2026-09-25 00:30:00
Օսական դարեր շարունակ եղել է առեւտրային կենտրոն, եւ այստեղ մարդիկ ավելի հյուրընկալ են, քան Ճապոնիայի մյուս տարածաշրջաններում։ Քաղաքն աղմկոտ է, առատաձեռն եւ մի փոքր համարձակ։ Տեղի հին ողջույնի խոսքը՝ «Մոկարիմակկան» (Mokarimakka), նշանակում է՝ արդյո՞ք գործերը լավ են ընթանում։
Քաղաքն անգամ հատուկ բառ ունի իր սիրելի սովորության համար․ «Կուիդաորե» (Kuidaore), որը նշանակում է «ուտել մինչև ուժասպառ լինելը»։ Եկե´ք քաղցած եւ հեռացե´ք հիշարժան պատմություններով։
Դոտոնբորի
Նամբա շրջանի ջրանցքի երկայնքով հսկայական նեոնային ցուցանակներ են տեղադրված, իսկ հսկա մեխանիկական ծովախեցգետինը դանդաղորեն շարժում է իր ոտքերը ռեստորաններից մեկի մուտքի վերեւում: Էբիսու կամրջի մոտ գտնվող հայտնի «Վազող մարդու» (Glico) լուսավորված ցուցանակը 1935 թվականից ի վեր կանգնած է կամրջի վերեւում՝ ձեռքերը վեր բարձրացրած, եւ ամբողջ գիշեր մարդիկ լուսանկարվում են նրա ֆոնին։
Եկե´ք մութն ընկնելուց հետո եւ հետեւե´ք ախորժաբեր բույրերին։ Տակոյակիի կրպակներում համտեսե´ք տակոյակի՝ խմորի փոքրիկ գնդիկներ՝ ներսում ութոտնուկ, որոնք պատրաստվում են թուջե թավայի մեջ ձեր աչքի առաջ: Օկոնոմիյակին կաղամբով եւ խոզի մսով համեղ նրբաբլիթը, պատրաստվում է անմիջապես ձեր սեղանի վրա տեղադրված տաք սալիկի վրա։ Եթե չգիտեք՝ ինչպես ուտել որևէ ուտեստ, խոհարարը սովորաբար ցույց կտա ձեզ։ Հանգստյան օրերին այստեղ մարդաշատ է լինում, ուստի ավելի հարմար է այստեղ այցելել աշխատանքային օրերի երեկոները։
Օսակայի Ամրոցը
Տոյոտոմի Հիդեյոշին ամրոցի կառուցումը սկսել է 1583 թվականին, չնայած հետագա դարերի ընթացքում այն մի քանի անգամ այրվել եւ վերակառուցվել է։ Սպիտակ ու կանաչ աշտարակը, որ տեսնում եք այսօր, թվագրվում է 1931 թվականով։ Ամրոցը վեր է հառնում քարե պարիսպների թիկունքում, որոնք այնքան հսկայական են, որ որոշ առանձին քարաբեկորներ կշռում են ավելի քան հարյուր տոննա։
Աշտարակի ներսում գտնվող թանգարանը նվիրված է իշանատենչ զորավարներին, ովքեր մարտնչել են դրա համար։ Դրսում ավելի տպավորիչ է։ Խրամի շուրջ գտնվող այգին գարնանը լցվում է բուրավետ սակուրայի ծաղկունքով, իսկ աշնանը գինկգոյի ծառերը ոսկեզօծում են արահետները։ Աշտարակը բացվում է առավոտյան ժամը իննին, եւ եթե այդ ժամին այցելեք, կկարողանաք հանգիստ շրջել վերին հարկով՝ նախքան զբոսաշրջային ավտոբուսների ժամանումը։
Կուրոմոն Իչիբայի Շուկա
Այս փակ շուկան Օսակային մատակարարում է թարմ մթերքներով դեռևս 19-րդ դարի սկզբից: Տեղացիների շրջանում այն հայտնի է «Օսակայի խոհանոց» անվամբ։ Մոտ 150 տաղավարներ են տեղակայված մոտ 600 մետր երկարությամբ փողոցի երկայնքով: Նրանք վաճառում են խորոված ծովախեցգետիններ, թարմ թյուննոս, ծովային ոզնի եւ սովորականից մեծ չափերով ճապոնական ելակ, ինչպես նաև տաղավարների մեծ մասն առաջարկում է տեղում ճաշելու հնարավորություն։
Այս վայրը այցելելու ամենահարմար ժամանակը առավոտյան ժամերն են, երբ ծովամթերքն ամենաթարմն է, եւ տաղավարները համեմատաբար քիչ մարդաշատ են։ Այցելելով այսեղ՝ դուք արագ կհասկանաք, թե ինչու են Օսակայում ուտելիքի մասին խոսում այնպես, ինչպես ֆուտբոլի մասին խոսում են մյուս քաղաքներում։
Շինսեկայ Եւ Ցուտենկակու Աշտարակ
Շինսեկայը կառուցվել է 1912 թվականին, իսկ դրա նախագծողները ոգեշնչվել են Փարիզի եւ Նյու Յորքի Քոնի Այլենդի օրինակներով։ Անվանումը նշանակում է «Նոր աշխարհ»։ Մեկ դար անց թաղամասը պահպանել է իր նոստալգիկ տեսքը՝ ռետրո ոճի խաղասրահներով, ձեռագործ նկարազարդ ցուցանակներով եւ փոքրիկ ժամանցի կետերով, որտեղ այցելուները ուտում են վաճառասեղանների մոտ։
Թաղամասի կենտրոնում է գտնվում Ցուտենկակու աշտարակը։ Ներսում տեղադրված է հաջողություն բերող աստվածություն Բիլիկենի արձանը, եւ այցելուները հաջողության ակնկալիքով շփում են նրա ոտնաթաթերը։ Տեղական յուրահատուկ ուտեստը կուշիկացուն է՝ պաքսիմատի փշրանքների մեջ տապակած միս եւ բանջարեղեն շամփուրների վրա։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրված է սոուսով ընդհանուր տարա, եւ արգելվում է շամփուրը կրկին թաթախել սոուսի ընդհանուր տարայի մեջ այն բանից հետո, երբ արդեն կծել եք այն։
Ումեդա Սքայ Երկնաքերը
Ումեդա Սքայ շենքը բաղկացած է երկու աշտարակից, որոնք վերնամասում միացված են շրջանաձեւ դիտահարթակով։ Փողոցից այն նման է հսկաների համար կառուցված դարպասի։ Այնտեղ հասնելու համար օգտվում են ապակե շարժասանդուղքներից, որոնք անցնում են աշտարակների միջև ընկած բաց տարածության վրայով։ «Լողացող այգի» (Floating Garden) կոչվող դիտահարթակը գտնվում է գետնից 173 մետր բարձրության վրա եւ ունի տանիքի շուրջը ձգվող բացօթյա անցուղի։
Այցելության համար լավագույն ժամանակը մայրամուտն է։ Կարելի է հետեւել, թե ինչպես են վառվում ստորեւ սփռված թաղամասերի լույսերը, իսկ պարզ եղանակին տեսարանը հասնում է անգամ մինչև Օսակայի ծոց։
Սումիյոշի Տայշա
Մեկ ժամով հետեւում թողե´ք նեոնային լույսերը։ Սումիյոշի Տայշան Ճապոնիայի ամենահին տաճարներից մեկն է, որն, ըստ ավանդույթի, հիմնադրվել է երրորդ դարում։ Նրա հիմնական սրահները պահպանում են հնագույն ոճը՝ ուղիղ տանիքներով եւ մուգ կարմիր փայտով՝ այն ժամանակաշրջանից, երբ բուդդայական տաճարները դեռ չէին ձեւավորել ճապոնական ճարտարապետությունը։
Այցելուները մուտք են գործում կամարակապ Սորիհաշի կամրջով. ըստ ավանդության՝ նրանք, ովքեր հատում են կամուրջ, մաքրագործվում են: Դարեր շարունակ նավաստիներն ու առեւտրականները աղոթել են այստեղ անվտանգ անցման եւ հաջող առեւտրի համար: Հին Հանկայ տրամվայը կանգ է առնում մուտքի մոտ, եւ բնակելի թաղամասերով անշտապ զբոսանքը դառնում է փորձառության բաղկացուցիչ մասը:
Մագելլանյան Դիտարկումներ
Կիոտոյում մի քանի օր անցկացնելուց հետո Օսական անակնկալ կերպով կարող է զարմացնել։ Մարդիկ ավելի աղմկոտ են, ուտելիքն՝ ավելի էժան, իսկ երեկոները՝ ավելի երկար։ Կիոտոն ցույց է տալիս, թե ինչպես է Ճապոնիան հիշում։ Օսական ցույց է տալիս, թե ինչպես է ապրում Ճապոնիան։ Քաղաքը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտելիք եւ տեղացիների հետ զրույցներ, եւ մեկ գիշերը սովորաբար բավարար է, որպեսզի դուք կրկին Օսակա վերադառնալու անհագ ցանկություն ունենաք։