Լիբանանում առաջին բանը, որ նկատում ես, լույսն է։ Այն վաղ առավոտյան ծագում է Միջերկրականից՝ գունատ եւ արծաթափայլ, ապա բարձրանում է լանջերով եւ թվում է՝ ողջ ափեզերքը լուսավորվում է ներքեւից։ Մի տեղ բացվում է պատուհանի փեղկը, մեկ ուրիշ տեղ հիլով սուրճ է եռում։ Ապա աղոթքի կանչն ու եկեղեցու զանգերը հնչում են գրեթե միաժամանակ, եւ ոչ մեկը մյուսին չի հակադրվում, եւ դու հասկանում ես, որ եկել ես մի երկիր, որը հազարամյակների միջով անցնելով՝ սովորել է հակադրությունների մեկտեղմանը։
Լիբանանը փոքր է։ Այն կարելի է ծայրից ծայր անցնել մի քանի ժամում, իսկ ծովից արեւելյան հովիտ հասնել ավելի կարճ է տեւում։ Այս երկիրը կառուցված է քաղաքակրթական շերտերի վրա. մի քաղաքակրթությունը հաջորդում է նախորդին եւ որքան խորանում ես, այնքան սկզբնականը ավելի փոքր է թվում։
Մշակութային Շերտեր
Փյունիկյան վաճառականներն իրենց նավերը ջուրն են իջեցրել այս նավահանգիստներից։ Հռոմեացիներն այս բլուրներից քար են կտրել։ Խաչակիրները, օսմանցիներն ու ֆրանսիացիները բոլորն էլ իրենց հետքն են թողել, եւ նրանցից ոչ մեկը աննկատ չի հեռացել։ Այն, ինչ նրանցից մնացել է, ոչ թե թանգարան է, այլ առօրեական կյանքի բաղկացուցիչ մաս, որտեղ հռոմեական սյունը կարող է սրճարանի պատշգամբի անկյունը պահել, եւ ոչ ոք այն հիշատակման արժանի չի համարում։
Քսաներորդ դարը դժվար էր այստեղ, եւ քսանմեկերորդն էլ հեշտ չէ։ Լիբանանը դա չի թաքցնում։ Դա տեսանելի է չվերանորոգված ճակտոններում, ռեստորանների հետեւում բզզացող գեներատորներում, զրույցներում, որոնք թեքվում են դեպի քաղաքականություն եւ ապա նույնքան արագ՝ դեպի ճաշ։ Այստեղ ամենուր նկատելի է ապրելու համար համառ կամք, որը այցելուները արագ են նկատում։
Բնաշխարհ
Թեքվի´ր դեպի ներքին շրջաններ, եւ ճանապարհը գրեթե անմիջապես սկսում է բարձրանալ։ Սոճիներին հաջորդում են աստիճանավոր լանջեր, ապա մերկ մոխրագույն ծերպեր, ապա ձյուն, որը մնում է մինչ ուշ գարուն։ Դահուկորդներն ու լողորդներն այստեղ կիսում են նույն առավոտը, եւ լիբանանցիներն այդ մասին հիշատակում են գոհունակությամբ։
Մայրիները, որոնք այս երկրին տվել են իր խորհրդանիշը, դեռ կանգնած են բարձրադիր պուրակներում, որոնք ավելի հին են, քան այստեղով անցած ազգերի մեծ մասը։ Դրանց տակ կանգնելն ավելի հանգիստ է, քան կարող եք պատկերացնել։ Լեռնաշղթաների ներքեւում փռված է Բեքաան՝ խաղողի այգիների եւ ցորենի բերրի հովիտը, որտեղ օգոստոսյան օդը բուրում է փոշու եւ հնձած խոտի բույրով։ Կրկին անցի´ր լեռնագագաթը, եւ մեկ ժամում նորից ծովի մոտ ես։
Քաղաքներ
Մայրաքաղաք Բեյրութը կարծես վիճում է ինքն իր հետ. ապակյա աշտարակները երկինք են խոյանում փամփուշտներից վնասված շինությունների կողքին։ Պատկերասրահներ են բացվում հին պահեստներում։ Թաղամասը, որը կեսօրին թվում էր լուռ, ժամը տասնմեկին դառնում է ամենաաշխույժ փողոցը։
Հյուսիսում Տրիպոլին է՝ ավելի հին եւ տպավորիչ, որտեղ շուկաները օճառի եւ բոված սուրճի հոտ ունեն։ Հարավում ափամերձ քաղաքները պահում են իրենց նավահանգիստներն ու երկար հիշողությունը։ Բիբլոսը հավակնում է լինել աշխարհի ամենահին բնակեցված վայրերից մեկը, եւ, անկասկած նրա փոքրիկ նավահանգստում անցկացրած երեկոյից հետո կհամոզվես դրանում։
Հյուրասիրություն
Լիբանանյան հյուրասիրությունը ժեստ չէ։ Այն կառուցվածքային է։ Մեզեն գալիս է ալիքներով եւ շարունակում է գալ այն բանից հետո, երբ դու արդեն հանձնվել ես. հարթ ամանի մեջ հարթեցված հումուս, տաբուլե, որ կանաչ է ավելի շատ մաղադանոսից, քան ձավարից, տաք հաց, փոքր ափսեներ, որոնք չես պատվիրել եւ մերժել չես կարող։ Ճաշը տեւում է ժամեր։ Արաքը պղտորվում է բաժակում ջրի մի կումից։ Վերջում հայտնվում են մրգեր, ապա սուրճ, ապա զբոսանքի առաջարկ։
Գինին ևս սեղանի կարեւոր բաղադրիչն է։ Բեքաա միջլեռնային հովտում աճեցված խաղողի սորտերից գինին պատրաստվում է հնագույն ժամանակներից, եւ տեղի արտադրողները իսկապես պատրաստում են բարձրորակ կարմիր գինիներ։
Եղանակ
Գարնանը երկիրն իր լավագույն վիճակում է՝ լանջերը պատվում են վայրի կակաչներով, ափը տաք է, իսկ լեռները դեռ սպիտակ են։ Աշունը երկար է եւ ոսկեգույն, հովիտների եւ խաղողի այգիների համար լավագույնը։ Ամառը պատկանում է ծովին եւ բարձրադիր գյուղերին, ուր ընտանիքները փախչում են շոգից։ Ձմեռը բարձրադիր շրջաններին ձյուն է բերում, ներքեւում՝ անձրեւ, եւ ծածկի տակ լիառատ եւ հյուրընկալ սեղան։
Մինչ Ճանապարհորդությունը
Լիբանանը արդարացնում այն զբոսաշջիկների սպասելիքները, ովքեր ներկային նույնքան ուշադիր են, որքան անցյալին։ Տարածաշրջանում իրավիճակը կարող է արագ փոխվել, ուստի ամսաթվերը հաստատելուց առաջ ստուգեք պաշտոնական ճամփորդական հաղորդագրությունները եւ չվերթների արդիականությունը։ Լեզվական խոչնդոտ չկա. արաբերենը, ֆրանսերենը եւ անգլերենը ամենուր են։
Մագելլանյան Դիտարկումներ
Լիբանանը մերժում է պարզ եւ կանխատեսելի ճամփորդական երթուղու պլանավորումը եւ հենց այդ մերժումն է նրան դարձնում անմոռանալի։ Դուք գալիս եք մայրիների ու հին քաղաքակրթությունների հետքերով, իսկ հեռանում եք՝ մտքում պահելով լի սեղանը, ջերմ զրույցը, միջեկրածովյան տեսարանը եւ ջրի վրա շողացող լույսը, մինչ ինչ-որ մեկը համառորեն համոզում է ձեզ ուտել ևս մեկ պատառ։ Փոքր երկրները կարող են հսկայական թվալ։ Եվ, իրոք, Լիբանանը այդպիսին է։

Անգլերեն
Գերմաներեն
Իսպաներեն