2026-10-12 00:00:00
Խաղաղ ջրերի վրայով Միյաջիմագուչիից դեպի Միյաջիմա կղզի անցնելիս, տեսնում եք, թե ինչպես է ծովից անմիջապես վեր հառնում հայտնի վառ կարմիր գույնի Իցուկուսիմայի հսկա կոթողը։ Սերունդներ շարունակ ճապոնացի արվեստագետներն այս վայրը դասել են երկրի լավագույն երեք տեսարժան վայրերի շարքին: Տեղացիները կղզին պաշտոնապես անվանում են Իցուկուսիմա։ «Միյաջիմա» անվանումը բառացի թարգմանվում է որպես «սրբավայր կղզի», որն արմատավորված է հնագույն պաշտամունքային սովորությներում։ Վաղ շրջանի ուխտավորները սրբազան էին համարում հողի յուրաքանչյուր թիզը։ Նրանք Իցուկուսիմա սրբավայրը կառուցել են մակընթացային գոտում փայտե հենասյուների վրա, որպեսզի ուխտավորները կարողանան մոտենալ եւ մտնել ներս՝ առանց սրբազան հողին ոտք դնելու։
Իցուկուսիմա Սրբավայրը Եւ Համանուն Կոթողը՝ «Տորիի» Մեծ Դարպասը
Զորավար Տայրա նո Կիյոմորին սրբավայրին իր խորհրդավոր տեսքը հաղորդել է 1168 թվականին։ Մակընթացության ժամանակ ջուրը բարձրացնում է ամբողջ համալիրը տղմուտ հատակից՝ դրա երկար կարմիր միջանցքները վերածելով ջրի վրա լողացող փայտե ավանի։ Տեղատվության ժամանակ ջուրը հետ է քաշվում՝ ի հայտ են գալիս փոքրիկ ջրափոսեր՝ լցված մանր խեցգետիններով ու թաց ավազով։ Այդ ժամանակահատվածում դուք կարող եք ոտքով հասնել մինչև Իցուկուսիմայի դարպասը։
Ներկայիս դարպասը կառուցվել է 1875 թվականին՝ կամֆորայի ծառի ամուր փայտից։ Այն ունի մոտ 17 մետր բարձրություն եւ առանց ստորգետնյա հենասյուների՝ իր իսկ հսկայական քաշի շնորհիվ կայուն կանգնած է ծովի հատակին։ 1996 թվականին համալիրը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։
Միսեն Լեռը
Կառույցների ետնաֆոնին երկինք է հառնում 535 մետրանոց Միսեն լեռը։ Լանջերը ծածկված են խիտ սաղարթախիտ անտառով, իսկ արահետները անցնում են մամռապատ ժայռերի ու լեռնային առուների կողքով։ Ոտքով վերելքը տեւում է մոտ երկու ժամ, բայց ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ճոպանուղով։ Գագաթին կան մի քանի փոքր տաճարներ, այդ թվում՝ Գումոնջիդոն՝ տաճար, որը հիմնադրվել է մ.թ. 9-րդ դարի սկզբին մեծ իմաստուն Կոբո Դաիշիի կողմից՝ Չինաստանից վերադառնալուց հետո: Այստեղ Ռեյկադո սրահում, անդադար վառվում է Կոբո Դայշին կողմից դեռևս 806 թվականին բորբոքած կրակը եւ այդ ժամանակից ի վեր այն առայսօր երբեք չի մարել։ 1964 թվականին այս կրակից մի բոց տարվեց Հիրոսիմա՝ Խաղաղության կրակը վառելու համար։ Գագաթից բացվում է Սետոյի ներքին ծովածոցը, որտեղ ուղեւորատար լաստանավերը մուգ կապույտ ծովը պատում են սպիտակ հետագծերով։
Տաճարները Եւ Եղնիկները
Լեռան ստորոտին է գտնվում Դայշոին (Daishoin) տաճարը։ Տարածքում շարված են ձեռագործ գլխարկներով զարդարված հարյուրավոր փոքր քարե արձանիկներ, իսկ աստիճանների բազրիքներին ամրացված են մետաղյա աղոթքի անիվներ, որոնք այցելուները կարող են պտտել։ Մոտակայքում է գտնվում Սենջոկակուն (Senjokaku)՝ չներկված փայտից կառուցված հսկայական դահլիճը, որի կառուցումը 1587 թվականին նախաձեռնվել էր Հիդեյոշի Տոյոտոմիի կողմից՝ պատերազմում զոհվածների հոգիների հանգստության համար։ Նրա մահից հետո ավարտին չհասցվեց շինարարությունը, ինչի հետեւանքով առաստաղը եւ մուտքը մնացել են անավարտ։ Ենթադրվում է, որ 27 մետր բարձրությամբ հինգ հարկանի պագոդան կառուցվել է 1407 թվականին՝ չինական եւ ճապոնական ճարտարապետական ոճերի ներդաշնակ համադրությամբ:
Քաղաքի փողոցներով ազատորեն շրջում են վայրի սիկա եղնիկներ։ Նրանք բավականին ընտելացած են եւ անկաշկանդ մոտենում են զբոսաշրջիկներին՝ հաճախ սիրով ծամելով իրենց ձեռքն ընկած թղթե քարտեզները կամ գնացքի տոմսերը։
Կղզու Համերը
Լավագույն ուտեստները կարելի է գտնել Օմոտեսանդո (Omotesando) փողոցում։ Հիրոսիմայի ծոցում արդյունահանվում են համաշխարհային մակարդակի ոստրեներ, որոնք վաճառողները փողոցում թարմ վիճակում խորովում են շիկացած ածուխների վրա։ Այստեղ կարող եք համտեսել նաև «մոմիջի մանջու» (momiji manju)՝ տերեւի տեսքով թխվածքներ՝ լցոնված կարմիր լոբու քաղցր մածուկով, ինչպես նաև «անագո մեշի» (anago meshi)՝ մատուցվող խորոված ծովային օձաձուկ համեմված բրնձով։ Ամեն աշուն կարմիր թխկիները վառ գույներով են պատում Մոմիջիդանի (Momijidani) այգին։
Օգտակար Խորհուրդներ
Միյաջիմագուչիից (Miyajimaguchi) լաստանավերը պարբերաբար են երթեւեկում, եւ ուղեւորությունը տեւում է մոտ տասը րոպե։ JR լաստանավի ծառայությունը ներառված է Japan Rail Pass-ի մեջ, ընդունվում են նաև ICOCA քարտեր, իսկ ուղղիղ ջրային երթուղիները կղզին կապում են Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրի հետ։ Տեղական իշխանությունները լաստանավի տոմսի հետ միասին գանձում են այցելուից փոքր վճար՝ 100 իենի չափով։ Տեղական ավանդական հյուրանոցում («ռյոկան») գիշերելով՝ հաղորդակից կդառնաք կղզու ոգեղեն ներաշխարհին. երբ մեկնում է օրվա վերջին նավը, ամբոխն անհետանում է, մութ ափին լապտերներ են վառվում, եւ լուսավորված «Տորիի» Մեծ դարպասը փայլում է գիշերային ծով վրա։
Մագելլանյան Դիտարկումներ
Այցելուների մեծ մասը Միյաջիմային հատկացնում է ընդամենը մի քանի ժամ եւ հեռանում՝ իր հետ տանելով Իցուկուսիմայի դարպասի լուսանկարը։ Սակայն կղզին ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ժամանե՛ք մակընթացության ժամանակ, սպասե՛ք, մինչև ծովի ջուրը հետ քաշվի, բարձրացե՛ք Միսեն լեռը, քանի դեռ լույսը մեղմ է, եւ մնացե՛ք մինչև ուշ երեկո, երբ լապտերների վառվող լույսերի տակ եղջերուները թափառում են խաղաղ փողոցներով։ Ճապոնիայում քիչ վայրեր կան, որոնք թույլ են տալիս այդքան մոտ լինել ու զգալ՝ հաղորդակից լինելով ճապաոնաական ոգեղեն ներդաշնակությանը։