Տասնյոթ հազար կղզիներ ցրված են հասարակածի երկայնքով, կարծես ավելի շատ նետված, քան դասավորված, յուրաքանչյուրն ունի իր աստվածները, իր լեզուն, իրեն բնորոշ կացութաձեւը։ Ջակարտայում օդանավից իջնելիս դու ամբողջությամբ այլ «աշխարհում» ես, Ֆլորեսում նավակից կամ Մոլուկյան կղզիներում լաստանավից իջնելիս դու մեկ այլ «աշխարհում» ես։ Ինդոնեզիան հնարավոր չէ բացահայտել որպես մեկ ամբողջություն. այն բացահայտվում է կղզի առ կղզի։
Քաղաքները
Ջակարտան դինամիկ է եւ քայլում է ժամանակին համընթաց. ապակե երկնաքերերի, փողոցային սննդի տաղավարների եւ արդիական տրանսպորտային ենթակառուցվածքով ընդարձակ մայրաքաղաք։ Ջոկյակարտայում պատկերն բոլորովին այլ է՝ պալատների, բատիկի արհեստանոցների եւ խաղաղ բակերով քաղաք, որտեղ ճավայական ավանդույթները դեռեւս գերակշռում են առօրեական կյանքում։ Բալիի Դենպասարը եւ Ուբուդի շրջակա քաղաքները դարձել են կղզու մշակութային սիրտը, որտեղ բրնձի տեռասաները համակեցության մեջ են տաճարային արարողությունների եւ ավելի խաղաղ մի բան փնտրող ճանապարհորդների մշտական հոսքերի հետ։ Ավելի արեւելք գտնվող Մակասարը պատուհան է բացում դեպի ավելի ծովային Ինդոնեզիա՝ նավահանգստային քաղաք, որը կառուցվել է կղզիների եւ մայրցամաքների միջև դարավոր առեւտրային փոխհարաբերությունների արդյունքում։
Մշակույթ
Ինդոնեզական մշակույթը հասկանալը դյուրին չէ, քանի որ այն երբևէ չի խարսխվել մեկ աղբյուրի վրա: Ճավայական արքունական ավանդույթները, բալիական հինդուիստական ծեսերը, Սումատրայի իսլամական սովորույթները, ինչպես նաև հարյուրավոր փոքր էթնիկ խմբերի տեղական ավանդույթները սինթեզվում են մեկ ազգային մշակույթի շրջանակներում: Գամելա երաժշտությունը, ստվերների թատրոնը եւ բատիկի շքեղ գունազարդ գործվածքները մարմնավորում են դարավոր արհեստագործական հմտությունները, իսկ Բալիի տաճարային արարողություններում դեռեւս շարունակում են հետեւել ժամանակակից պետությանը նախորդող օրացույցին: Այս բազմազանությունը միախառնվում է ջերմ հյուրընկալության հետ:
Մարդիկ
Ինդոնեզացիներ զարմանալիորեն հյուրընկալ մարդիկ են. ընտանիքն ու համայնքը առանցքային են առօրյա կյանքում, եւ ժպիտը կամ քաղաքավարության փոքր ժեստը հազվադեպ են մնում անպատասխան: Անգլերենը լայնորեն կիրառվում է զբոսաշրջային վայրերում, թեև բահասա ինդոնեզիա պաշտոնական լեզվից մի քանի բառ իմանալը, որը երկրի միավորող լեզուն է իր բազմաթիվ էթնիկ խմբերի միջև, հաճախ ձեր առաջ կարող է բացել շատ դռներ։
Խոհանոց
Ինդոնեզիական ուտեստները կրում են աշխարհագրության եւ առեւտրային պատմության հետքը։ Բրինձը կազմում է գրեթե յուրաքանչյուր ուտեստի հիմքը, որը ուղեկցվում է ուտեստներով, որոնք ձեւավորվել են դարավոր համեմունքային ուղիների ազդեցության ներքո. նասի գորենգը, սաթայը, ռենդանգը եւ գադո-գադոն յուրաքանչյուրը արտացոլում են տարբեր տարածաշրջանների բնույթը։ Սամբալը՝ կծու չիլի համեմունք, որը հանդիպում է գրեթե ամեն սեղանի վրա, տարբերվում է կղզուց կղզի, իսկ երբեմն նույնիսկ գյուղից գյուղ։ Փողոցային սննդի մշակույթը կենսունակ է եւ կենտրոնական դեր ունի առօրյա կյանքում, իսկ վարունգներում (warung` Ինդոնեզիայում փոքր ընտանեկան բիզնեսի կետ է՝ մանրածախ առեւտրի կրպակի, փոքրիկ ճաշակետի կամ սրճարանի տեսքով) մատուցվում են երկրի ամենահայտնի ուտեստներից մի քանիսը ռեստորանային գնից շատ էժան։
Տոներ Եւ Փառատոներ
Ինդոնեզիայի օրացույցը արտացոլում է նրա կրոնական բազմազանությունը: Ռամադանի ավարտը նշող Այդ ալ-Ֆիտր առաջացնում է երկրի ամենամեծ տարեկան միգրացիան, որի հետեւանքով միլիոնավոր մարդիկ վերադառնում են տուն՝ ընտանիքի հետ տոնելու համար: Նիեպին՝ բալիական լռության օրը, տարին մեկ անգամ կղզին վերածում է գրեթե լռության. փողոցները դատարկվում են, իսկ օդանավակայանը փակվում է քսանչորս ժամով: Անկախության օրը՝ օգոստոսի 17-ը, քաղաքներն ու գյուղերը լցվում են դրոշի բարձրացման արարողությամբ եւ ուրախ մրցույթներով: Հինդուիստական, մուսուլմանական, քրիստոնեական եւ բուդդայական տոները նշվում են ամբողջ կղզեխմբում, հաճախ նույն քաղաքում:
Ճամփորդական Խորհուրդներ
Ինդոնեզիայում հեռավորությունները ավելի մեծ են, քան թվում են քարտեզի վրա, եւ կղզիների միջև տեղաշարժը սովորաբար պահանջում է թռիչքներ, այլ ոչ թե ճանապարհներ։ Տաճարներ ու մզկիթներ այցելելիս հագնվե´ք համեստ, եւ ձեզ հետ վերցրե´ք սարոնգ (տեղական ավանդական զգեստ) այն վայրերի համար, որոնք այն պահանջում են։ Շուկաներում սակարկելը սովորական է, թեև առեւտրի կենտրոններում ու ռեստորանների մեծ մասում սահմանված են ֆիքսված գներ։ Բալին ունի բոլորովին նույն կլիման տարվա ընթացքում։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը տատանվում է 20-ից 33 աստիճան ցելսիուսի միջեւ։ Չոր սեզոնը, ապրիլից մինչև հոկտեմբեր, առաջարկում է ամենահուսալի եղանակը կղզիների միջև ճանապարհորդելու համար, մինչդեռ անձրեւային սեզոնը բերում է հորդառատ անձրեւներ, որոնք արագ անցնում են։
Մագելլանյան Դիտարկումներ
Մագելլայնի կարծիքով, Ինդոնեզիան հեշտությամբ չի բացահայտվում։ Այն պահանջում է ժամանակ, համբերություն եւ պատրաստակամություն՝ դանդաղորեն կղզուց կղզի տեղափոխվելու համար, այլ ոչ թե շտապելու նախապես պլանավորված անելիքների ցանկով։ Նրանք, ովքեր այդ ժամանակը տրամադրում են, գտնում են մի հազվագյուտ բան. մի երկիր, որտեղ հին ծեսն ու առօրյա կյանքը մնում են նույնը, որտեղ ամեն առավոտ տաճարում թողնված զոհաբերությունը նույնքան իմաստալից է թվում, որքան դարեր առաջ։ Ինդոնեզիայով ճանապարհորդելը մեզ սովորեցնում է հասկանալ, որ որոշ վայրեր նախատեսված չեն պարզապես տեսնելու համար. դրանք ստեղծված են զգալու համար։
Մագելլայնի համար Ինդոնեզիան խորհրդանշական նշանակություն ունի։ Մեր ապրանքանիշը ձեւավորվել եւ իր ոգեշնչումն է ստացել Ֆեռնան Մագելանի ժառանգության հիման վրա, եւ հենց Մոլուկյան կղզիներում` ներկայիս արեւելյան Ինդոնեզիայում, նրա անձնակազմը վերջապես հասավ Համեմունքների կղզիներին, որոնք եղել են ողջ նավարկության բուն նպատակը։ Մագելանի ամբողջական պատմությունը, եւ թե ինչպե՞ս է այն ձեւավորել շուրջերկրյա ճանապարհորդությանը նվիրված մի ապրանքանիշ, ներկայացված է մեր ուղեցույցում։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն