Jersey
Countries / Jersey

Տեղատվության ժամանակ թվում է, թե Ջերսիի շուրջ ծովը նահանջում է՝ կղզին դարձնելով ավելի մեծ, քան այն կար նախկինում։ Գորիի նավահանգստում նավակները հանգչում են ավազի վրա, երեխաները՝ դույլերը ձեռքներին, թափառում են ժայռերի մեջ գոյացած ջրավազանների շուրջ, իսկ հարեւան ամրոցը, որը դեռ մեկ ժամ առաջ առանձին կղզու վրա էր, հանկարծ հասանելի է դառնում կարճատև հեռավորության վրա։ Ապա ջուրը վերադառնում է՝ արագ ու արծաթափայլ, եւ ափագիծը կրկին վերափոխվում է։ Սա Ջերսին է՝ մի փոքրիկ կղզի, որն օրական երկու անգամ վերագծում է իր սեփական քարտեզը։

Ջերսին Նորմանդյան կղզիներից ամենամեծն է։ Այն գտնվում է Սեն Մալոյի ծոցում՝ Նորմանդիայի ափից մոտ 22 կիլոմետր, իսկ Անգլիայի հարավից՝ մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա։ Կղզին զբաղեցնում է մոտ 118 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչությունը կազմում է շուրջ 103 000 մարդ։ Լինելով Բրիտանական թագին ենթակա տարածք (British Crown Dependency)՝ այնուամենայնիվ Ջերսին չի մտնում ո՛չ Միացյալ Թագավորության, ո՛չ էլ Եվրոպական միության կազմի մեջ եւ ունի սեփական օրենսդրությունը։ Տեղանքը հյուսիսից հարավ աստիճանաբար իջնում ​​է. բարձր գրանիտե ժայռերը նայում են դեպի Լա Մանշ նեղուցը, իսկ հարավում եւ արեւմուտքում տարածվում են երկար ավազուտ ծովախորշեր։ Շնորհիվ իր հարավային դիրքի՝ Ջերսին հաճախ համարվում է Բրիտանական կղզիների ամենաարեւաշող վայրերից մեկը՝ մեղմ ձմեռներով եւ տաք, զով քամիներով լի ամառներով։

Լեզուն
Առօրեական լեզուն անգլերենն է, ուստի այցելուները հեշտությամբ կարող են հաղորդակցվել։ Բայց եւ այնպես, ֆրանսերենը ներկա է ամենուր։ Փողոցների, վարչական շրջանների եւ հին ֆերմերային տների անվանումները ֆրանսիական ծագում ունեն, իսկ ֆրանսերենը երկար ժամանակ եղել է կղզու դատարանների եւ խորհրդարանի պաշտոնական լեզուն։ Գյուղական վայրերում դեռ կարելի է լսել տեղական նորմանդական լեզվի «Jèrriais»-ի (ջերսիերեն) հնչյուներ։ Այսօր կղզու բնակիչներից քչերն են տիրապետում դրան, սակայն այն դասավանդվում է դպրոցներում։ Ի դեպ, ջերսիերենով կղզին կոչվում է «Ջերրի» (Jèrri)։

Քաղաքները Եւ Գյուղերը
Կղզու միակ իրական քաղաքը մայրաքաղաք Սենտ Հելիերն է, որը կղզու բնակչության մոտ մեկ երրորդի տունն է։ Այստեղի նավահանգիստները, գրանիտե փողոցներն ու առեւտրային թաղամասերը քաղաքին հաղորդում են շատ ավելի մեծ բնակավայրին բնորոշ դինամիկա։ Ծոցի երկայնքով դեպի արեւմուտք ընկած է Սենտ Օբեն նավահանգստային գյուղը՝ գունագեղ տներով, փոքրիկ պատկերասրահներով եւ ծովամթերքի հարուստ մենյուով բարձրակարգ ռեստորաններով։ Արեւելյան ափին՝ ամրոցի պարիսպների ստորոտում, իր նավահանգստի շուրջ է փռված Գորին, իսկ մոտակայքում սփռված կանաչ հովտում է գտնվում Ռոզելը՝ իր փոքրիկ ձկնորսական նավահանգստով։ Կղզին՝ հյուսիսում գտնվող կանաչ Թրինիթիից մինչև Սենտ Բրելեդի ոսկեզօծ ծոցը, բաժանված է տասներկու վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր եկեղեցին եւ տեղանքին բնորոշ յուրօրինակ ազգային ինքնագիտակցությունը։

Մշակույթ Եւ Պատմություն
Մարդիկ այս հողում բնակվել են շատ ավելի վաղ, քան այն կղզի կդառնար։ Սառցե դարաշրջանի որսորդները ապաստանել են «Լա Կոտ դը Սենտ Բրելեդ»-ում (La Cotte de St Brelade), որը Եվրոպայում նեանդերթալցիների գործունեության ամենակարեւոր վայրերից մեկն է, իսկ Ջերսիի նեոլիթյան դամբարաններն ավելի հին են, քան Եգիպտոսի բուրգերը։ 933 թվականին կղզին դարձավ Նորմանդիայի դքսության մաս։ Երբ 1204 թվականին Անգլիայի թագավոր Ջոնը կորցրեց մայրցամաքային Նորմանդիան՝ զիջելով այն Ֆրանսիային, կղզիաբնակները որոշեցին մնալ անգլիական թագի ենթակայության տակ։ Այդ ընտրությունը հանգեցրեց նրան, որ դարերի ընթացքում Ֆրանսիայի ուղղությամբ կառուցվեցին բազմաթիվ ամրոցներ, իսկ տեղում ձեւավորվեց յուօրինակ մշակույթ, որը իր էությամբ ո՛չ բրիտանական է եւ ո՛չ էլ նորմանդական։

Ամենադժվար շրջանը 1940-ից 1945 թվականներն էին, երբ Ջերսին եւ Չանելյան մյուս կղզիները՝ Եվրոպայում միակ բրիտանական տարածքները, օկուպացիայի էին ենթարկվել գերմանական ուժերի կողմից։ 1850-ական թվականներին այստեղ աքսորում է ապրել Վիկտոր Հյուգոն, իսկ կղզում է ծնվել դերասանուհի Լիլի Լանգտրին՝ «Ջերսիի շուշանը»։

Մարդիկ
Ջերսիի բնակիչները բարյացակամ են, գործնական եւ աննկատ հպարտանում են իրենց անկախությամբ։ Գյուղական ճանապարհների երկայնքով կտեսնեք փոքրիկ ճամփեզրյա տաղավարներ, որոնք վաճառում են կարտոֆիլ, ձու, ծաղիկներ եւ մեղր, ինչպես նաև վճարման համար նախատեսված է հատուկ արկղիկ՝ հիմնված մարդկանց ազնվության վրա։ Նեղ ճանապարհներին վարորդները, որոնք մի կողմ են քաշվում՝ ձեզ ճանապարհ տալու համար, ստանում են շնորհակալության նշան՝ բարձրացված ձեռքի տեսքով։

Խոհանոցը
Ջերսիի խոհանոցը սկիզբ է առնում ծովից եւ հողից։ Հայտնի «Ջերսի Ռոյալ» (Jersey Royal) կարտոֆիլը, որն ունի ծագման պաշտպանված հեղինակային անվանում, հայտնվում է ամեն գարնանը․ այն ամենահամեղն է եփված վիճակում՝ կարագով մատուցելիս։ Կարագն ու սերուցքը ստացվում են կղզու սեփական ջերսիական ցեղատեսակի կովերից։ Ծովամթերքը հիանալի է․ Գրուվիլի թագավորական ծովածոցի (Royal Bay of Grouville) ոստրեներ, օմարներ, խեցգետիններ, սկալոպներ եւ «օրմերներ» (ormers)՝ տեղական արժեքավոր փափկամարմիններ, որոնք կարելի է հավաքել տարվա ընթացքում միայն մի քանի անգամ՝ տեղատվության ժամանակ։ Փորձե՛ք «բին կրոկ» (bean crock)՝ լոբուց եւ խոզի մսից պատրաստված ուտեստ, որը երկար ժամանակ եփվում է դանդաղ կրակի վրա, ինչպես նաև «Ջերսիի հրաշալիքները» (Jersey wonders)՝ փոքրիկ, ոլորված բլիթները։ «Սև կարագը» (Black butter կամ nièr beurre) խնձորից պատրաստված մուգ գույնի, համեմունքներով հարստացված ջեմ է, որը պատրաստում են աշնան երկար գիշերներին, իսկ տեղական սիդրը (մրգահատապտղային փուլ անցած ալկոհոլային գինի) հիանալի ավարտ է ճաշկերույթի համար։

Պետական Տոներ Եւ Փառատոներ
Տարվա ամենանշանակալի օրը մայիսի 9-ին Ազատագրման օրն է, երբ կղզին հիշում է 1945 թվականին օկուպացիայի ավարտը՝ արարողություններ, երաժշտություն եւ ընտանեկան հավաքույթներ անցկացնելով: Օգոստոսին «Ծաղիկների ճակատամարտը» փողոցները լցնում է հազարավոր ծաղիկներով ծածկված հարթակներով, մի ավանդույթ, որը սկսվել է 1902 թվականին: Աշնանը Հեմփթոնի «Լա Ֆաիսի դ'Սիդրը» նշում է խնձորի բերքահավաքը՝ ավանդական խնձորօղի պատրաստմամբ: Սուրբ Ծննդյան տոներին Սուրբ Հելիերը փայլում է լույսերով եւ շուկաներով:

Ճամփորդական Խորհուրդներ
Այցելելու լավագույն ժամանակը մայիսից սեպտեմբերն է, երբ օրերը երկար են, իսկ ծովը՝ ամենատաքը: Դուք կարող եք կղզի հասնել օդային ճանապարհով՝ Ջերսիի օդանավակայանով, կամ լաստանավով՝ Անգլիայից եւ Ֆրանսիայի Սեն Մալոյից: Մուտքի կանոնները համապատասխանում են Մեծ Բրիտանիայի կանոններին: Արժույթը ջերսիական ֆունտն է, որը համարժեք է բրիտանական ֆունտ ստերլինգին: Այստեղ գործում են բրիտանական թղթադրամները, բայց Ջերսիի թղթադրամները դժվար է օգտագործել այլ վայրերում, այնպես որ ծախսե´ք դրանք մեկնելուց առաջ: Երթեւեկությունը ձախակողմյան է, իսկ կանաչ գոտիներում սահմանաչափը ժամում 15 մղոն է եւ առաջնահերթությունը տրվում է հետիոտներին եւ հեծանվորդներին: Էլիզաբեթի ամրոց կամ Սեյմուրի աշտարակ գնալուց առաջ միշտ ստուգե´ք մակընթացության ժամանակը. ծովը վերադառնում է սպասվածից ավելի արագ։

Մագելլանյան Դիտարկումներ
Ջերսին լիովին բացահայտելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան ճանապարհորդների կողմից է նախատեսվում դրա համար։ Մարդիկ այստեղ են գալիս հանգստյան օրերի համար եւ հեռանում են՝ զղջալով, որ չեն պլանավորել իրենց հանգիստը ամբողջ շաբաթվա համար: Այստեղ ժամանելիս մշտապես հետեւե´ք մակընթացությունների կանխատեսումներին եւ մեկ ամբողջ երեկո նախատեսե´ք Սուրբ Օուենի ծոցի վրա անիրական թվացող մայրամուտին հետեւելու համար։