Luxembourg
Countries / Luxembourg

Ճանապարհորդների մեծ մասն անցնում է Լյուքսեմբուրգով՝ նույնիսկ չնկատելով այն։ Մեքենայով երկուժամյա  ուղեւորություն Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև, մեկ անուն ճանապարհային ցուցանակի վրա եւ վերջ։ Նրանք, ովքեր կանգ են առնում, հայտնաբերում են գետի կիրճի մեջ փորագրված մայրաքաղաք, ամրոցներով ու ավազաքարե անտառներով հարուստ գյուղական բնաշխարհ եւ մի ազգ, որը խոսում է չորս լեզուներով։ Մեծ Դքսությունն իր փոքր չափերը օգտագործում է այնպես, ինչպես ոսկերիչն է օգտագործում շրջանակը. ոչինչ չի վատնում, ամեն ինչ մոտ է, և ամբողջ երկիրը կարելի է բացահայտել մեկ ամբողջական օրվա ընթացքում՝ առանց որեւէ շտապողականության զգացողության։

Մշակույթը Եւ Մարդիկ
Լյուքսեմբուրգցիներն ապրում են լեզուների միջև այնպես, ինչպես այլ ազգերն են ապրում եղանակների միջև։ Տանը՝ լյուքսեմբուրգերեն, խանութներում եւ պաշտոնական ամսագրերում՝ ֆրանսերեն, թերթերում՝ գերմաներեն, Կիրխբերգի գրասենյակային աշտարակներում՝ անգլերեն։ Սա շփոթություն չէ։ Սա յուրօրինակ թարգմանչական ազգային սովորույթ է, որը դարեր շարունակ թրծվել է ավելի մեծ հարեւանների խաչմերուկում, եւ այն ձեւավորում է առաջադեմ մտածողությամբ հասարակություն զարգացած հարեւանների միջավայրում:

Ազգային նշանաբանը՝ «Mir wëlle bleiwe wat mir sinn», նշանակում է՝ ուզում ենք մնալ այն, ինչ կանք։ Երկրի համար, որը պատմության ընթացքում ամրացվել, օկուպացվել եւ պայմանագրերով երաշխավորվել է ավելի հաճախ, քան մյուսները, այս խոսքերն իրական կշիռ ունեն։ Անկախությունն այստեղ ժառանգություն չէր։ Այն պահպանվել է լուրջ ջանքերի եւ հետեւողականության շնորհիվ եւ այդ հպարտությունը տեսանելի է ամենուր՝ Մեծ Դքսի պալատից մինչև ամենափոքր գյուղական համայնք։

Քաղաքներ
Լյուքսեմբուրգ քաղաքն աշխարհի միակ մայրաքաղաքն է, որի հին թաղամասերն ու ամրությություններն ամբողջությամբ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքը կառուցված է երկու մակարդակի վրա. վերին քաղաքը՝ իր զբոսայգիներով, բանկերով եւ պալատով, եւ ներքեւում գտնվող Գրյունդը՝ գետափնյա թաղամաս՝ քարե կամուրջներով, պատշգամբներով եւ գիշերային լուսավորությամբ, որը կարծես ստեղծված է հատուկ ռոմանտիկ ընթրիքների համար։ Բոկ Կազեմատները՝ ռազմական ինժեներների կողմից դարերի ընթացքում ժայռի մեջ փորված գետուղիների ցանց է, որոնցով այսօր էլ կարելի է շրջել:

Հարավում գտնվող Էշ-սյուր-Ալզետը երկրի երկրորդ քաղաքն է եւ նրա արդյունաբերական հիշողությունը։ Բելվալի դոմնային վառարանները պահպանվել են, գիշերը լուսավորվում են կարմիր լույսով, եւ նրանց ստվերում այժմ գործում է համալսարան։ Սա անցյալի ու ապագայի ամենատպավորիչ երկխոսություններից մեկն է Եվրոպայում։

Խոհանոց
Լյուքսեմբուրգի խոհանոցը ֆրանսիական նրբագեղության և գերմանական առատաձեռնության խաչմերուկ է: Ջադ մաթ Գաարդեբունենը (Judd mat Gaardebounen) ազգային ուտեստ է, որը պատրաստվում է ապխտած խոզի մսով եւ լոբով. այն յուրօրիակ համ ունի, որը բնորոշ է տեղանքին։ Արեւելյան սահմանին գտնվող Մոզելի հովտում արտադրվում է թարմ սպիտակ գինիներ, հիմնականում Ռիսլինգ (Riesling. օրինակ Château de Schengen Riesling) եւ Օսերուա (Auxerrois), իսկ Կրեման դը Լյուքսեմբուրգը (Crémant de Luxembourg) ոչնչով չի զիջում շատ ավելի մեծ համբավ ունեցող փրփրուն գինիներին:

Խաղողի այգիները կարելի է հեծանիվով անցնել մեկ կեսօրում՝ գետի տեսադաշտը ձեր աչքի առաջ համտեսի սրահից համտեսի սրահ անցնելով։

Գրոմերեկիչելխերը (Gromperekichelcher) շուկայի տաղավարներում տաք խրթխրթան կարտոֆիլային բլիթ է, որը սիրված փողոցային սնունդ է, հատկապես, երբ բացվում են Սուրբ Ծննդյան տոնավաճառները, եւ ամբողջ վերին քաղաքը լցվում է դրանց անուշահամ բույրով։

Եղանակը Եւ Բնությունը
Երկրի մեկ երրորդն անտառ է։ Մյուլլերթալը, որը հայտնի է որպես Լյուքսեմբուրգի Շվեյցարիա, ավազաքարե կիրճերի, մամռապատ ժայռերի և արահետների երկիր է, որոնք երբեմն անցնում են ճեղքերով, որոնք մի փոքր ավելի լայն են, քան զբոսաշրջիկի ուսերը: Հյուսիսում գտնվող Այսլեկի սարահարթը, պահպանում է միջնադարյան ամրոցները իրենց ողջ հմայնքով եւ, իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում Վիանդենին, որը վերականգնված է այնպիսի ամբողջականությամբ, որ միջնադարը թվում է ավելի մոտ, քան պետք է լիներ։

Գարունն ու աշունը քայլելու եղանակներն են, երբ հաճարենու անտառները փոխում են գույնը, եւ արահետները հանգիստ են։ Ամառը բերում է բացօթյա փառատոներ եւ գինու գյուղերի ամենաաշխույժ շրջանը։ Ձմեռը երկիրը սեղմում է մոմի լույսի, տաք գինու եւ մի մայրաքաղաքի հաճույքի մեջ, որը դատարկվում է եւ կարճ ժամանակով պատկանում է նրանց, ովքեր մնացել են։

Մինչ Մեկնելը
Լյուքսեմբուրգում ամբողջ հասարակական տրանսպորտն անվճար է։ Գնացքները, տրամվայներն ու ավտոբուսներն ամբողջ երկրով մեկ ոչինչ չեն արժենում. սա աշխարհում առաջին երկիրն է, որ գնաց այս քայլին։ Օգտվեք դրանից։

Հիմնվեք մայրաքաղաքում, բայց մի մնացեք միայն այնտեղ։ Վիանդենը, Էխտերնախը եւ Մոզելը բոլորն էլ մեկ ժամվա հեռավորության վրա են։

Մայրամուտին քայլեք մայրաքաղաքի Շեմին դը լա Կորնիշով (Chemin de la Corniche)։ Այն համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ պատշգամբը, եւ այդ նկարագրությունը ճշգրիտ է։

Սովորեք «moien» բառը, որը նշանակում է բարեւ, կիրառելի է օրվա ցանկացած ժամի, եւ լյուքսեմբուրգցիները նկատելիորեն ջերմանում են այն օգտագործող հյուրերի հանդեպ։

✦ ✦ ✦

Մագելլանյան Հետհայացք
Եվրոպան Լյուքսեմբուրգում պահում է իր պայմանագրերը, բանկերն ու լրահոսը։ Բայց այնտեղ պահվում է նաև ավելի կարեւոր մի բան. ապացույցը, որ փոքր երկիրը, բավական համբերատար լինելով, կարող է մնալ հենց այն, ինչ այժմ կա։ Գնացեք եւ տեսեք՝ ինչպիսին է այն։