Mexico
Countries / Mexico

Մեքսիկայում անցյալը եւ ներկան երբևէ չեն հակադրվում։ Գաղութային շրջանի տաճարը վեր է խոյանում ինչ-որ բուրգի աստիճանավոր քարերի վրա, որը կառուցվել է իսպանական նվաճումներից շատ ավելի առաջ, մայրաքաղաքում մետրոյի պեղումները բացում են ացտեկական տաճարի հիմքերը, իսկ Օախակայի մի խոհանոցում կինը եգիպտացորեն է աղում հրաբխային քարից պատրաստված մետատեի վրա (հացահատիկային աղաց), ճիշտ այնպես, ինչպես հազարամյակներ առաջ դա անում էին իր նախնիները, մինչ թոռնուհին նրան նկարահանում է հեռախոսով։ Քիչ երկրներ են իրենց պատմությանն այսքան մտերմիկ կրում՝ ամեն շերտ պահելով տեսանելի եւ դեռ կենդանի։

Հենց այս շարունակականությունն է, որ ձեզ հետ մնում է երկար ժամանակ, երբ արեւայրուքն արդեն վաղուց անցել է։ Ճանապարհորդները հաճախ գալիս են լողափերի, ավերակների կամ փողոցային կրպակի տակոյի համար, իսկ մեկնում են այն տարօրինակ զգացումով, կարծես մեկ օրում անցել են մի քանի դար։ Գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով եւ ավելի քան 130 միլիոն բնակչությամբ Մեքսիկան լայնախոհություն եւ մտահորիզոն է պահանջում։

Բնապատկերներ
Սկսեք հյուսիսից. այստեղ հողը չոր ու անծայրածիր է թվում։ Այստեղ Սիեռա Մադրե լեռները ձեւավորում են կիրճեր, որոնք ավելի խորն են, քան բուն Մեծ կիրճը (Grand Canyon)։ Ավելի հարավ՝ բարձրադիր վայրերում, օդը դառնում է նոսր ու մաքուր, իսկ Պոպոկատեպետլի եւ Պիկո դե Օրիսաբայի նման ձյունածածկ հրաբուխները հսկում են գյուղատնտեսական հողերն ու սոճու անտառները։ Ամեն ձմեռ Կանադայից այստեղ են թռչում միլիոնավոր «մոնարխ» (Danaus plexippus) թիթեռներ եւ հաստատվում Միչոականի եղեւնու անտառներում՝ այնքան խիտ ծածկելով ծառերը, որ ճյուղերը կռանում են դրանց ծանրության տակ։

Ողջ երկիրը բաժանվում է երկու հակադիր ափագծերի. Խաղաղօվկիանոսյան ափը վայրի է ու անհանգիստ՝ սերֆինգի երկար լողափերով, Բախա Կալիֆորնիա անապատային թերակղզով եւ Կորտեսի ծոցով (Կալիֆոռնիայի ծոց), որտեղ գորշ կետերը գալիս են ձագեր ծնելու տեղի ծովածոցերում։ Կարիբյան ափը հանդարտ է ու փիրուզագույն, իսկ ափից ոչ հեռու ձգվում է Մեսոամերիկյան խութը՝ աշխարհի երկրորդ ամենամեծ արգելախութը: Ցամաքի խորքում Յուկատան թերակղզին է, որի տակ թաքնված է սենոտների ընդարձակ աշխարհ՝ քաղցրահամ ջրերով լի ձագարափոսեր, որտեղ արեւի ճառագայթները ժայռերի միջով թափանցում են մաքուր ջրերը: Հնում մայաները կարծում էին, որ դրանք ստորգետնյա աշխարհի մուտքի դարպասներն են։ Պարզապես պետք է լողալ դրանցից մեկում՝ հասկանալու համար, թե ինչու։

Քաղաքները
Մեխիկոն հարուստ է բազմաշերտ մշակույթյով։ Մայրաքաղաքը գտնվում է 2240 մետր բարձրության վրա՝ չորացած լճի հատակին, հենց այն վայրում, որտեղ ացտեկները կառուցել էին իրենց մայրաքաղաք Տենոչտիտլանը։ Նրա պատմական կենտրոնը կանգնած է ուղիղ դրանց ավերակների վրա։ Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք ունեն նման մեծ թվով թանգարաններ։

Մայրաքաղաքից դուրս յուրաքանչյուր քաղաք ունի իր գույնը։ Օախական երկրի խոհարարական սիրտն է՝ հայտնի իր «մոլե» (moles) սոուսով եւ արհեստագործական շուկաներով։ Գուանախուատոն գունավոր տների կասկադով մագլցում է նեղ կիրճի լանջերով։ Պուեբլան փայլում է ձեռքով նկարված «Տալավերա» սալիկներով, իսկ Սան Միգել դե Ալյենդեն՝ իր հմայքով, սերունդներ շարունակ գրավում է նկարիչներին եւ գրողներին։ Յուկատանում Մերիդան պահպանում է դանդաղ ու նրբագեղ առորեական ռիթմը, մինչդեռ Գվադալախարան աշխարհին է նվիրել թե՛ մարիաչի երաժշտությունը, թե՛ տեկիլան։

Դրանց շրջակայքում են գտնվում հնագույն մեծ հուշարձանները՝ Տեոտիուականը՝ իր Արեւի բուրգով, մայաների ժառանգության մաս կազմող Չիչեն Իցան եւ Պալենկեն, ինչպես նաև Կարիբյան ծովի ափամերձ ժայռերի վրա վեր խոյացող Տուլումը։ Այս հնագույն քաղաքներից ու տեսարժան վայրերից յուրաքանչյուրն ինքնին կարող է դառնալ առանձին ճամփորդության նպատակակետ։

Հյուրընկալություն
Մեքսիկայում հյուրընկալությունը սկսվում է սեղանի շուրջ։ Մեքսիկական խոհանոցն առաջին ազգային խոհանոցն էր, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս։ Եգիպտացորենը, չիլի պղպեղը, կակաոն, լոբազգիներն ու դդմազգիները ծագումով այս հողից են, եւ մեքսիկացի խոհարարները հազարամյակներ շարունակ կատարելագործել են դրանց օգտագործման հմտությունները։ Միայն մեկ տեսակի «մոլե» սոուսը կարող է պարունակել ավելի քան երեսուն բաղադրիչ, իսկ դրա պատրաստումը կարող է օրեր տեւել։ Այնուամենայնիվ, ամենահամեղ ուտեստներից մի քանիսը կարելի է համտեսել կեսգիշերին՝ փողոցային արագ սննդի կետերում, որտեղ «տակոս ալ պաստոր»-ի (tacos al pastor) միսը կտրում են անմիջապես ջեռողի վրա պտտվող շամփուրից։

Այստեղ սիրում են ասել «mi casa es su casa», այսինքն՝ «իմ տունը ձեր տունն է», եւ դա ասում են անկեղծորեն։ Մեքսիկայում կյանքը ընթանում է ֆիեստայի ռիթմով՝ գյուղական սրբերի տոներից մինչև նոյեմբերի սկզբին նշվող «Մահացածների» օրը։ Ընտանիքները զոհասեղաններ են պատրաստում նարնջագույն ծաղիկներով, մոմերով եւ հեռացածների սիրելի ուտեստներով, իսկ գերեզմանոցներն ամբողջ գիշեր լցվում են երաժշտությամբ ու զրույցներով։ Դա հիշողության տոն է՝ ջերմ ու ուրախ եւ խորապես մեքսիկական։

Մագելլանյան Դիտարկումներ
Մեքսիկան դառնում է անչափ կլանող, երբ դիմադրում եք ամեն ինչ տեսնելու գայթակղությանը։ Ընտրե´ք մեկ տարածաշրջան եւ թողե´ք, որ այն բացահայտվի դանդաղորեն՝ մայրաքաղաքն ու բարձրավանդակի քաղաքները, Օախական եւ նրա շուկաները կամ Յուկատանն իր սենոտներով եւ մայաների քաղաքներով։ Չոր սեզոնը, մոտավորապես նոյեմբերից ապրիլ, երկրի մեծ մասը ապահովում է ամենահարմարավետ եղանակով։

Ինչ էլ ընտրեք, հետաքրքրվա´ծ մնացեք նրանով, ինչ թաքնված է խորքում։ Մեքսիկայում միշտ կա ևս մեկ շերտ՝ եկեղեցու տակ, փողոցի տակ, ջրի մակերեսի տակ։ Սա է այս երկիրը դարձնում առանձնահատուկ եւ գրավիչ։