2026-11-27 23:05:00
Հալոնգ ծովածոցի մասին կա մի լեգենդ. շատ վաղուց, երբ նվաճողները ներխուժեցին ծովածոց, աստվածները վիշապների մի ընտանիք ուղարկեցին՝ պաշտպանելու վիետնամցիներին։ Վիշապները ջրի մեջ թքեցին գոհարներ ու նեֆրիտ, եւ այդ քարերից կղզիներ աճեցին, որոնց բախվելով փշրվեց թշնամու նավատորմը։ Մայր վիշապին այս վայրն այնքան դուր եկավ, որ նա մնաց այստեղ։ Հալոնգ անունը նշանակում է «իջնող վիշապ»։
Քարե Ծով
Բակբոյի ծոցի զմրուխտե ջրերից վեր են բարձրանում հազար վեց հարյուրից մինչև երկու հազար կրաքարե կղզիներ։ Ոմանք բարձր են ու սրածայր, մյուսները՝ կլոր, որոնք քնած կենդանիների են հիշեցնում։ 1994 թվականին Հալոնգ ծովածոցն իր գեղատեսիլ բնության համար ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում, 2000 թվականին ցանկում ավելացվեց նաև երկրաբանական նշանակությունը, իսկ 2023 թվականին տարածքն ընդլայնվեց՝ ներառելով Կատբա արշիպելագը։
Կղզիների մեծ մասն անմարդաբնակ են։ Քամին, անձրեւն ու ծովը միլիոնավոր տարիներ շարունակ ձեւավորել են դրանք՝ ներսում փորելով քարանձավներ։ Սունգ Սոտ (Sung Sot) քարանձավն այնքան ընդարձակ է, որ 1901 թվականին այն հայտնաբերած ֆրանսիացիներն այն անվանել են «Անակնկալների քարանձավ»։ Թիեն Կունգը (Thien Cung)՝ «Երկնային պալատը», լի է ստալակտիտներով, որոնք, մի փոքր երեւակայություն գործադրելու դեպքում, կարող են հիշեցնել վիշապների, փղերի կամ սիրահար զույգերի։
Կյանքը Ջրի Վրա
Սերունդներ շարունակ ձկնորսների ընտանիքներն ապրել են հենց ծովածոցում՝ լողացող գյուղերում։ Տները կանգնած էին լաստերի վրա, երեխաները թիավարելով գնում էին դպրոց, իսկ շները հսկում էին փայտե պատշգամբները։ 2014 թվականին ընտանիքների մեծ մասը տեղափոխվեց ցամաք, բայց լողացող գյուղերը մինչ օրս մնում են ծովածոցի յուրատեսակ տեսարաններից մեկը։ Ձկնաբուծարանները դեռևս գործում են լաստերի վրա մեկուսացված ծոցերում, եւ ճանապարհորդները կարող են ուսումնասիրել այս ջրերը բամբուկե նավակով կամ կայակով՝ հաճախ ուղեկցորդների հետ, որոնց ընտանիքները մի ժամանակ ապրել են այստեղ:
Ծովն այսքան լավ ճանաչող մարդիկ միշտ էլ բանիմաց են եղել՝ ինչպես պաշտպանել այն։ 1288 թվականին մոտակա Բախ Դանգ գետի վրա զորավար Չան Հունգ Դաոն հրամայեց գետի հատակին խրել սրածայր փայտե ցցեր։ Մակընթացության ավարտից հետո Խուբիլայ խանի մոնղոլական նավատորմը հայտնվեց թակարդում եւ ոչնչացվեց։
Տիտոպ Կղզի
Բարձրացե´ք Տիտոպ կղզու մոտ 400 աստիճաններով՝ ծովածոցի տպավորիչ տեսարանը վայելելու համար։ Կղզին կրում է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովի անունը, որը 1962 թվականին այստեղ էր եկել Հո Շի Մինի հետ։
Տոներ Եւ Ավանդույթներ
Տետը՝ լուսնային Նոր տարին, ամենամեծ տոնն է։ Ընտանիքները մաքրում են տները, այցելում պագոդաներ (բուդդայականական կամ հինդուիստական պաշտամունքային կառույցներ) եւ միմյանց հյուրասիրում կպչուն բրնձից պատրաստված քառակուսի կարկանդակներով։ Գարնանը քաղաքում հաճախ անցկացվում է Հալոնգի կառնավալը, երբ ծովափնյա զբոսավայրը լցվում է երաժշտությամբ, տարազներով ու երթերով։ Կուաոնգ տաճարում տեղացիները մեծարում են Չան Կուոկ Տանգին՝ Չան Հունգ Դաոյի որդուն։ Տոնական շրջանը տեւում է լուսնային օրացույցի առաջին երեք ամիսները, իսկ գլխավոր օրը երկրորդ լուսնային ամսվա երրորդ օրն է։
Հալոնգի Համերը
Պատվիրե´ք չա մըկ (chả mực)՝ Հալոնգի հայտնի կաղամարի կոտլետները։ Թարմ կաղամարը ձեռքով ծեծում են քարե սանդում, ապա տապակում մինչև ոսկեգույն դառնալը։ Այն ունի հաճելի բույր եւ կարելի է ուտել կպչուն բրնձի հետ կամ փաթաթված «բան կուոն»-ի (bánh cuốn)՝ շոգեխաշած բրնձի փափուկ գլանակների մեջ։ Քաղաքի ծովամթերքի ռեստորաններում այն մատուցում են թարմ վիճակում, իսկ շատ խանութներում վաճառում են վակուումային փաթեթավորմամբ՝ տուն տանելու համար։ Համարձակների համար կա «սա սունգ» (sá sùng)՝ ծովային որդ, որը տեղացիները չորացնում եւ օգտագործում են «ֆո» (pho) ապուրի արգանակը քաղցրացնելու համար։
Ինչպե՞ս Լավագույնս Բացահայտել Հալոնգը.
Գոնե մեկ գիշեր անցկացրե՛ք ջրի վրա։ Մեկօրյա էքսկուրսիաները ձեզ կտան բացիկի տեսարան, բայց մայրամուտից հետո ծովածոցը փոխվում է։ Զբոսանավերը հեռանում են, ժայռերը մուգ կապույտ են դառնում, եւ կաղամար որսացող ձկնորսները ջրի վրա վառում են իրենց լապտերները։
Նրանք, ովքեր փնտրում են հանգստություն, սովորաբար ուղեւորվում են դեպի արեւելք՝ Բայ Տու Լոնգի (Bai Tu Long) կամ Կատ Բա (Cat Ba) կղզու մոտ գտնվող Լան Հա (Lan Ha) ծովածոցերը։ Վաղ առավոտյան կայակ վարձելու լավագույն ժամանակն է։ Թիավարեք մինչև թաքնված ծովախորշը, որտեղ կլսեք միայն թռչունների ձայնն ու ջրի խշշոցը։
Այցելության լավագույն շրջանը սովորաբար հոկտեմբերից ապրիլն է։ Ամռանը շոգ է եւ թայֆունների վտանգ կա, իսկ ձմեռային առավոտները կարող են մառախլապատ լինել։
Ծովածոցը փխրուն է, ուստի ընտրեք նավարկության այնպիսի օպերատորներ, որոնք պատասխանատու կերպով են վերաբերվում թափոններին, եւ երբեք մի դիպչեք քարանձավների գոյացություններին։
Ինչպե՞ս Հասնել
Ամենամոտ օդանավակայանը Վանդոնի միջազգային օդանավակայանն (VDO) է, թեև տեղափոխման ժամանակը կախված է նրանից, թե որտեղ է ձեր հյուրանոցը կամ որտեղից է մեկնում նավարկությունը։ Sun PhuQuoc Airways ավիաընկերությունը Հոշիմինից ուղիղ չվերթներ է իրականացնում 2026 թվականի հունիսի կեսից, իսկ նույն տարվա օգոստոսից չվերթները դարձել են ամենօրյա։ Մեկնելուց առաջ ստուգեք չվերթների արդի ժամանակացույցը։ Հանոյի Նոյբայ օդանավակայանից (HAN) ճանապարհը, կախված երթեւեկությունից, տեւում է մոտ երկուսուկես կամ երեք ժամ։
Հալոնգի Հմայքը
Հալոնգն ապրում է իր սեփական ժամանակաշրջանի մեջ։ Այս կղզիները միլիոնավոր տարիների ընթացքում արարվել են ծովի կողմից։ Լուսաբացին կանգնե´ք տախտակամածին եւ հետեւե´ք, թե ինչպես է մի ժայռը ոսկեգույն դառնում, մինչ մյուսը դեռ ստվերում է, մինչև որ ժամերն աննկատ հալվում են։
Ըստ լեգենդի՝ այստեղ բնակություն է հաստատել մի վիշապ եւ այլևս չի հեռացել։ Մի քանի օր նվիրե´ք ծովածոցին, եւ կհասկանաք, թե ինչու՞....