիայի տիրապետության տակ մնաց, իսկ 1655 թվականին այն անցավ անգլիացիների վերահսկողության տակ: Շաքարեղեգի պլանտացիաները մեծ հարստություն բերեցին սակավաթիվ մարդկանց, սակայն հարյուր հազարավոր աֆրիկացի ստրուկների համար դարձան տառապանքի աղբյուր։ Այնուամենայնիվ, դիմադրությունը երբեք չդադարեց։ Լեռներում պատսպարված փախստական ​​ստրուկները՝ մարունները, ստեղծեցին ազատ համայնքներ, իսկ նրանց առաջնորդ Նենին այսօր համարվում է ազգային հերոս։ Ստրկությունը վերացավ 1838 թվականին, իսկ 1962 թվականի օգոստոսի 6-ին երկիրը ձեռք բերեց անկախություն։

Այս պատմության հիմքի վրա ձեւավորվեց մի մշակույթ, որին ծանոթ է ամբողջ աշխարհը։ Սկա, ռոքսթեդի, ռեգգիի եւ դենսհոլ երաժշտական ​​ոճերը ծնունդ են առել հենց այս կղզում, իսկ 2018 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ռեգգին ներառեց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Ռաստաֆարական շարժումը (քրիստոնեության նոր ձեւավորված ճյուղ), ջամայկացի վազորդների արագությունը եւ ազգային կարգախոսը՝ «Բազմությունից՝ մեկ ժողովուրդ», վկայում են մի փոքր ազգի մասին, որն ունի շատ հզոր ձայն։

Մարդիկ
Ջամայկացիները ջերմ են, անմիջական եւ կատակասեր: Այստեղ ժամանակը տարբեր կերպ է ընկալվում. «շուտով կգա» կարող է նշանակել հինգ րոպե կամ մեկ ժամ: Ընդունե´ք այն ժպիտով: Ցու´յց տվեք հարգանք, հարցրե´ք նախքան ինչ-որ մեկին լուսանկարելը, եւ ձեզ հաճախ կընդունեն որպես հին ընկերոջ:

Խոհանոց
Ջամայկայի խոհանոցը լի է աղորժաբեր համերով: Ազգային ուտեստը ակին է եւ աղի ձուկը, որոնք ուտում են նախաճաշին՝ տապակած խեցգետինների կամ խաշած կանաչ բանանի հետ: Ջերկ հավի եւ խոզի միսը մարինացվում են շոտլանդական բոննե պղպեղով եւ համեմունքով, ապա դանդաղորեն եփվում է պիմենտո փայտի վրա: Պորտ Անտոնիոյի մոտ գտնվող Բոստոն ծոցը հավակնում է ջերկի ծննդավայրը լինելուն: Ոսկեգույն թխվածքաբլիթները արագ ճաշն է, այծի կարին դիտարկվում է որպես հիմնական ուտեստ յուրաքանչյուր տոնակատարության համար, իսկ ռաստաֆարիական խոհանոցը առաջարկում է պարզ ուտեստներ բուսակերների համար, որոնք մոտ են բնությանը։ Առավոտները սկսվում են Կապույտ լեռան սուրճով, իսկ երեկոները՝ ջամայկական ռոմով։

Տոներ
Օգոստոսի առաջին շաբաթը տարվա ամենաիմաստալից ժամանակահատվածն է: Օգոստոսի 1-ը Ազատագրման օրն է, իսկ օգոստոս 6-ը՝ Անկախության. այս օրերին կղզին լցվում է երաժշտությամբ, դրոշներով եւ փողոցային երեկույթներով: Հուլիսին Մոնտեգո Բեյում անցկացվող Ռեգգի Սամֆեստը բեմ է բերում ջամայկական երաժշտության ամենամեծ անուններին: Զատկի շրջանում Ջամայկական կառնավալը Քինգսթոնը լցնում է գույներով եւ սոկա ռիթմերով: Սուրբ Ծննդյան տոներին վերադառնում է Ջոնկոննուի հին ավանդույթը, երբ դիմակավորված պարողները շքերթով անցնում են քաղաքներով:

Ճամփորդական Խորհուրդներ
Այցելելու լավագույն ժամանակը դեկտեմբերից ապրիլն է, երբ եղանակը չոր է եւ հաճելի: Մայիսն ու նոյեմբերն ավելի հանգիստ են եւ հաճախ ավելի էժան: Տեղական արժույթը ջամայկյան դոլլարն է, թեև ԱՄՆ դոլարը լայնորեն ընդունված է զբոսաշրջային վայրերում: Երթեւեկությունը ձախակողմյան է, իսկ լեռնային ճանապարհները նեղ են եւ ոլորապտույտ, ուստի լրացուցիչ ժամանակ հատկացրե´ք երթեւեկությանը: Օգտագործե´ք լիցենզավորված տաքսիներ կամ օգտվե´ք ձեր հյուրանոցի առաջարկած տրանսֆեր ծառայություններից: Շատ ռեստորաններ հաշվի մեջ ներառում են սպասարկման վճարը․ այն դեպքերում, երբ դա ներառված չէ, ընդունված է թողնել 10-15 տոկոս հավելավճար։ Եվ անպայման դու´րս եկեք հանգստավայրի տարածքից գոնե մի քանի օրով, քանի որ իսկական Ջամայկան ծվարած է կղզու տարբեր անկյուններում։

Մագելլայնի կարծիքով, Ջամայկան կղզի է, որը խոսում է ռիթմի միջոցով։ Այն երաժշտության ելեւէջներում է, զգացվում է «ջերկ» ոճով պատրաստված ուտեստների անուշահամի եւ ծխահոտի մեջ, ինչպես նաև տեսանելի է երկարատև կեսօրյա դանդաղ ընթացքի մեջ։ Եկե´ք այստեղ բաց սրտով եւ Ջամայկան անկասկած առիթ կտա ձեզ միանալու իր հավերժական երգին։