2026-10-25 11:56:00
Ըստ ավանդության՝ 16-րդ դարում պորտուգալացի նավաստիները Թայվանն անվանել են «Իլյա Ֆորմոզա» (Ilha Formosa)՝ «Գեղեցիկ կղզի»։ Ամեն դեպքում, այդպես է պատմությունը։ Մայրաքաղաք Թայպեյը գտնվում է կղզու հյուսիսում՝ հրաբխային բլուրներով շրջապատված գոգավորության վրա։ Այստեղ հաճախ է անձրեւում։ Մարդիկ անձրեւանոցներ են կրում այնպես, ինչպես ուրիշները կրում են պայուսակներ, իսկ քաղաքն ապրում է իր աշխույժ առօրեական կյանքով։ Այն լավագույնս բացահայտելու համար հարկավոր է մեկ ամբողջական օր տրամադրել՝ սկսելով վաղ առավոտից։
5:30-ին՝ Փղի Լեռ (չինարեն՝ 象山)
Մետրոյով հասեք Սյանշան կայարան եւ քայլեք մինչև արահետի սկիզբը։ Աստիճանները զառիթափ են։ Քսան րոպե, ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք։ Վերելքը կտեւի քսան րոպե (ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք)․ մի զարմացեք, եթե ձեզ շրջանցեն սպորտային հագուստով ալեհեր տղամարդիկ, ովքեր ամեն առավոտ այստեղ են լինում։ Գագաթին գտնվող ժայռերից բացվում է ուղիղ տեսարան դեպի «Թայբեյ 101» երկնաքերը։ Ամպամած առավոտներին աշտարակը «չքվում» է՝ անհետանալով մոտավորապես քառասուներորդ հարկի մակարդակում, ինչն ինքնին տպավորիչ է։ Իջնելուց հետո նախաճաշե´ք՝ խմելով տաք սոյայի կաթ ու համտեսելով «յուտյաո» (youtiao). տապակած խմորից պատրաստված երկար ձողիկներ:
8:00-ին՝ Լունշան Տաճար
Լունշան տաճարն ունի իր սեփական մետրոյի կայարանը, որը խոսում է նրա կարեւորության մասին։ Այն 1738 թվականին կառուցել են Ֆուցզյանից եկած վերաբնակները։ Տաճարն այրվել է, վնասվել է երկրաշարժերից, իսկ 1945 թվականին ուղիղ հարված է ստացել դաշնակիցների ռմբակոծությունից։ Գլխավոր սրահում գտնվող Գուանյին աստվածուհու արձանը հրաշքով պահպանվել է այդ հարձակման ժամանակ, եւ մարդիկ առայսօր խոսում են այդ մասին։ Ուշադրությու´ն դարձրեք կիսալուսնաձեւ կարմիր փայտե իրերին։ Մարդիկ հարց են տալիս, դրանք գցում գետնին եւ պատասխանը կարդում՝ ելնելով նրանից, թե ինչ դիրքով են դրանք ընկել։ Եթե մեկը ընկնում է հարթ, իսկ մյուսը՝ կլոր կողմով դեպի վեր, դա նշանակում է «այո»։
11:00-ին՝ Դիհուայի Փողոց
Սա հին Թայպեյն է։ Այստեղ տասնիններորդ դարում Դադաոչեն թաղամասից գետով թեյ եւ կամֆորա էին ուղարկում, իսկ վաճառականները կառուցում էին փորագիրճակտոններով բարձր շենքեր, որոնք ծառայում էին և՛ որպես խանութ, և՛ որպես բնակարան։ Դրանք կանգուն են մինչ օրս։ Այսօր այստեղ վաճառում են չորացրած շիիտակե սունկ, ծովային խեցեմորթ, խոտաբույսեր, գործվածքներ եւ բազմատեսակ չրեղեն։
Այստեղ է գտնվում նաև Սյահայ քաղաքային աստվածության տաճարը (Xiahai City God Temple): Այն փոքր է։ Մարդիկ այստեղ գալիս են Յուե Լաոյի՝ ամուսնության աստծո մոտ, ով, ըստ ավանդության, կարմիր թելով միմյանց է կապում ապագա զույգերին։ Շատերը հետո վերադառնում են՝ նրա համար հարսանեկան քաղցրավենիք բերելով։
14:00-ին՝ Բեյթոու
Բեյթոու կայարանում նստե´ք Սինբեյթոու տանող գնացքը։ Նախքան որեւէ բան տեսնելը կզգաք ծծմբի սուր հոտ։ Ջերմային հովիտը այգու վերին մասում է։ Դա գոլորշի արձակող կանաչ լճակ է, որի ջուրն այնքան տաք է, որ արգելված է ձեռք տալը։ Հետադարձ ճանապարհին կանցնեք հանրային գրադարանի կողքով՝ փայտե շենք, որի տանիքը ծածկված է բուսականությամբ։
Վտակի մոտ գտնվող բացօթյա հանրային բաղնիքը նախատեսված է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, ուստի ձեզ հետ լողազգեստ վերցրեք։ Հյուրանոցային բաղնիքները սովորաբար առանձնացված են՝ տղամարդկանց եւ կանանց համար, եւ այնտեղ մտնում են առանց հագուստի։ Մեկ ժամը լիովին բավարար է։ Դուրս կգաք մարմնում ծանրության եւ դանդաղաշարժության զգացումով, ինչն էլ հենց նպատակն է։
17:00-ին՝ Մաոկուն
Բեյթոուից այստեղ հասնելը մեկ ժամից ավելի է տեւում՝ ամբողջ քաղաքով մինչև Թայպեյի կենդանաբանական այգու կայարան։ Հետո ճոպանուղին է։ Եթե դեմ չեք ավելի երկար հերթ կանգնելուն, սպասե´ք ապակյա թափանցիկ հատակով խցիկին։
Մաոկունում թեյ են աճեցնում, հիմնականում Թիեկուանյին եւ Բաոչժուն։ Ճանապարհի երկայնքով թեյարաններում այն եփում են փոքրիկ կավե թեյամաններում, իսկ շատերը թեյի տերեւներով նաև ուտեստներ են պատրաստում։ Գտե´ք մի պատշգամբ, պատվիրե´ք թեյաման եւ մնացե´ք մինչև մութն ընկնի, մինչ ներքեւի գոգավորությունը կլցվի լույսերով։
19:30-ին՝ «Էլիզայի համար»
Թայպեյում գրեթե չկան հանրային աղբամաններ։ Աղբը հավաքվում եւ տեղափոխվում է բեռնատարներով, որոնցից յուրաքանչյուրը երաժշտություն է հնչեցնում՝ տեղեկացնելով իր մոտենալու մասին։ Սովորաբար դա Բեթհովենի «Էլիզայի համար» (Für Elise) ստեղծագործությունն է, երբեմն էլ՝ «Օրիորդի աղոթքը» (A Maiden's Prayer)։ Երբ հնչում է մեղեդին, նրբանցքների բնակիչները դուրս են գալիս՝ ձեռքներին աղբի կամ տեսակավորված վերամշակվող թափոնների տոպրակներ (ոմանք նույնիսկ գիշերազգեստով են)։ Մայթեզրին երկու րոպե զրուցելուց հետո բեռնատարը շարունակում է իր ճանապարհը։
21:00-ին՝ Ռաոհե Գիշերային Շուկա
Ռաոհեն մոտ 600 մետր երկարությամբ մեկ ընդհանուր փողոց է։ Մուտքը գտնվում է Սոնգշան կայարանի հարեւանությամբ՝ Ցիյու տաճարի մոտ։ Առաջին հերթը, որ կտեսնեք, պղպեղով կարկանդակների համար է։ Դրանք թխվում են կավե թոնրի ներսի պատին կպցնելով, եւ լցոնված են խոզի մսով, առատ սև պղպեղով ու կանաչ սոխով։ Այստեղ կարող եք համտեսել նաև խոզի կողիկներով եւ խոտաբույսերով ապուր, խորոված կաղամարներ, իսկ եթե համարձակ եք՝ նաև «հոտած տոֆու» (stinky tofu)։ Ճաշկերույթը կարող եք եզրափակել սառցե աղանդերով (shaved ice)։
23:30-ին՝ «Թայպեյ 101»
Այս ժամին դիտահարթակը փակ է լինում, ուստի շենքը կարող եք դիտել փողոցից։ 508 մետր բարձրություն ունեցող այս կառույցը ավարտին է հասցվել 2004 թվականին եւ վեց տարի շարունակ կրել է աշխարհի ամենաբարձր շենքի տիտղոսը։ Այս ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է բամբուկ՝ բաղկացած ութ մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ութ հարկ (չինական մշակույթում ութ թիվը հաջողություն բերող է համարվում)։ Վերին հատվածում ճոպաններով կախված է պողպատե 660-տոննանոց գունդ․ այն ծառայում է որպես կայունացուցիչ՝ թայֆունների եւ երկրաշարժերի ժամանակ աշտարակը կայուն պահելու համար։ Շենքի լուսավորության գույնը փոխվում է՝ կախված շաբաթվա օրից․ երկուշաբթի օրը այն կարմիր է, իսկ հետո, անցնելով ծիածանի բոլոր գույների միջով, կիրակի օրը դառնում է մանուշակագույն։
Մագելլանյան Դիտարկումներ
Մենք կարծում ենք, որ Թայպեյը լավագույնս կարելի է բացահայտել առանց խիստ պլանավորման։ Այստեղ ամեն ինչ մոտ է մետրոյի կայարաններին, քաղաքում անվտանգ է նույնիսկ ուշ գիշերին, իսկ փոքր խանութները մշտապես բաց են։ Ձեզ հետ անպայման անձրեւանոց վերցրե´ք։ Եվ տե´ղ պահեք երկրորդ ընթրիքի համար: