2026-10-08 00:00:00
Բուսանը Հարավային Կորեայի ամենամեծ ծովափնյա քաղաքն է եւ ամենաաշխույժ նավահանգիստը։ Այն գտնվում է թերակղզու հարավարեւելյան ծայրում, եւ թվում է՝ նրա յուրաքանչյուր փողոց ձգվում է դեպի ջուրը։ Նավահանգիստը լի է ձկնորսական նավակներով, թաղամասերը սեղմված են լեռների եւ ափի միջեւ, իսկ աղի ու խորոված ձկան բույրը ուղեկցում է ձեզ նույնիսկ մետրոյում։ Կորեայի երկրորդ քաղաքում չկա Սեուլին բնորոշ առօրեական դինամիկան։ Այն ապրում է իր ամենօրյա ռիթմով՝ աղմկոտ, ջերմ, առանց այլեւայլությունների եւ մի փոքր կոպիտ. եւ հենց դա էլ գրավում է ճանապարհորդներին։
Պատմություն Կերտած Քաղաք
Բուսանը դարեր շարունակ եղել է կարորագույն առեւտրային նավահանգիստ Ճապոնիայի եւ ամբողջ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ։ Նրա պատմության նշանակալից շրջանը Կորեական պատերազմն էր, երբ քաղաքն այդպես էլ մնաց կանգուն եւ դարձավ Հարավի ժամանակավոր մայրաքաղաքը։ Հարյուր հազարավոր փախստականներ լցվեցին այստեղ ու տներ կառուցեցին, որտեղ կարող էին, հաճախ զառիթափ լանջերին՝ օգտագործելով ձեռքի տակ եղած ցանկացած նյութ։ Այսօրվա Բուսանի մեծ մասն սկիզբ է առել հենց այդ տարիներից։ Նամ շրջանի ՄԱԿ-ի հուշահամալիր գերեզմանատունը, աշխարհում միակն է իր տեսակի մեջ, այն լուռ ու արժանապատվորեն է այդ հիշողությունը կրում է իր մեջ՝ խնամված մարգագետինների եւ բազմաթիվ երկրների դրոշներով եզերված։
Բուդդայականությունն այստեղ նույնքան խոր արմատներ ունի։ Բոմոսա տաճարը, որը հիմնադրվել է VII դարում Գոմձոնգ լեռան լանջերին, մինչ օրս անտառային արահետներով ընդունում է վանականներին ու այցելուներին: Բոմոսա տաճարի մոտ կա մոտ 6500 վիստերիայի ծառեր, եւ ամեն տարի գարնանը, երբ ծառերը փթթում են, ստեղծվում է հազվագյուտ տեսարան, որը եզակի է իր գեղեցկությամբ ողջ կորեական թերակղզում։ Բոմսա արժի այցելել նաև այստեղ պահվող հռչակավոր զանգի համար, որը պատրաստվել է Չոսոն դինաստիայի օրոք եւ ունի 127 սանտիմետր բարձրություն, իսկ շրջանային հատվածի տրամագիծը կազմում է 92,5 սանտիմետր։ Զանգը պատված է փորագիր արձանագրություններով, որտեղ արձանագրված է ստեղծման տարեթիվը, քաշը, ստեղծողի անունը եւ թե ում է նվիրված զանգը։
Վայրեր, Որտեղ Պետք է Այցելել
Փախստականների կողմից զառիթափ լանջին կառուցված Կամչխոն մշակութային նրբագեղ, բաց եւ մեղմ երանգներով տների ընդարձակ կասկադ է՝ որմնանկարներով, փոքրիկ պատկերասրահներով եւ տանիքներից դեպի նավահանգիստ բացվող տեսարանով: Հագե´ք հարմարավետ կոշիկներ. այստեղ աստիճանները անվերջ են թվում։
Հեդոն Յոնգունսան Կորեայի այն հազվագյուտ տաճարներից է, որոնք կանգնած են հենց ծովի ափին։ Ալիքները բախվում են ափամերձ ժայռերին, իսկ արեւածագին ամբողջ վայրը թաղվում է վառ ոսկեգույնի եջ։ Այս տաճարը կորեական բուդդիզմի Ջոգյե միաբանության հայտնի վանքերից մեկն է։ Կառուցվել է վանական Նաոնի կողմից Կորյո ժամանակաշրջանի վերջում՝ «Պոմունսա» անվամբ։ Կորեայի վրա ճապոնական ներխուժումների ժամանակ վանքը այրվել է, եւ պատերազմից հետո վանական Ունգանը սկսել է տաճարի վերակառուցումն ու ընդլայնումը։
Հեունդեը համարվում է ամենահայտնի լողափը՝ ավազից կազմված երկար աղեղ՝ բարձրահարկ շենքերի ֆոնի վրա: Գվանգալլին ավելի երիտասարդ եւ աշխույժ է, նրա սրճարանները նայում են Գվանգան կամրջին, որը լուսավորվում է գիշերը: Յոնդո կղզում Թեջոնդեի ժայռերն ուղիղ ծովն են իջնում, եւ տեղական արահետները բացահայտում են Բուսանը իր ամենաանհավանական տեսքով։
Ջրի մոտ, Չագալչի ձկան շուկայում, Բուսանի ամենօրյա եռուզեռն է իշում։ Ակվարիումների շարքերում պահվում են ութոտնուկներ, օձաձկներ, խեցգետիններ եւ այնպիսի արարածներ, որոնց դուք, հավանաբար, երբեք չեք տեսել: Կանայք, որոնք տեղացիների շրջանում հայտնի են որպես «Ջագալչի Աջիմաե», սերունդներ շարունակ եղել են այս շուկայի խորհրդանիշը: Ձուկն ընտրեք ներքեւում, եւ վերեւի հարկում այն կպատրաստեն ձեզ համար։
Խոհանոցը
Բուսանում ուտում են այլ կերպ, քան Կորեայի մնացած մասում։ Թվեջի գուկպապը (dwaeji gukbap)՝ խոզի մսով եւ բրնձով կաթնագույն ապուրը, քաղաքի ամենասիրելի եւ տարածված կերակուրն է. այն ուտում են օրվա ցանկացած ժամի՝ կանաչ սոխով ու մի գդալ աղած մանր ծովախեցգետնով։ Միլմյոնը (milmyeon)՝ սառը ցորենի արիշտան սառցե արգանակում, ծնվել է պատերազմի տարիներին, երբ հյուսիսից եկած փախստականներն իրենց հնդկաձավարի արիշտան հարմարեցրին ձեռքի տակ եղած ալյուրին։ Օմուկ (eomuk) կոչվող ձկան կոտլետները (fish cake) տեղի հպարտությունն են։ Դրանք վաճառում են ամեն անկյունում՝ տաք, շամփուրների վրա, մի բաժակ արգանակով։
Նամպո թաղամասում փնտրեք սսիաթ հոտտոկ (호떡 կամ Nampo Dong)՝ քաղցր տապակած բլիթներ, որոնք կտրում ու լցնում են արեւածաղկի եւ դդմի սերմերով։ Այն տաք հաց է, որը պատրաստվում է տտոկով, շաքարով եւ ալյուրով։ Իսկ եթե հայտնվեք Դոննեում՝ հին քաղաքում, պատվիրեք Դոննե փաջոն (Dongnae pajeon)՝ կանաչ սոխով հաստ բլիթ, որը ժամանակին մատուցում էին արքունիքին։
Տոներ Եւ Ավանդույթներ
Ամեն հոկտեմբեր Բուսանի Միջազգային Կինոփառատոնը քաղաքը լցնում է ռեժիսորներով, դերասաններով ու ֆիլմի սիրահարներով, եւ այն մինչ օրս Ասիայի ամենակարեւոր կինոիրադարձությունն է։ Աշնանը Բուսանի հրավառությունների փառատոնը Գվանալին վերածում է դեմքերի ծովի, որոնք նայում են, թե ինչպես է կամուրջը պայթում գույներով։ Գարնանը՝ Բուդդայի ծննդյան տոնից առաջ, տաճարները ծածկվում են լապտերների շարաններով, եւ Սամգվանսան վերածվում է լույսից հյուսված առաստաղի։
Ինչպես բոլոր կորեացիները, բուսանցի ընտանիքները հավաքվում են Սոլլալին (Seollal)՝ Լուսնային Նոր տարուն, եւ Չուսոկին (Chuseok)՝ աշնանային բերքի տոնին։ Շուկաները եռում են դեռ շաբաթներ առաջ, եւ մարդիկ վերադառնում են տուն՝ խոնարհվելու մեծերի առաջ, կիսվելու բրնձե թխվածքներով եւ այցելելու նախնիների շիրիմներին։
Բնակիչները
Տեղացիները խոսում են Գյոնգսանգի (Gyeongsang) բարբառով, որն օտարի ականջին կտրուկ ու արագ է հնչում։ Այլ քաղաքների բնակիչները երբեմն բուսանցիներին կոպիտ են անվանում, բայց մի երեկո անցկացրե´ք նրանց հետ, եւ կտեսնեք հակառակը։ Նրանք ուղիղ են, որովհետև թաքցնելու բան չունեն եւ չափազանց հյուրընկալ են։ Դիտե´ք «Լոտտե Ջայենթս» (Lotte Giants) թիմի բեյսբոլային խաղը Սաջիկ (Sajik) մարզադաշտում, եւ կլսեք քաղաքն ամբողջ ձայնով․ հազարավոր երկրպագուներ երգում են հին «Բուսան Գալմեգի» (Busan Galmaegi) երգը՝ գլուխներին նարնջագույն պլաստիկ տոպրակներ։ Ոչ ոք ձեզ ոչինչ չի բացատրում։ Դուք պարզապես միանում եք կենդանի քաղաքին։
Մագելլանյան Դիտարկումներ
Բուսանում ամենուր բուրում է ծովը։ Եկե´ք լողափերի եւ տաճարների համար, մնացե´ք մի աման գուկպապի եւ այն մարդու հետ զրույցի համար, ով ամբողջ կյանքն ապրել է այս նավահանգստի մոտ։ Գիմհեի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի հենց մատույցներում, իսկ թեթև երկաթուղին տերմինալից ուղիղ միանում է Բուսանի մետրոյին Սասան եւ Դեջո կայարաններում, այնպես որ մեկ ժամվա ընթացքում արդեն կլինեք Սոմյոնում կամ Հեունդեյում։