Տեսարժան վայրեր
Countres / Germany / Տեսարժան վայրեր

Գերմանիան արտասովոր հակադրությունների երկիր է․ մշուշապատ հովիտների վերեւում երկինք խոյացող միջնադարյան ամրոցներով, սաղարթախիտ անտառներով եւ գյուղերով, որոնք կարծես ժամանակից դուրս են մնացել։ Անկախ նրանից՝ դուք փնտրում եք զբոսաշրջային ուղեցույցներում լայն տարածում գտած հայտնի տեսարանները, թե ցանկանում եք բացահայտել քիչ հայտնի տեսարժան վայրերեը, Գերմանիան կարդարացնի յուրաքանչյուր ճանապարհորդի սպասելիքները։

Տեսարժան Վայրեր, որոնք պետք է տեսնել.

Նոյշվանշտայն ամրոց (Բավարիա)
Աշխարհի ամենաճանաչելի ամրոցներից մեկը՝ Նոյշվանշտայնը, հպարտորեն վեր է խոյանում Բավարական Ալպերի լանջերին՝ Ֆյուսենի մոտակայքում։ Այն կառուցվել է 19-րդ դարում արքա Լյուդվիգ II-ի համար եւ դարձել Դիսնեյի «Քնած գեղեցկուհի» ամրոցի ներշնչանքը։ Ամրոցը մտնում է երկու սանդղակի աշտարակներով սիմետրիկ դարպասների մեջ։ Ամրոցի արեւելյան դարպասները ներկված են տարբեր գույներով։ Արտաքին պատերը ծածկված են կարմիր աղյուսով, դահիճները՝ դեղին ժայռերով։
Այցելե´ք վաղ առավոտյան, երբ ամրոցը պատված է մշուշով․ այդ պահին թե՛ այցելուներն են քիչ, թե՛ մթնոլորտն է առավել խորհրդավոր։

Բրանդենբուրգյան Դարպասներ (Բեռլին)
Վերամիավորված մայրաքաղաքի սրտում կանգնած Բրանդենբուրգյան դարպասները Գերմանիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է։ Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791 թվականերին։ Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը։ Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով։ Ճակատի ձեւավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին։ Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան։ Երբևէ բաժանելով Արեւելքն ու Արեւմուտքը՝ այսօր այն միավորում է աշխույժ Փարիզեր Պլացը։
Քայլե´ք դեպի արեւմուտք՝ Տիերգարտենի ուղղությամբ, կամ դեպի արեւելք՝ Ունտեր դեն Լինդենի երկայնքով, որտեղ պատմությունը արտահայտվում է ամեն քայլափոխի։

Քյոլնի Տաճար
Այս գոթական գլուխգործոցը կառուցվել է շուրջ 600 տարի, եւ որոշակի ժամանակաշրջանում այն համարվում էր աշխարհի ամենաբարձր կառույցը։
Բարձրացե´ք հարավային աշտարակի 533 աստիճաններով՝ վայելելու Քյոլնի եւ Հռենոսի հիասքանչ տեսարանը։ Ներսում պահվում է Երեք Մոգերի միջնադարյան սրբարանը՝ արեւմտյան աշխարհի ոսկերչական արվեստի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը։

Մարիենպլաց (Մյունխեն)
Մյունխենի սիրտը համարվող Մարիենպլաց հրապարակը շրջապատված է նեոգոթական Նոյես Ռատհաուսով, որի հայտնի Glockenspiel ժամացույցը հնչում է ամեն օր՝ ժամը 11-ին և 12-ին։ Այստեղ են գտնվում Նոր եւ Հին մյունխենյան քաղաքապետարանի շենքերը, ինչպես նաև այստեղից է սկսվում Կաուֆինգերշտրասսե փողոցը, որտեղ տեղակայված են մեծաքանակ խանութներ։ Շրջակայքում են գտնվում նաև պատմական Վիկտուալիենմարկտ շուկան, մյունխենյան ամենամեծ Ֆրաուէնկիրխե տաճարը եւ շատ այլ տեսարժան վայրեր։ Մարիենպլաց հրապարակի տակ է գտնվում մյունխենյան հասարակական տրանսպորտի հանգուցային կայանը, որտեղ խաչվում U3 եւ U6 գծերը՝ մյունխենյան մետրոյի եւ քաղաքային գնացքների կենտրոնական հանգույցը։ Հրապարակը տարվա բոլոր եղանակներին աշխույժ է, սակայն հատկապես կախարդական է Սուրբ Ծննդյան տոնավաճառների ժամանակ, երբ տաք գինու եւ դարչինի բույրերը լցվում են օդում։

Հռենոսի Հովիտ
Բինգենից մինչև Կոբլենց ձգվող Միջին Հռենոսի հովիտը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Խաղողի այգիներով ծածկված բլուրները իջնում են դեպի գետը՝ զարդարված ամրոցներով եւ գինեգործական հմայիչ գյուղերով, ինչպիսիք են Բախարախը եւ Ռյուդեսհայմը։ Այստեղով նավարկությունը Գերմանիայի ամենագեղեցիկ «դանդաղ շրջագայություններից» մեկն է։

Քիչ հայտնի, բայց և այնպես անչափ հիշարժան վայրեր.

Քվեդլինբուրգ (Սաքսոնիա-Անհալտ)
Հարց լեռների ստորոտում ծվարած Քվեդլինբուրգը կատարյալ պահպանված միջնադարյան քաղաք է, որը հաճախ վրիպում է զբոսաշրջիկների ուշադրությունից։ Ավելի քան 1300 փայտաշեն տներ շարունակում են պահպանել քաղաքի հին շունչը, իսկ բարձունքի վրա գտնվող Սուրբ Սերվատիուսի կոլեգիալ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս է։ Հանգիստ աշխատանքային օրերին կարող եք գրեթե միայնակ թափառել նրա սալահատակ փողոցներով։

Ռյուգեն կղզի (Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա)
Գերմանիայի ամենամեծ կղզին բոլորովին այլ աշխարհ է՝ հեռու հարավային զբոսաշրջային երթուղիներից։ Ռյուգենի սպիտակ կավճե ժայռերը, որոնք հավերժացրել է նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը, փայլում են Բալթիկ ծովի կապույտին ընդառաջ։ Այստեղ է նաև Պրորան՝ նացիստական ժամանակաշրջանի հսկայական առողջարանային համալիրը, որն այսօր աստիճանաբար վերածվում է բնակարանների եւ թանգարանների։

Մաուլբրոննի Վանք (Բադեն-Վյուրթեմբերգ)
Ալպերից հյուսիս գտնվող լավագույն պահպանված միջնադարյան վանական համալիրներից մեկը՝ Մաուլբրոննը, նիրհում է անտառապատ հովտում՝ Շտուտգարտի եւ Կառլսրուհեի միջև։ 12-րդ դարի ցիստերցիական վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր դեռևս այն ժամանակ, երբ շատերը նույնիսկ չէին լսել այս վայրի մասին։ Այստեղ են սովորել Յոհաննես Կեպլերը եւ Հերման Հեսսեն։ 

Մոնշաու (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա)
Բելգիայի սահմանի մոտ գտնվող Էյֆելի բլուրների նեղ հովտում թաքնված Մոնշաուն Գերմանիայի ամենագեղատեսիլ փոքր քաղաքներից մեկն է։ Նրա փայտաշեն տները սեղմված են Ռուր գետի ափերին բարձրացող բլուրների վրա։ Հին մանանեխի գործարանը մինչ օրս շարունակում է աշխատել, իսկ Սուրբ Ծննդյան շուկան համարվում է երկրի ամենահմայիչ եւ ջերմ տոնավաճառներից մեկը։

Բամբերգ (Բավարիա)
Բամբերգը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված քաղաք է, որի միջնադարյան տեսարանը գրեթե չի փոխվել ժամանակակից կառուցապատմամբ։ Ճանապարհորդների շրջանում այն հայտնի է նաև որպես «Փոքր Վենետիկ»: Քաղաքը հայտնի է նաև իր յուրահատուկ Rauchbier՝ ապխտած գարեջրով, որը դարեր շարունակ եփվում է այստեղ։
Այցելե´ք տեղի ճոխ ռոմանա-գոթական ոճով տաճարը, զբոսնե´ք եպիսկոպոսական պալատի բարոկկո այգիներով եւ երեկոն ավարտե´ք պատմական գարեջրատներից մեկում։

Օգտակար Ճամփորդական Խորհուրդներ. 

Լավագույն ժամանակը այցելելու համար՝
Մայիս-հունիս եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Գերմանիայում եղանակը հաճելի է եւ մարդկանց հոսքը ավելի քիչ է։ Հուլիս-օգոստոսը զբոսաշրջային ամենաակտիվ շրջանն է։ Դեկտեմբերը կախարդական է իր Սուրբ Ծննդյան տոնավաճառների շնորհիվ։

Տեղաշարժ
Գերմանիայի երկաթուղային ցանցը (Deutsche Bahn) հսկայածավալ եւ արդյունավետ է։ Deutschland-Ticket միասնական տոմսը հիանալի տարբերակ է դանդաղ ու գեղատեսիլ ճանապարհորդությունների համար։

Լեզու
Խոշոր քաղաքներում եւ զբոսաշրջային վայրերում անգլերենը լայնորեն կիրառելի է, սակայն գերմաներենի մի քանի բառ սովորելը (Danke, Bitte, Entschuldigung) հատկապես ձեզ կոգնի փոքր քաղաքներում։

Կանխիկ 
Չնայած արդիական բանակային համակարգին եւ ենթակառուցվածքներին՝ Գերմանիայում դեռևս կանխիկի մշակույթը լայն ըդգրկվածություն ունի այլ եվրոպական երկրների հետ համեմատած։ Փոքր գյուղերում եւ ընտանեկան ռեստորաններում եվրո ունենալը հաճախ անհրաժեշտ է։

✦   ✦   ✦


Մագելլանյան Դիտարկումներ
Գերմանիան բացահայտվում է դանդաղ՝ իր ալպյան ամրոցների դրամատիկ տեսարաններից մինչև մոռացված միջնադարյան քաղաքների սալահատակ փողոցները։ Սա երկիր է, որի գեղեցկությունը արտահայտվում է գետափնյա լռության, տաճարների զանգերի, անտառային ճանապարհների եւ այն ակնթարթների մեջ, որոնք հավերժ դաջվում են ճանապարհորդի հիշողության մեջ։