2026-09-18 15:30:00
Կիոտոն ավելի քան հազար տարի եղել է Ճապոնիայի կայսերական մայրաքաղաքը։ Այսօր քայլելով դրա փողոցներով՝ հասկանում ես, թե ինչու կայսրերը երբեք չեն լքել այն։ Քաղաքը պահպանում է իր պատմությունն այնպես, որ այն թվում է ոչ թե պարզապես պահպանված անցյալ, այլ կենդանի առօրյա։ Զբոսաշրջիկները գալիս են՝ ակնկալելով տեսնել տաճարներ ու այգիներ, սակայն հեռանում են՝ զգալով ինչ-որ ավելի խորը ոգեղենություն։
Ֆուշիմի Ինարի-Տայշա Սրբավայրը
Վառ կարմիր «տորի» դարպասները պատկերված են Կիոտոյի գրեթե բոլոր լուսանկարներում։ Հազարավոր այդպիսի դարպասներ ձգվում են դեպի լեռան լանջը՝ ստեղծելով գունավոր թունելներ, որոնք կարծես այլ աշխարհից լինեն։ Այցելե´ք վաղ առավոտյան՝ մինչև մարդկանց հոսքի սկսվելը։ Արշալույսին արահետն այնքան լուռ է, որ կարելի է լսել դարպասների միջով անցնելիս սեփական քայլերի արձագանքը։
Յուրաքանչյուր դարպաս նվիրատվություն է՝ թողնված օրհնություն կամ երախտագիտություն հայցող մարդու կողմից։ Խորանալով ներս՝ տեսնում եք, որ դարպասները փոքրանում են, իսկ արահետը՝ նեղանում։ Այցելուների մեծ մասը հետ է դառնում ճանապարհի կեսից։ Եթե շարունակեք ընթացքը, լեռան վրա կբացվեն պուրակներ ու լուռ սրբավայրեր, որոնք քչերն են նկատում։ Հենց այստեղ է թաքնված Ֆուշիմիի իրական կախարդանքը։
Արաշիյամա Բամբուկի Պուրակ
Բամբուկի անտառում զգացողությունն այնպիսին է, կարծես հայտնվել ես մի երազում եւ չկա ցանկություն արթնանալու։ Կանաչ բարձր ցողունները լիովին շրջապատում են քեզ։ Լույսն այնպես է թափանցում ներս, որ լուսանկարելն անիմաստ է դառնում։ Տեսախցիկը երբեք չի կարողանա փոխանցել այն զգացողությունը, թե ինչ է նշանակում գտնվել մի միջավայրում, որը միաժամանակ և՛ կենդանի է, և՛ անշարժ։
Այցելե´ք վաղ առավոտյան կամ մայրամուտից անմիջապես առաջ։ Ցերեկային ժամերին հավաքվող բազմությունը պուրակը վերածում է լուսանկարվելու հարթակի։ Սակայն օրվա սկզբին կամ վերջին՝ լույսի փոփոխման պահին, կհասկանաք, թե ինչու են բանաստեղծները դարեր շարունակ գրել այս վայրի մասին։ Քամուց շարժվող ցողունների ձայնը բավական է՝ ամենաաղմկոտ մտքերը հանդարտեցնելու համար։
Կինկակու (Ոսկե Տաղավարի Տաճար)
Այս բուդդայական տաճարի վերին երկու հարկերը պատված են ոսկու թերթիկներով, իսկ լիճը կրկնապատկում է այդ տեսարանը՝ արտացոլելով այն իր ջրերում։ Այն անիրական տեսք ունի, քանի որ ոչ մի լուսանկար չի կարող նախապես փոխանցել դրա իրական գույնը։ Շինությունը ջրի վրա է՝ կարծես հազիվ հպվելով դրա մակերեսին։
Տաճարն ավերվել է հրդեհից 1950 թվականին եւ վերակառուցվել ճիշտ այնպես, ինչպես եղել էր նախկինում։ Այստեղ կանգնած շինությունը միաժամանակ և՛ հին է, և՛ նոր։ Տաճարը շրջապատող այգիները նույնքան կարեւոր են, որքան բուն տաղավարը։ Մամուռը, ջուրն ու քարերը դասավորված են այնպես, որ ուղղորդում են և՛ հայացքը, և՛ միտքը։ Յուրաքանչյուր դետալում ներդրված է կուռ համբերատարություն։
Գիոն Թաղամաս
Սա այն վայրն է, որտեղ գեյշաները (թեյատներում եւ ավանդական ճապոնական հյուրանոցներում աշխատող կանայք, ովքեր զբաղեցնում են իրենց հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով) դեռեւս շտապում են հանդիպումների՝ մթնշաղին անցնելով նեղլիկ փողոցներով։ Փայտե «մաչիյա» տները ներկված են մուգ մոխրագույն եւ շագանակագույն գույներով, իսկ դրանց ցանցկեն պատուհանները ներսից լուսավորված են։ Բավական է ճիշտ պահին մտնել Գիոն, եւ թվում է՝ ժամանակը փոխում է իր ընթացքը։
Այստեղի ռեստորաններում պատրաստվող ուտեստների վարպետությունը յուրացնելու համար տարիներ են պահանջվում։ Նույնիսկ պարզ սննդի կետերում աշխատելու համար հատուկ ուսուցում է անհրաժեշտ։ Եթե ցանկանում եք նստել եւ ճաշել, պետք է նախապես՝ շաբաթներ առաջ ամրագրում կատարեք, իսկ հաճախ անհրաժեշտ է լինում նաև տեղաբնիկի երաշխավորություն։ Սակայն պարզապես զբոսնելն ու հին փայտի ու կղմինդրի վրա ընկնող լույսը դիտելը նույնպես բավական է։ Գիոնում ձեզանից պահանջվում է միայն դանդաղ ընթացք եւ ուշադրություն։
Կիյոմիձու-Դերա (Մաքուր Ջրի Տաճար)
Այս տաճարի փայտե հարթակը դուրս է ցցված ժայռից՝ կախված լինելով ստորոտում գտնվող Կիոտոյի հովտի վրա։ Դարեր շարունակ ուխտավորներն այստեղից ցած են նետվել՝ հրաշք կամ մահ փնտրելով։ Նրանց մեծ մասը ողջ է մնացել անկումից հետո, ինչը համարվել է աղոթքների կատարման ապացույց։ Այժմ դուք պարզապես կանգնում եք հարթակի վրա եւ նայում շուրջբոլորը։ Տեսարանը բացվում է դեպի ամբողջ քաղաքը։
Տաճարի ներսում սրբազան աղբյուրի ջուրը հոսում է երեք առվակով։ Այցելուները ափերի մեջ ջուր են հավաքում եւ խմում. յուրաքանչյուր առվակ տարբեր օրհնություն է խորհրդանշում։ Ջուրը սառն է եւ քարի համ ունի։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում՝ այն համտեսելու համար։
Փիլիսոփայի Արահետ
Ջրանցքի երկայնքով ձգվող այս արահետը բնակելի թաղամասի միջով միմյանց է կապում երկու տաճար։ Արահետի երկայնքով բալենիներ են տնկված, իսկ ջրում կատարելապես արտացովլում է ամեն ինչ։ Մյուս տաճարների համեմատ՝ այստեղ գրեթե մարդ չկա։ Ուսանողներն ու տեղացիները այն օգտագործում են որպես կարճ ճանապարհ։ Զբոսաշրջիկները, ովքեր հայտնաբերում են այս վայրը, հաճախ ժամերով նստում են ափին՝ առանց որևէ կոնկրետ բան անելու։
Մագելլանյան Դիտարկումներ
Կիոտոն բացահայտելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու բան՝ համբերատարություն եւ ուշադրություն. շտապելու դեպքում կանցնեք քաղաքի միջով, կտեսնեք միայն բացիկներ։ Բայց եթե կանգ առնեք, վաղ արթնանաք ու զբոսնեք մայրամուտին, քաղաքը ձեզ կբացահայտի խորհրդավոր ինչ-որ բան՝ լի ոգեղենությամբ։ Ահա թե որն է տարբերությունը Կիոտո պարզապես այցելելու եւ այն հասկանալու միջև։