Latvia
Countries / Latvia

Լատվիական ափեզեքին հունիսյան կիզիչ արեգակի ճառագայթների ներքո լինում է մի ակնթարթ, երբ հայտնաբերում ես, որ արդեն ժամերով, որևէ կողմնակի ձայն չես լսել. միայն քամուց տատանվող սոճիների շրշյուն, բալթյան խաղաղեցնող ալիքների աղմուկ, իսկ թիկունքումդ՝ անտառ, որ կարծես անսահման է թվում: Լատվիան սպասում է, մինչ դու կխաղաղվես, եւ այդժամ, անխոս թույլ է տալիս, որ մխրճվես իր ներաշխարհ:

Լատվիան տեղակայված է երեք բալթյան երկրների միջեւ. հյուսիսում Էստոնիան է, հարավում՝ Լիտվան, արեւելքում՝ Ռուսաստանն ու Բելառուսը, իսկ բալթյան ափեզերքը ձգվում է շուրջ հինգ հարյուր կիլոմետր: Երկրի կեսը անտառ է: Ամառները կլիման մեղմ է, իսկ ձմեռները ձյունառատ, որից ամեն ինչ դառնում է ավելի խաղաղ:

Լեզու
Ուշադիր լսի´ր, եւ կլսես հազվագյուտ մի բան: Լատվիերենը երկրի վրա դեռ խոսվող ընդամենը երկու բալթյան լեզուներից մեկն է, որը իր մեջ կրում հսկա լեզվական ժառանգություն: Անգլերենով հեշտությամբ կճամփորդես, հատկապես Ռիգայում, իսկ ռուսերենը շատ տեղերում հասկանում են, բայց ասա paldies՝ շնորհակալության համար, labdien՝ բարեւ ասելու համար, եւ կտեսնես, թե ինչպես է անմիջապես փոխվում մարդկանց դեմքի արտահայտությունը: Նման ջանքերը միշտ նկատելի են:

Քաղաքներ
Ռիգայում զգում ես երկրի առօրեական կյանքի ռիթմը. միջնադարյան նրբանցքները տանում են նրբագեղ պողոտաներ, վերեւում սրաձող գմբեթներն են, ներքեւում՝ սրճարանների սեղաններ: Կես ժամ հեռավորության վրա Յուրմալան սոճու եւ ծովի բույր ունի՝ փայտե առանձնատների մի քաղաք, ուր մարդիկ արդեն երկու դար գալիս են շնչելու: Գաույայի անտառապատ հովտում Ցեսիսը եւ Սիգուլդան հարուստ ժառանգությամբ փոքր քաղաքներ են՝ վայրեր, որտեղ պատմությունը իրոք տպավորում է: Արեւմտյան ափին Լիեպայան է, քաղաք, որտեղ վեր է հառնում քամին: Իսկ հեռավոր հարավ-արեւելքում Դաուգավպիլսը խոսում է մեկ այլ լատվիերենով՝ մեկ այլ յուատեսակ բարբառով եւ ավելի սլավոնական ռիթմով:

Լատվիայի ամենանշանավոր տեսարժան վայրերը մանրամասն ուսումնասիրելու համար այցելեք Լատվիայի տեսարժան վայրերի էջը:

Մշակույթ Եւ Պատմություն
Այստեղ եկել են բոլորը՝ խաչակիրներ, հանզեական վաճառականներ, շվեդ արքաներ, ռուս ցարեր, խորհրդային պաշտոնյաներ: Յուրաքանչյուրը թողել է իր հետքը, իսկ լատվիացիները բոլորին հաղթահարել են իրենց երգերով: Ավելի քան մեկ միլիոն ժողովրդական քառատող՝ դայնաները, փոխանցվել են բերնեբերան, որոնք, իրավամբ, Եվրոպայի մեծ բանավոր գրականություններից մեկն են հանդիսանում: Հինգ տարին մեկ Երգի եւ պարի տոնը հավաքում է տասնյակ հազարավոր ձայներ, եւ հասկանում ես՝ սա փառատոն չէ, այլ գոյաբանական ռազմավարություն: Երբ 1991-ին վերադարձավ անկախությունը, այն եկավ նրանով, ինչ աշխարհն այսօր անվանում է Երգող հեղափոխություն: Այստեղ երգն այն է, ինչ հնչում է, այն ժամանակ, երբ ազգը հրաժարվում է անհետանալ պատմության հորձանուտներում:

Մարդիկ
Սկզբում լատվիացիները քեզ գուցե զուսպ եւ մեկուսի թվան: Մնա´ մի քիչ, եւ ամեն ինչ այլ կերպ կընկալես. զսպվածությունը հարգանքի ձեւ է, չպարտադրվելու ցանկություն: Դրա տակ պարփակված է բնության հանդեպ այնքան խոր նվիրում, որ սահմանում է օրացույցը. աշնանը ամբողջ ընտանիքներ զամբյուղներով անհետանում են անտառում, որովհետեւ սունկ հավաքելն այստեղ գրեթե արարողակարգ է: Շատերը քաղաքից դուրս տնակ ունեն, որտեղ էլ ձոնվում է իսկական կյանքը: Վաստակի´ր լատվիացու վստահությունը, եւ լռությունը տեղը կզիջի չոր հումորին ու հավատարմությանը:

Խոհանոց
Սեղանը քեզ կհուշի, թե որտեղ ես: Մուգ տարեկանի հաց՝ խիտ եւ մի փոքր քաղցր, որի հանդեպ տեղացիները մեծ ակնածանք ունեն. ապխտած ձուկ, անտառից վայրի սունկ ու հատապտուղներ, ցուրտ գիշերներին՝ մոխրագույն ոլոռ բեկոնով, իսկ ամռանը՝ չամանով համեմված Յանի պանիր: Սա խոհանոց է, որ փոխկապակցված է եղանակին: Ռիգայում խոհարարների նոր սերունդը վերցնում է նույն բաղադրիչները եւ լուռ ապացուցում, որ դրանք երբեւէ պարզունակ չեն եղել:

Տոներ Եւ Փառատոներ
Եթե կարող ես ընտրել պահը, ընտրի´ր Յանին: Հունիսի քսաներեքին եւ քսանչորսին երկիրը դատարկվում է դեպի գյուղեր, վառվում են խարույկները, շրջանառվում են գարեջուրն ու պանիրը, իսկ երգերը շարունակվում են մինչև արշալույս, որը հազիվ է հասցնում հետեւել մայրամուտին: Անկախության օրը՝ նոյեմբերի տասնութին, մոմերի լույսը լցնում է վաղ մթնշաղը: Իսկ լատվիացիները արդարացի գոհունակությամբ պատմում են, որ զարդարված տոնածառը ծնվել է Ռիգայում 1510 թվականին:

Ճամփորդական Խորհուրդներ
Լատվիան հյուրընկալ է, եւ Ռիգան կարեւորագույն ճամփորդական կետն է, բայց կատարիր գոնե մեկ ճամփորդություն մայրաքաղաքից դուրս. երկրի բուն էությունը եւ բնույթը առավել արտահայտիչ է մայրաքաղաքից այն կողմ: Ե´կ հունիսին կամ հուլիսին՝ ամենաերկար օրերի համար, պատրաստ եղի´ր եղանակի փոփոխություններին, որը հաճախ է մտափոխում, եւ լռությունը մի´ շփոթիր սառնության հետ: Ռեստորաններում ընդունված է թողնել մոտ տասը տոկոս թեյավճար: Լատվիայում անտառին լու´րջ վերաբերվիր. արահետները, ճահիճներն ու ծովափերը երկրի բնական հուշարձաններն են, եւ դրանց մեծ մասն անվճար է:

Մագելլայնի կարծիքով՝ Լատվիան ավելի դանդաղ ուշադրություն է աղերսում. լույսը թաց սալահատակ փողոցների վրա, տարեկանի հացի բույրը, երգը, որ սահում է ամառային դաշտի վրայով: Ե´կ լուռ: Լատվիան քեզ կդիմավորի ջերմորեն եւ գրկաբաց: