Armenia
Countries / Armenia

Հայաստանը գտնվում է մշակութային, պատմական եւ կրոնական խաչմերուկում՝ Եվրոպայի ու Ասիայի միջև: Հին աշխարհագրագետները Հայկական լեռնաշխարհը կոչել են «Լեռնային կղզի» կամ «Փոքր Ասիայի տանիք»: Իրականում, երկրի միջին բարձրությունը ավելի քան մեկ մղոն է՝ մոտ 1800 մետր ծովի մակարդակից բարձր: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չունի ելք դեպի ծով՝ չնայած այն բանի, որ դե յուրը Հայաստանի Հանրապետությունը տարածքով ավելի մեծ է, ինչպես նաեւ ունի ելք դեպի Սեւ ծով: 

Հայաստանի լանդշաֆտները անսահման գեղեցիկ են: Հայաստանում ներկայացված են լանդշաֆտի յոթ հիմնական տեսակներ՝ տարբեր բարձր գոտիներում: Այս անապատային, կիսաանապատային, անտառային, ենթալպյան եւ ալպյան գոտիների միջոցով ներկայացված է աշխարհագրությունը, որը ներառում է բարձր լեռներ, բերրի հովիտներ, գեղեցիկ լանդշաֆտներ, բազալտյա սյուներ, ծերպեր տարատեսակ ժայռապատկերներով եւ ջրվեժներ: Ավելի քան 200 գետ եւ գետակներ հոսում են Հայաստանի տարածքով՝ կտրուկ անկումներով եւ արագ հոսքերով: Հայաստանում կան 5 գեղատեսիլ կիրճեր: Բացի այդ, երկիրը ունի ավելի քան 200 բուժիչ հանքային աղբյուրներ, որոնք տարբեր են համով, բաղադրությամբ եւ ջերմաստիճանով:

Հայերը, հանդիսանալով հնագույն ժողովուրներից մեկը, ապրելով եւ արարելով իրենց բնօրրանում, իրենց երկիրը կոչում են «Հայաստան», իսկ իրենց՝ «Հայ»: Բանահյուսությունը հայ ժողովրդի ծագումը կապում է Նոյ նահապետի որդի Հաբեթի ուղղակի հետնորդներից Հայկի հետ: Ըստ Հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթելով Ասորեստանի բռնապետ Բելին, հիմք դրեց անկախ հայկական պետականությանը եւ Հայկազունիների հարստությանը. երկիր կոչվեց Հայք: Պատահական չէ, որ Հին Հայաստանում օգոստոսի 11-ը համարվում էր նոր տարվա սկիզբ. այդ օրը հիշատակվում է որպես տոն՝ Նավասարդ անունով եւ նույն կերպ է կոչվում  նաև տարվա առաջին ամիսը։
Ըստ Անանիա Շիրակացու՝  Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն էր։ Այս համատեքստում Հայկը թերեւս գերագույն աստված է համարվել եւ տնօրինել է նաև ժամանակը։ Այդ իսկ պատճառով էլ հայ քրմերը Հայկի զավակների անուններով կոչել են իրենց ամսանունները՝ Նավասարդ, Հոռի,  Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ և այլն։ Այս անվանումները թեև չեն համապատասխանում Մովսես Խորենացու պատմությունից մեզ հայտնի Հայկի զավակների անունների հետ, սակայն այսպես է ընդունված եղել միջնադարում։ 

Ըստ Ագաթանգեղոսի, Նավասարդին է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեկ ամբողջ օր Արածանիի ջրերում մկրտել Տրդատ թագավորին, արքայական ընտանիքն ու արքունիքը։ Նավասարդի օրը հիշատակել են պտղաբերության ու բերքի հովանովոր, նաեւ հյուրընկալության աստված համարվող Վանատուրին։ Նավասարդի 1-6-ն են տևել նավասարդյան տոները, որոնք նվիրված են եղել աստվածների հայր Արամազդին։
Հայկի ժառանգները՝ հայերը՝ որպես Արարատի երկրում ապրող բնիկ ժողովուրդ, ձևավորեցին իրենց ազգային ինքնությունը՝ հզոր հայկական թագավորությունների վերելքով, քրիստոնեության ընդունմամբ որպես Հայաստանի պետական կրոն եւ հայոց այբուբենի ստեղծմամբ, որը խթանեց գրականության, փիլիսոփայության եւ գիտության զարգացմանը:

Հայաստանը իր հազարամյա պատմության ընթացքում, ունեցել է տարբեր ծաղկման եւ վայրիվերումների շրջաններ: Հատկանշական է, որ Հայաստանը իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի թագավորության շրջանում. Տիգրան Մեծի օրոք Հայաստանը վերածվեց Առաջավոր Ասիայի հզորագույն տերության՝ ձեռնոց նետելով դեպի Արեւելք ընդլայնվող Հռոմեական Հանրապետությանը: Հայաստանի պատմության չափազանց կարեւոր դրվագներից մեկն էլ Կիլիկիայի թագավորության շրջան է, երբ Անիի թագավորության անկումից հետո, Հայոց թագը Անիից տեղափոխվեց Սիս, իսկ Հայոց Կաթողիկոսության կենտրոնը Էջմիածնից՝ Հռոմկլա: Շուրջ 300-ամյա պատմության ընթացքում Կիլիկիան Հայաստանը վերածվեց միջերկրածովյան հզորագույն պետություններից մեկը՝ հսկայական դեր խաղալով Արեւք-Արեւմուտք միջազգային առեւտրում: Թագավորության անկումից հետո Հայոց գահի տիտղոսը Լուսինյաների միջոցով անցավ Իտալիայի Սակվոյան թագավորական տոհմին, որը մինչ այժմ կրում են այդ ընտանիքի ներկայացուցիչները:

Հայաստանի հաջորդ կարեւոր շրջանը դա երկարատեւ ընդմիջումից եւ Հայոց Ցեղասպանությունից հետո Հայաստանի Անկախության վերականգնումն էր, որը տեղի ունեցավ 1918 թվականի Մայիսի 28-ին: Չնայած իր կարճատեւ գոյության ընթացքում՝ շուրջ 2 տարի, Հայաստանի Հանրապետությունը նախ ճանաչվեց ԱՄՆ-ի, Ազգերի լիգայի եւ Անտանտի երկրների կողմից, լրջագույն ձեռքբերումներ ունեցավ Հայոց Պահանջատիրության եւ Հայկական իրավունքների վերականգման ասպարեզում, մշակույթի, գիտության, հայահավաքության եւ այլ ասպարեզներում: Երկրի բնականոն զարգացումը եւ բարգավաճումը ընդհատվեց 1921 թվականի ռուս-թուրքական օկուպացիայով եւ անեքսիայով. Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվեց եւ մասնատվեց: 

Շարունակելով իր անխոնջ ազատագրական պայքարը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի Անկախության Հռչակագիրը, որն էլ հիմք դրեց Հայաստանի Անկախության վերականգմանը: